Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ, որին մասնակցել են Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների, Բունդեսթագի, դիվանագիտական, հասարակական ու գործարար ոլորտների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգը, հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն ընդգծել է անկախության՝ որպես հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերման և պետականության հիմնարար արժեքի նշանակությունը:
«Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունում ենք ներկայումս քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում»,-ասել է նա:
Գերմանիայում Հայաստանի դեպանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսենյան խաղաղության մրցանակի շնորհման խորհրդանշական կարևորությանը։
«Մեզ համար խորապես խորհրդանշական է այս Խաղաղության մրցանակի ստացումը մի երկրում, որը սեփական պատմությունից գիտի պատերազմի գինը և խաղաղության արժեքը։ Մեզ համար այս ճանաչումն իր նշանակությամբ շատ ավելին է, քան պարզապես պատիվը»։ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Քրիստոֆ Իսրանգն իր խոսքում շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու սերտ գործընկերության կարևորությունը»,-ասել է նա: