Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո, հայտնում է «Ազատությունը»։
Անցած շաբաթավերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են՝ միաժամանակ ծաղրական մեկնաբանություններ անելով հայկական գրքերի վերաբերյալ:
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ վերը նշվածի կապակցությամբ՝ Միրզոյանն ասել է. «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»,- ասել է նախարարը: