Պակիստանն ու Իսրայելը Հայաստանում դեսպաններ կունենան․ մեկը հաստատված է, մյուսը՝ դեռ մամուլի տեղեկություն

Պակիստանը Հայաստանում դեսպան կունենա, նրա նշանակումն արդեն հաստատված է, իսկ Իսրայելի նոր դեսպանի անունը դեռ պաշտոնական մակարդակում չի հաստատվել, բայց իսրայելական աղբյուրներում արդեն շրջանառվում է հնարավոր թեկնածուի անունը։ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Երևանը նոր կապ է ամրապնդում Հարավային Ասիայի հետ։ Իսրայելի դեպքում սպասվող նշանակումը կարող է նոր հնարավորություն լինել երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար։

Հայաստանի դիվանագիտական կորպուսում վերջին շրջանում որոշ փոփոխություններ կան, դեսպանների ցանկում նոր անուններ են հայտնվում։ Հատկապես ուշագրավ են Հայաստանում Պակիստանի և Իսրայելի դեսպանների նշանակման թեմաները։

Շաֆքատ Ալի Խանը Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն է, նստավայրը՝ Աբու Դաբի։ Նա արդեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, ապա և վստահեցրել, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Սա ուշագրավ զարգացում է, քանի որ մինչև անցյալ տարի Հայաստանն այս երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ։ Դրանք հաստատվել են միայն 2025-ի օգոստոսին։

Միջազգային հարաբերությունների փորձագետ Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում սա դիտարկում է ոչ միայն որպես երկկողմ հարաբերությունների հաստատում, այլև որպես նոր դիվանագիտական ճանապարհի բացում Հարավային Կովկասի և Հարավային Ասիայի երկու տարբեր դաշինքային համակարգերի միջև։

«Մենք այստեղ ունենք փակ դռան բացում, որը 30 տարի շարունակ փակ էր»։

Պակիստանի հետ հարաբերությունների զարգացումը, սակայն, չի նշանակում, որ Իսլամաբադը վերանայում կամ հրաժարվում է Բաքվի հետ իր ռազմավարական կապերից՝ ասում է Կարապետյանը։

«Պակիստանը փորձում է կառուցել բալանս։ Այսինքն՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը չի նշանակում Ադրբեջանի հետ հարաբերությունների ստորադասում կամ հրաժարում»։

Այս առումով կարևոր է նաև Հնդկաստանի գործոնը, որի հետ Պակիստանը բարդ հարաբերություններ ունի։ Հայաստանը վերջին տարիներին խորացնում է հարաբերությունները Նյու Դելիի հետ։ Ուստի Երևանի համար ևս կարևոր է այս երկու ուղղությունների միջև հավասարակշռված քաղաքականություն պահպանելը՝ ասում է փորձագետը։ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստան–Պակիստան հարաբերությունների քաղաքական արժեքը մի քանի մակարդակ ունի։

«Հայաստանի համար սա դիվանագիտական մեկուսացման հաղթահարման, Հարավային Ասիայի դիվանագիտական համակարգ մուտք գործելու հնարավորություն է։ Պակիստանը կարող է որոշակի առումով կամուրջ լինել դեպի Հարավային Ասիա, իսկ Հայաստանը՝ դեպի Հարավային Կովկաս»։

Եթե Պակիստանի դեպքում արդեն ունենք հաստատված դեսպանի նշանակում, ապա Իսրայելի դեպքում հենց իսրայելական աղբյուրներում շրջանառվում է դեսպանի հնարավոր թեկնածուի անունը՝ Վալիդ Աբու-Հայա։ Ըստ լուրերի՝ նա այս պաշտոնը կհամատեղի Վրաստանում Իսրայելի դեսպանի պաշտոնի հետ, իսկ նրա նստավայրը,  հավանաբար, կմնա Թբիլիսիում։ Հայաստանը, սակայն, նրա նշանակումը դեռ պաշտոնապես չի հաստատել, և հայտնի չէ նաև՝ արդյոք Երևանը տվել է անհրաժեշտ համաձայնությունը՝ ագրեմանը։

Հայ-իսրայելական թերթի գլխավոր խմբագիր, իսրայելաբնակ Արտյոմ Չեռնոմորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ինքը տեղյակ չէ նման թեմայից, սակայն հնարավոր նշանակման մեջ դրական կողմ է տեսնում։ Նրա խոսքով՝ սա կարող է որոշակի շփումների և կապերի համար լրացուցիչ հնարավորություն ստեղծել։

«Վալիդ Աբու-Հայան դրուզ է, իսկ Իսրայելի հյուսիսում, որտեղ հիմնականում բնակվում են դրուզական համայնքի ներկայացուցիչներ, կան նաև հայկական բնակավայրեր ու համայնքներ»։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում վերջին տարիներին բավարար հետևողականություն չի եղել։ Նրա կարծիքով՝ կարելի է սկսել ոչ թե ամենաբարդ քաղաքական հարցերից, այլ հասարակություններին մոտեցնող ուղղություններից՝ մշակույթից, սպորտից և մարդկանց միջև կապերից։

«Կարելի է սկսել մշակութային օրերից՝ Հայաստանում Իսրայելի մշակույթի օրեր, Իսրայելում Հայաստանի մշակույթի օրեր։ Ժողովուրդների դիվանագիտությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ»։

Չեռնոմորյանի գնահատմամբ՝ փոխվել է նաև այն միջավայրը, որում Իսրայելը կառուցում է իր արտաքին հարաբերությունները։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նշանակությունը Իսրայելի համար վերջին երկու տարում նվազել է․ եթե նախկինում դա առաջնային ուղղություններից էր, ապա այժմ, մեր զրուցակցի գնահատմամբ, ավելի ցածր տեղ է զբաղեցնում Իսրայելի արտաքին հարաբերությունների օրակարգում։

«Ադրբեջանը, իմ գնահատմամբ, վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելի համար այլևս այն առաջնային երկիրը չէ, ինչ նախկինում էր։ Իսրայելը համագործակցության նոր ուղղություններ է զարգացրել նաև եվրոպական շուկաներում»։

Այս փոփոխվող միջավայրը, նրա խոսքով, կարող է նոր հնարավորություն լինել՝ փորձելու  ակտիվացնել հայ-իսրայելական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ կա նաև Իրան-Իսրայել բարդ հարաբերությունների գործոնը, իսկ հենց Իրանի հետ Հայաստանը զարգացնում է ռազմավարական մակարդակի հարաբերություններ։

Թե որքան արդյունավետ Հայաստանը կօգտագործի Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և կկարողանա՞ դրանք վերածել երկարաժամկետ, գործնական հարաբերությունների՝  ժամանակը ցույց կտա՝ ասում է Արտյոմ Չեռնոմորյանը։

«Մենք բավականին լուրջ պոտենցիալ ունենք հայ-հրեական հարաբերությունները զարգացնելու, նոր փուլ հանելու»։

Թե՛ Պակիստանի, թե՛ Իսրայելի դեպքում ուշագրավը միայն նոր դեսպանների նշանակումը չէ։ Պակիստանի դեպքում խոսքը Հայաստանի համար դեպի Հարավային Ասիա նոր դիվանագիտական ճանապարհի բացման մասին է, իսկ Իսրայելի դեպքում՝ հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու հնարավորության։

Leave a Comment