Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել Հայաստանում արտադրվող արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների ծախսերի փոխհատուցման պետական ծրագիրը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ընթացքում սահմանված պահանջներին համապատասխանող որևէ շահառու չի ձևավորվել։
Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման» ծրագիրը (այսուհետ՝ Որոշում), որի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների համար կատարվող ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով խթանել հայկական արտադրանքի արտահանումը, բարձրացնել դրա մրցունակությունը և աջակցել նոր արտաքին շուկաներ մուտք գործելուն։
Ծրագրի կիրառման ընթացքի վերլուծության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակներում ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը չեն համապատասխանել ծրագրով սահմանված պահանջներին և դիմող տնտեսավարող սուբյեկտների կողմից չեն ապահովվել ծրագրով սահմանված՝ շահառու ճանաչվելու և աջակցություն ստանալու անհրաժեշտ պայմանները։
Արդյունքում ծրագրի շրջանակներում սահմանված պահանջներին համապատասխանող շահառուներ չեն ձևավորվել, և աջակցություն տրամադրելու հիմքեր չեն առաջացել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարգավորումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն որոշմամբ սահմանվել են արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման տրամադրման նպատակային ուղղությունները, շահառուներին ներկայացվող պահանջները, փոխհատուցման չափերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմում-հայտերի քննարկման և աջակցության տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև աջակցության տրամադրման ժամկետները։
Ծրագրի գործողության ընթացքում ներկայացված դիմում-հայտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց հիմնական մասում բացակայել է արտահանման երկրում արտադրանքի շրջանառությունն ու շուկայահանումը հավաստող համապատասխան փաստաթուղթը (սերտիֆիկատ, հայտարարագիր կամ համապատասխանության այլ փաստաթուղթ), որի առկայությունը ծրագրի շրջանակում դիտարկվել է որպես պահանջ։ Բացի այդ՝ ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը չեն համապատասխանել ծրագրով սահմանված պահանջներին։ Արդյունքում՝ ծրագրով նախատեսված աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ հիմքեր չեն առաջացել, և չեն ձևավորվել ծրագրի պահանջներին համապատասխանող շահառուներ
Նախագծի մշակման, շրջանառության և Արդարադատության նախարարություն ներկայացման օրվա դրությամբ Էկոնոմիկայի նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն հաստատված «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցում» ծրագրին համապատասխան դիմում-հայտեր: Բացակայում են նաև ընթացքի մեջ գտնվող և քննարկվող դիմում-հայտերը:
Միաժամանակ լրացնենք, որ ֆինանսների նախարարության կողմից մերժվել է 2027 թ. Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջադրված որոշ բյուջետային հայտեր, որոնց թվում է նաև «Ներդրումների և արտահանման խթանման» 1165 ծրագրի «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցում» 12013 միջոցառումը: Արդյունքում չի կարող կիրառվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն որոշումը:
Վերոգրյալը հիմք է հանդիսացել ծրագրի հետագա պահպանման նպատակահարմարությունը վերագնահատելու և դրա շարունակման անհրաժեշտությունը չհիմնավորված համարելու համար։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող կարգավորումը կրում է իրավական և կազմակերպական բնույթ և ուղղված է գործող իրավական ակտերի համակարգի պարզեցմանը, փաստացի չկիրառվող կամ նախատեսված արդյունքը չապահոված կարգավորումների վերացմանը, ինչպես նաև պետական աջակցության գործիքների առավել արդյունավետ կառավարմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում պետական աջակցության գործիքների վերանայման և առավել արդյունավետ ուղղություններով դրանց վերաձևակերպման համար կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ և ծրագրի պահանջներին համապատասխանող շահառուների չձևավորվելու պայմաններում դրա դադարեցումը հնարավորություն կտա պետական աջակցության միջոցներն ուղղել առավել պահանջված և արդյունավետ գործիքների մշակմանը և իրականացմանը՝ ռազմավարական նպատակներին համապատասխան։
Այլ տեղեկություններ
Միաժամանակ, ծրագրի կիրառման արդյունքում ծրագրի պահանջներին համապատասխանող շահառուների չձևավորվելու պայմաններում դրա դադարեցումը հնարավորություն կտա պետական աջակցության միջոցներն ուղղել առավել պահանջված և արդյունավետ գործիքների մշակմանը և իրականացմանը՝ նշված ռազմավարական նպատակներին համապատասխան։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով, Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ և արտահանման խթանման պետական քաղաքականությամբ ամրագրված նպատակներին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն որոշմամբ հաստատված ծրագրի դադարեցումը պայմանավորված է դրա կիրառման արդյունքներով և ծրագրի պահանջներին համապատասխանող շահառուների չձևավորմամբ։