Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան կպատժի սանձարձակ երկրպագուներին

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրի «Ալ-Թաավուն» – «Ալ-Հիլալ» (0:6) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը հայտնվել է տեղի ֆուտբոլային հանրության և ղեկավար մարմինների քննադատության կենտրոնում: Տանտերերի որոշ երկրպագուներ փորձել են սադրել հյուրերի կիսապաշտպան Ռուբեն Նևեշին՝ վանկարկելով նրա լուսահոգի մտերիմ ընկերոջ՝ Դիոգու Ժոտայի անունը:

Ռուբեն Նևեշն ու Դիոգու Ժոտան մտերիմ ընկերներ էին. նրանք միասին հանդես են եկել «Պորտուում», «Վուլվերհեմփթոնում» և Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Հիշեցնենք, որ Ժոտան ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել 2025 թվականի հուլիսի 3-ին։ Մեքենայում նրա հետ եղել էր նաև նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան։

Տեղի ունեցածից անմիջապես հետո «Ալ-Հիլալը» պաշտոնական բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիայի Ֆուտբոլի ֆեդերացիա: «Ալ-Հիլալն» ընդգծել է սպորտային միջավայրում հարգանքի և արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը՝ պահանջելով կարգազանցներին ենթարկել խիստ պատասխանատվության՝ գործող կանոնակարգի համաձայն։

Միջադեպին կոշտ է արձագանքել նաև Սաուդյան Արաբիայի Ֆուտբոլի ֆեդերացիան՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ.

«Ֆեդերացիան և Պրո լիգան դատապարտում են որոշ երկրպագուների անընդունելի պահվածքը: Կատարվածը հակասում է սաուդյան ֆուտբոլի արժեքներին ու վարպետության սկզբունքներին։ Ողբերգությունները որպես սադրանքի միջոց օգտագործելն անթույլատրելի է և տեղ չունի մեր ֆուտբոլում: Համապատասխան կոմիտեներն արդեն ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, որոնց արդյունքների ու պատժամիջոցների մասին կհայտարարվի գործընթացի ավարտից հետո»,- նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Leave a Comment