ԱԳՆ-ն լուռ է, ԱԺ նախագահն «անհիմն» է որակել Հաջիևի պնդումները

Ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն մինչ այս պահը չեն արձագանքել նախօրեին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում արված պնդումներին և հայ ժողովրդին ծաղրող մեկնաբանություններին:

Ալիևի օգնական Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ նախօրեին այցելել էր Գանձասարի վանական համալիր՝ պնդելով, որ այն ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցի է:

Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ծաղրել էր հայերին: Ցուցասրահում ցույց տալով իբրև թե հայկական հին գրքերը՝ Հաջիևը հեգնել էր, թե դրանք հին քրիստոնեական գրքեր են ու բացելով դրանք՝ նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը, ինչին ներկաները արձագանքել էին ծիծաղով:

«Միայն մեկ էջը… մնացածը դատարկ են: Եվ սա քրիստոնեական ժառանագությունն է, ինչը դուք կարող եք տեսնել» ,- ժպիտը դեմքին հեգնել էր Հաջիևը:

Դիվանագիտական կորպուսի համար Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած այս միջոցառմանը մասնակցել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Ավելին՝ այցից հետո նա գրել է, թե «կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Եվրոպացի պաշտոնյայի այս գրառումը սուր քննադատության է արժանացել հայաստանյան հանրության շրջանում:

Թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ էլ հայկական մշակութային ժառանագության ցեղասպանություն է իրականացնում:

«Որքանո՞վ են այս քայլերը մոտեցնում խաղաղության հաստատմանը: Պատրաստվո՞ւմ եք հնչեցնել դիրքորոշում, որ Գանձասարը հայկական է: Ի վերջո հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է»,Ազգային ժողովի նախագահին հարցրել է Գրիգորյանը:

Ռուբեն Ռուբինյանն ասել է, թե նոր ձեռք բերած խաղաղությունը խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ:

«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում, օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- արձագանքել է Ազգային ժողովի նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնականի պնդումներն ու դրանց շուրջ դիվանագետների արձագանքները, պահանջել է Հայաստանի վարչապետից և արտգործնախարարից պաշտոնական հայտարարություն տարածել այն մասին, որ Գանձասարը հայկական է. – «Պահանջե՛ք Ադրբեջանից դադարեցնել այս պիղծ գործողությունները»:

Մարուքյանը նաև պահանջում է այդ միջոցառմանը մասնակցած բոլոր դեսպանատներին բողոքի նոտա հղել:

«Ադրբեջանը կառուցում է ռազմաքաղաքական և իրավաքաղաքական հենք Հայաստանի վրա հարձակվելու, հայկական տարածքները վերցնելու, դրանք ադրբեջանական դարձնելու համար: Ոչ ոք թող չմտածի, որ լինելու է խաղաղ: Չի՛ լինելու»,- պնդել է Մարուքյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment