Առաջարկվում է վերախմբագրել կառավարության անդամի երդման տեքստը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցին:

Նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը, քան որ, ըստ հիմնավորման, այն  ամբողջությամբ չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

Առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը:

««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է ՀՀ շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» հասկացությունը՝ պետության առաջընթացին և բարեկեցության ապահովմանը»,- նշել է Գալյանը։

«Ծառայել հանրային շահին» ձևակերպմամբ սահմանվում է, որ կառավարության անդամի գործունեությունը պետք է ուղղված լինի հանրային շահի ապահովմանը և չպետք է պայմանավորված լինի մասնավոր կամ առանձին խմբերի շահերով։ «Պաշտպանել պետական շահը» ձևակերպումը կառավարության անդամի պարտականությունը կապում է ՀՀ պետական շահերի պաշտպանության հետ՝ իր լիազորությունների իրականացման շրջանակներում։

«Նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը» դրույթը նախատեսում է կառավարության անդամի կողմից պետական ինստիտուտների և սահմանադրական կարգի ամրապնդմանն ուղղված գործունեություն։ «Գործել ի շահ ներկա և ապագա սերունդների» ձևակերպմամբ կառավարության անդամի գործունեության շրջանակում ընդգծվում է երկարաժամկետ հետևանքների հաշվառումը և այնպիսի որոշումների կայացումը, որոնք հաշվի են առնում նաև ապագա սերունդների շահերը։

 

 

Leave a Comment