Բաքու մեկնելու և այնտեղ պահվող հայերին տեսակցելու առաջարկ է հնչել Ազգային ժողովում։ Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է իշխանությունից և ընդդիմությունից կազմված պատվիրակություն ձևավորել և մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք՝ այնտեղ պահվող հայերին տեսակցելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու և ադրբեջանական կողմի հետ հարցեր քննարկելու համար։ Նախաձեռնությունն առաջինը չէ․ նման առաջարկներ արել են քաղհասարակության ներկայացուցիչներն ու Բաքվում պահվող հայերի հարազատները։ Բաքու այցելելու առաջարկ հնչել է նաև հենց Բաքվից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է 10 պատգամավորից կազմված պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու՝ տեսակցելու այնտեղ պահվող հայերին․
«Ձևավորել պատվիրակություն, «ՔՊ»-ից՝ 5 հոգի, «Ուժեղ Հայաստան»-ից՝ 3 հոգի, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ 2 հոգի և մեկնել Բաքու։ Նպատակը՝ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին։ Վերցնել դատավճիռները, հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան խանումին, նաև փորձել հանդիպել Ադրբեջանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին»։

Վարդանյանի առաջարկով՝ պատվիրակությունը պետք է գլխավորի հենց ԱԺ նախագահը, իսկ այցը պետք է կազմակերպի խորհրդարանական մեծամասնությունը և ադրբեջանական կողմը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի դատարաններում տեղի ունեցողը միջազգային նորմերի խախտում է․
«Մարդիկ զրկված են նույնիսկ իրենց դատավճիռներին ծանոթանալու իրավունքից։ Ադրբեջանը փակել է Կարմիր խաչի գրասենյակը։ Տեղեկություններ կան խոշտանգումների և բռնաճնշումների վերաբերյալ։ Այդ մարդիկ արժանապատվությամբ են կրում այս փորձությունը, որովհետև ազատ Արցախի արժանավոր զավակներ են։ Իրենց «մեղքը» միայն այն է, որ պայքարել են իրենց հայրենիքի ու ժողովրդի ազատության համար։ Բայց կրկնում եմ՝ հանձինս նրանց դատում են Հայաստանի Հանրապետությունը»։
Աղվան Վարդանյանի առաջարկին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձագանքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը Բաքվում պահվող հայերի հարցում օգտագործում է տարբեր գործիքներ՝ ներառյալ խորհրդարանական դիվանագիտության միջոցները․

«Մեր խմբակցության դիրքորոշումը և քաղաքականությունը կառավարության քաղաքականությունն է։ Մենք բազմիցս խոսել ենք, որ այդ հարցով կողմ ենք և գործում ենք այն սկզբունքով, որ ավելի շատ պետք է գործել, քան խոսել, և խոսելը շատ հաճախ ավելի կարող է վնասել այս գործին, քան օգնել։ Այսինքն՝ անկախ նրանից ընդդիմադիր պատգամավորը, խմբակցությունը կամ որևէ այլ կազմակերպություն կամ անհատ ինչ կնախաձեռնի, սրան ուղղված քայլերը իրականացվում են»։
Ադրբեջանում պահվող հայերի վերադարձին կառավարության 2026-31 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ ամբիոնից անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումը և վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ վերջին ճեպազրույցներից մեկում չէր բացառել Ադրբեջան մեկնելու հնարավրությունը՝ միաժամանակ շեշտելով, որ ժամկետի շուրջ որևէ հստակ պայմանավորվածություն դեռ չկա:
Այդ պատրաստակամությունը ողջունել էր Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ ցանկություն հայտնելով Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք, եթե այդ այցը տեղի ունենա․

«Խնդրում եմ դիտարկել այցին մեր մասնակցության հնարավորությունը և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը, եթե այդ ացելությունը կայանա»,-Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղղված ուղերձում նշել էր Վերոնիկա Զոնաբենդը։
Բաքու այցելելու առաջարկներ հնչել են հենց Բաքվից։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապրիլին դիմել էր ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ առաջարկելով քննարկել հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հարցը։ Մանասյանը, սակայն, նշել էր, որ ազատազրկման վայրերում Հայաստանի ՄԻՊ-ի մշտադիտարկման այցերի լիազորությունը սահմանափակվում է ՀՀ տարածքով․

«Հարցը ոչ միայն մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է անընդհատ, երևի թե չկա որևէ օր, որ մենք այս հարցով որևէ տեսանկյունից չզբաղվենք»։
Ադրբեջանում ցմահ ազատազրկված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքվի բանտ՝ տեսակցելու հայ գերիներին։ Ձայնային ուղերձում նա նշել է, որ դատապարտված հայերը շուրջ 7 ամիս է չեն ստացել իրենց դատավճիռները․

«Ես Ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի՝ Ումբակիի քրեակատարողական հիմնարկ՝ մեզ հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է որ լինի։ Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության Ձեր գործընկերուհին էլ հավանաբար Ձեզ կուղեկցի և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»։
Բաքու մեկնելու առաջարկ հնչել էր նաև քաղհասարակությունից։ Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ առաջարկելով դիմել որևէ չեզոք երկրի և կազմակերպել այդ երկրի հյուպատոսական ներկայացուցիչների տեսակցությունը Բաքվում պահվող հայերի հետ։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում պահվող հայերին տեսակցելու խնդրանքով։ Նախարարությունը միաժամանակ շեշտել էր, որ նման այց կազմակերպելու համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։
Խորհրդարանական մեծամասնության շարքերում կան այլ տեսակետ ևս․ այցեր կազմակերպելու փոխարեն պետք է պահանջել գերիների վերադարձը: Այս կարծիքին է, օրինակ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մարիա Կարապետյանը․

«Պետք է ոչ թե փորձենք նորմալացնել և, օրինակ, այցեր ապահովել, այլ ավելի լավ է մնանք այն դիրքում, որ մենք պահանջում ենք գերիների շուտափույթ վերադարձ»։
ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ միջազգային որևէ հանդիպում չի անցնում առանց գերիների հարցի քննարկման։