
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
Օրակարգում եկեղեցու ներքին ու կանոնական հարցերից բացի ընդգրկված են նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկելու է նաև եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը։
Դրանցից մեկով Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։ Գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Դատարանը պարտավորեցրել էր նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, սակայն Մայր Աթոռը դա չարեց, ավելի ուշ նաև կարգալույծ արեց Սարոյանին։ Էջմիածինը պնդում է, որ նման հարցերը դատարանի տիրույթում չեն և տեղի ունեցողը միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կշարունակվի չորս օր։