Հայ ըմբիշները մասնակցել են 2026/27 մրցաշրջանի ըմբշամարտի գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրի հանդիպումներին։
Հաջող են հանդես եկել «Վայնգարտենի» ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանն ու Շանթ Խաչատրյանը։ Մինչև 66 կգ քաշային կարգում Ասլանյանը վստահ հաղթանակ է տարել գերմանացի Միկա Լաբեսի նկատմամբ՝ 17:0 հաշվով, իսկ Խաչատրյանը (75 կգ) բարդ գոտեմարտում առավելության է հասել ռումինացի Իլիե Կոժոկարիի նկատմամբ՝ 8:7։
Հաղթանակ է տարել նաև Նորիկ Հարությունյանը։ «Բայենֆուրտ» ակումբի կազմում հանդես եկող հայ ըմբիշը մինչև 61 կգ քաշայինների կարգում 7:1 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Կարամջիտ Հոլշտայնին։
Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանը (75 կգ) «Հոյսբախ» ակումբի կազմում 5:0 հաշվով հաղթել է Վլադիմիր Բերենհարդտին։
Գրանցվել են նաև պարտություններ։ «Ռեյլինգենի» կազմում Արթուր Ամոյանը (80 կգ) զիջել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Իբրահիմ Գանեմին։ Ծանր քաշային կարգում Ալբերտ Վարդանյանը պարտվել է գերմանացի Յելլո Կրամերին։