Սեպտեմբերի 17- 19- ին «Հայաստանի լսողական սարքերի ծրագիրը» սարքեր կտրամադրի շահառուներին

Սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Խորենացու 15) կանցկացվի «Հայաստանի լսողական սարքերի ծրագրի» այս տարվա առաքելությունը:

Առաքելության նպատակն է լսողության խնդիրներ ունեցող չափահաս անձանց տրամադրել բարձրորակ լսողական սարքեր և անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ՝ հնարավորինս ամբողջական սպասարկում ապահովելով մեկ վայրում և մեկ օրվա ընթացքում։ Շահառուները կանցնեն ականջների զննում, լսողության ստուգում, կստանան համապատասխան լսողական սարք և դրա անհատական հարմարեցում։

Ծառայությունները, սակայն, չեն ավարտվում սարքի տրամադրմամբ։ Ծրագրի շրջանակում շահառուներին ամբողջ տարվա ընթացքում հասանելի կլինի հետխնամքի ծառայություն՝ ներառյալ մարտկոցների տրամադրում, անհրաժեշտության դեպքում սարքերի վերանորոգում և լրացուցիչ հարմարեցումներ։

Այս տարվա առաքելությունը ևս չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Մեծ թվով շահառուներ ներգրավված են նաև Գեղարքունիքի, Շիրակի  եւ այլ մարզերից։

«Հայաստանի լսողական սարքերի ծրագիրը» մեկնարկել է 2017 թվականին՝ Լոս Անջելեսում բնակվող Արմեն և Հայկուհի Կավուկչյանների ընտանիքի նախաձեռնությամբ։ Այն իրականացվում է Starkey Hearing Foundation-ի, «Արաբկիր» բժշկական համալիրի և «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ՝ բազմաթիվ կամավորների աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են Starkey ընկերության արտադրության լսողական սարքեր, որն աշխարհի առաջատարների շարքում է:

Մինչ օրս ծրագրի շրջանակում լսողական սարքեր է ստացել 7000-ից ավել մարդ։ Այս տարվա առաքելության ընթացքում նախատեսվում է սպասարկել շուրջ 1000 շահառուի։

Ծրագրի պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն է ունեցել 2021 թվականի առաքելությունը, որն ուղղված էր 2020 թվականի պատերազմի մասնակիցներին։ Այդ առաքելության շրջանակում մինչ օրս շուրջ 800 բարձրակարգ թվային սարք է տրամադրվել 400-ից ավել մարդու։ Շահառուների խոսքով սարքերի տրամադրումը զգալիորեն բարելավել է իրենց առօրյա հաղորդակցությունն ու կյանքի որակը։

Leave a Comment