9-րդ գումարման ԱԺ-ի առաջին հարցուպատասխանին կառավարության անդամներին հարց տալու համար գրանցվել է 56 պատգամավոր։ Օրենսդիրի անդամները գործադիրին տարբեր հարցեր են ուղղել՝ ռուսական ռազմաբազայից ու Թրիփ-ից մինչև Գանձասարի դիվանագիտական սկանդալ։ Վերջին թեմային անդրադառնալով վարչապետը նշել է, որ Հայաստանն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։
Ընդդիմությունը ցանկանում էր հենց վարչապետից լսել Գանձասարի հայկականության մասին պնդումը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ դրանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին: Եվ Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը»։
Ընմդդիմադիր պատգամավոր Լենա Մաթևոսյանը, սակայն, Հայաստանի վարչապետի պատասխանը ընկալեց որպես ուղիղ պատասխանից խուսափում։ Ընդդիմադիրների համար ընդունելի չէ փխրուն խաղաղությունը միակողմանի պաշտպանելու իշխանության գործելաոճը։
«Հուսով էի՝ կհաստատեք, որ Գանձասարը հայկական է, ու ես Ձեզ հորդորելու էի արտաքին գործերի նախարարից պահանջել բողոքի նոտա կազմել»։
Գանձասարի դեպքերի առնչությամբ Հայաստանը բողոքի նոտա չի ուղղի Ադրբեջանին։ Այդ առաջարկին Հայաստանի վարչապետը պատասխանում է այսպես․
«Այո, մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, որովհետև դա մեզ համար արժեք է։ Խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է։ Հիմա այս հարցուպատասխանի ընթացքում կարող ենք խաղաղությունը փլուզել հեշտությամբ, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի է անհրաժեշտ լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»։
Ընդդիմադիրներին հետաքրքրում է նաև այն հարցը, թե որն է Ադրբեջանի հետ շփումներում Հայաստանի կարմիր գիծը, որի դեպքում իշխանությունը Բաքվի առաջարկներին «ոչ» կասի։ Վարչապետի ներկայացմամբ՝ այդպիսի հարցեր արդեն եղել են։
«Ոչ միայն Ադրբեջանը, այլև ձեր քաղաքական հովանավորները, երբ ասում էին, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք` ոչ։ Եվ ոչ միայն ասել ենք` ոչ, այլև հասել ենք այդ «ոչ»-ին։ Եվ բազմաթիվ այդպիսի դեպքեր։ Այլ բան է, որ մենք չենք գալիս դրա մասին տարփողում տարբեր ամբիոններից»։
Մյուս հարցը, որն ընդդիմադիրների սրտով չէ, կապված է կառավարության կառուցվածքի հետ։ Նրանք բազմիցս քննադատել են Արտաքին գործերի նախարարության գործառույթներին միջազգային առևտուրն ավելացնելու որոշումը։ Նախարար Արարատ Միրզոյանը, սակայն, սա սովորական և բնականոն է համարում՝ նշելով այլ երկրների օրինակներ։

«Ժողովուրդ ջան, եկեք ուղիղ խոսենք։ Մեր արտաքին գործերի նախարարությունը վարել է հակամարտության և Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն։ Սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն։ Մենք առաջարկում ենք ունենալ այժմ ապրելու և այդ կյանքն ավելի անվտանգ, ապահով, հարմարավետ դարձնելու արտաքին քաղաքականություն։ Փիլիսոփայությունը, որը դրված է այդ փոփոխության հիմքում, կարծում եմ, սա է»։
Արարատ Միրզոյանն արդեն նաև օրինակներ ունի կառուցվածքը փոխած նախարարության արդյունավետության վերաբերյալ։
«Ունենք շատ հետաքրքիր ձեռքբերումներ, որ նախկինում մտքերովս չէր անցնի։ Հենց այսօր ես ստացել եմ մեր դիվանագետներից հաղորդագրություն-նկար՝ հայկական դեղձը Օմանում։ Միայն Ռուսաստան կամ Եվրոպական միություն չէ։ Մենք տեսնում ենք ԵՄ-ում ընթացող երեկ ընդունված որոշումը՝ ինքնավար առևտրի միջոցների, բայց նաև ուզում եմ ասել` աշխարհը սահմանափակված չէ այդ հատվածով։ Գնացեք Օման և կարող եք գնել արդեն հայկական դեղձ»։
9-րդ գումարման ԱԺ-ի առաջին հարցուպատասխանին գրանցվել էր 56 պատգամավոր։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները նոր խորհրդարանում շարունակում են լարված մնալ, ինչն արտացոլվում է անգամ պարզ շփումների մակարդակում։
«– Քանի որ միշտ պարոն Ռուբինյանը իմ դիմելաձևին ուշադիր է լինում, հիմա դիմեմ, որ հանկարծ չնեղվի։ Պարոն Փաշինյան։
-Ես հիշեցի, որ դուք այն պատգամավորն եք, որ այն նիստում ասել էիք` պարոն վարչապետ, տարել էին ձեզ անկյուն էին կանգնացրել։ Հիմա հարցը տալիս եք նրա համար, որ ասեք` պարոն Փաշինյան։ Ես չեմ նեղվում, բացարձակապես։ Կարևորը ձեզ անկյուն չկանգնեցնեն»։