Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի բնակարաններում կատարված խուզարկությունները թույլատրող որոշումները բողոքարկվել են, հայտարարել է Քոչարյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Փաստաբանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ բողոքարկման հիմքում դրվել է ոչ միայն խուզարկությունների ենթադրյալ ապօրինի լինելու հանգամանքը, այլև այն, որ դրանց ընթացքում վերցվել են իրեր, որոնք, պաշտպանական կողմի գնահատմամբ, ակնհայտորեն առնչություն չեն ունեցել քննվող ենթադրյալ հանցագործությանը։
«Խուզարկությունը ոչ թե ուներ հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող ինչ-որ առարկաներ առգրավելու նպատակ, այլ ուներ քարոզչական նպատակ՝ ինչ-որ թանկարժեք իրեր, առարկաներ վերցնելու և դրանք հետո տեսարաններով տարածելու Քննչական կոմիտեի կողմից»,- ասել է Սողոյանը։
Փաստաբանը նշել է, որ խուզարկությունների ընթացքում վերցվել են նաև ընտանեկան և հիշատակային արժեք ունեցող իրեր։ Նրա գնահատմամբ՝ քննչական գործողությունները չպետք է վերածվեն «հանրության ինչ-որ ակնկալիքները բավարարող շոուների»։
Սողոյանն անդրադարձել է նաև կալանքի տակ գտնվող Քոչարյանի առողջական վիճակին։ Նրա խոսքով՝ նախկին նախագահի վիճակն այժմ բավարար է՝ համեմատած կալանավորման օրվա հետ։
Փաստաբանը հիշեցրել է, որ Քոչարյանը սրտի երկու ստենտավորում է տարել և գտնվում է սրտաբանի հսկողության տակ։ Սողոյանի խոսքով՝ ձերբակալման օրը նրա մոտ հիպերտոնիկ կրիզ է գրանցվել, իսկ առողջական վիճակը հետագայում թույլ չի տվել նախատեսված ժամկետում շարունակել դատական գործընթացը։
Նրա խոսքով՝ դատական նիստի ընթացքում երկու-երեք անգամ երկարատև ընդմիջումներ են հայտարարվել՝ Քոչարյանի վիճակը կայունացնելու համար։
Սողոյանը հայտնել է նաև, որ Քոչարյանի տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականների հետ, իսկ նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանինը՝ միայն կնոջ և երեխաների հետ։
Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։
