Ինչպես հայտնի է՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն լքել է երկիրը, որից հետո երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատգամավորներին կոչ է արել քվեարկել նրա պաշտոնանկության օգտին։
Կրավչենկոյի հեռանալը կապված է «Կարթագեն» հատուկ գործողության շրջանակում հարուցված գործի հետ, որի մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել էին Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (SAP)։
Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչի մասին է քրեական գործը։
Ըստ այդմ, քննչական մարմինների վարկածով՝ գործի շրջանակում բացահայտվել է հանցավոր կազմակերպություն, որը հովանավորել է խարդախ զանգերի կենտրոնների գործունեությունը և օրինականացրել ապօրինի ճանապարհով ստացված միջոցները։
Գործի առանցքային մեղադրյալներից է Ուկրաինայի գլխավոր դատախազության միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կրոպիվան՝ «Կանցլեր» մականունով։ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորել է մինչև նոյեմբերի 2-ը՝ 120 մլն գրիվնայի գրավի այլընտրանքով։
Կրոպիվային կասկածում են ապօրինի զանգերի կենտրոնների գործունեությունը հովանավորելու և ավելի քան 89 մլն գրիվնայի արժեքով գույքն օրինականացնելու մեջ։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։
Կրոպիվայի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության դատախազը խոսել է նրա և գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի ընկերական հարաբերությունների մասին։
Քննության տվյալներով՝ Կրոպիվան կազմակերպել է նաև Կոզինում գտնվող տան վերանորոգման աշխատանքները, որտեղ, ըստ տեղեկությունների, բնակվում է Կրավչենկոն։ Մասնավորապես, խոսքը տան համար գազի գեներատորի տեղադրման մասին է։
Լրագրողներն ուսումնասիրել են Կոզինում գտնվող այն տունը, որից, ըստ հրապարակման, կարող է օգտվել Կրավչենկոն և որի մասին խոսվել է նաև Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի նիստում։ Bihus.Info-ի հրապարակման համաձայն՝ տան մակերեսը մոտ 300 քառակուսի մետր է։
Հրապարակման մեջ նշվում է, որ 2026 թվականի սկզբին տունը ձևակերպվել է 73-ամյա կնոջ անունով։ Ըստ լրագրողների՝ այդ կինը դրանից մեկ ամիս առաջ է գրանցել անհատ ձեռնարկատիրություն և Կրավչենկոյի հայտարարագրում նշված նրա հարազատների ցանկում չկա։
Կրավչենկոն հերքել է իր կապը «Կարթագեն» գործի և զանգերի կենտրոնների գործունեության հետ։ Նա հայտարարել է, որ տուն է տեղափոխվել օրինական հիմքով, և դրա մասին տեղեկությունը ներառվելու է իր՝ 2026 թվականի հայտարարագրում։
Այս գործի զարգացումների ֆոնին Կրավչենկոն գիշերը լքել է Ուկրաինան՝ հայտարարելով, որ մեկնել է արտասահմանյան գործուղման։ Նրա մեկնումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «Կարթագեն» գործի շրջանակում քննվում են նրա հետ առնչություն ունեցող պաշտոնյայի գործողությունները և Կրավչենկոյի հնարավոր կապերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները։
Կրավչենկոն տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ NABU-ի ղեկավար Կրիվոնոսին մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և երեխայի կեղծ որդեգրման մեջ: Նա Կրիվոնոսին կոչ է արել հրաժարական տալ. «Հենվելով հավաքված ապացույցների բազայի վրա՝ ես ստորագրել եմ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին կասկածանք առաջադրելու մասին որոշումը: Ես նրան կասկածում եմ առանձնապես խոշոր չափերի ոչ օրինական օգուտ ստանալու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև դատարանում պատասխանատվությունից խուսափելու համար արհեստական հիմքեր ստեղծելու նպատակով ֆիկտիվ որդեգրման մեջ»,- հայտարարել է Կրավչենկոն:+
