ՆԱՏՕ-ի կործանիչը կեսգիշերին Լիտվայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք. հայտնել է Լիտվայի Ազգային ճգնաժամերի կառավարման կենտրոնը։
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, ամենայն հավանականությամբ, Լիտվա է մուտք գործել Բելառուսի կողմից։ Այն խոցվել է երկրի երկրորդ խոշոր քաղաք Կաունասի մոտ գտնվող Պրատկունայ գյուղի հարևանությամբ։
Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի օդուժը Լիտվայի տարածքում խոցում է անօդաչու թռչող սարք։ Դեռևս հայտնի չէ, թե որ երկրի կամ կառույցի է պատկանել այն։
Լիտվայի բանակը հայտնել է, որ անօդաչուն խոցել են Իտալիայի զինված ուժերի կործանիչները, որոնք օդ են բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են անօդաչուի բեկորները։ Տարածքում այժմ աշխատում են զինվորականներն ու ոստիկանության ծառայողները։
ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքի պահպանության առաքելության շրջանակում դաշինքի կործանիչները Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկնքում հերթապահություն են իրականացնում 2004 թվականից՝ այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։
Reuters-ը նշում է, որ այդ առաքելության շրջանակում նախկինում կործանիչները խոցել են նաև իրենց ուղեծրից շեղված ուկրաինական անօդաչուներ։ Մասնավորապես, նման դեպք Էստոնիայի օդային տարածքում գրանցվել է մայիսին, իսկ Լատվիայում՝ հունիսին և օգոստոսին։
Լիտվայի զինվորականները կոչ են արել չշտապել եզրակացություններ անել անօդաչուի պատկանելության վերաբերյալ և նշել, որ դեպքի բոլոր հանգամանքները պետք է ուսումնասիրվեն։
