Գաղտնի զեկույցից մինչև հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն և օրենսդրական նախագծեր․ խորհրդարանական առօրյա

Խորհրդարանում այսօր առաջին նիստն է անցկացրել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Պատգամավորները հանձնաժողովի նախագահի տեղակալ են ընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովին։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովը կողմ է արտահայտվել Վարդանովի թեկնածությանը։ Հաստատվել է նաև հանձնաժողովի աշխատակարգը, 2026-2027 թվականներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսվում է արդյունավետ քայլեր ձեռնարկել վերահսկելի օբյեկտների՝ թմրանյութերի, զենքի, մշակութային, պատմական, արվեստի արժեքների, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ։ Բացի այդ, նախատեսվում է կատարելագործել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցության իրավական մեխանիզմները։

«Միջազգային վերահսկելի մատակարարման իրականացման ընթացքում հիմնական խնդիրներն են միջազգային միջտարածաշրջանային հանցավոր կապերի ուղիների և վերահսկելի օբյեկտների տեղափոխման երթուղիների հայտնաբերումը, բացահայտումը, հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումը, բացահայտումը և խափանումը»։

Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում բարելավելուն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ չէ, բայց որոշ վերապահումներ ունի, ասում է խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը։ Նա հիշեցնում է նույն նախագծի շուրջ Արդարադատության նախարարության կարծիքը․

 «ԱՆ եզրակացության մեջ նշված է, որ պայմանագրի 12-րդ հոդվածը հակասում է ՀՀ քերական դատավարության  օրենսգրքի 98-րդ հոդվածին՝ իրեղեն ապացույցների պահպանմանը»։

Փոխնախարար Արմեն Ղազարյանը տեղեկացնում է, որ ԱՆ բարձրացրած հարցը քննարկել են ու հարցը կփակվի այս նախագծով: «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադառնում է թմրամիջոցների իրացման հետ կապված խնդիրներին։ Պատգամավորը հարցնում է՝ ինչո՞ւ արդյունավետ պայքար չի տարվում այդ ուղղությամբ․

 «Ինչու՞ է մեր երկրում թմրանյութերի  շրջանառության վաճառքի ու թմրամոլների աճ արձանագրվել։ Քանի որ իմ գնահատմամբ՝ էդ անտերը պետք է ինչ որ մի ձև ներմուծվեր, հետո սպառվեր»։

Վերջին շրջանում նկատվում է թմրամիջոցների հայտնաբերման աճ՝ արձանագրում է ներքին գործերի փոխնախարարը։ Արմեն Ղազարյանը էական հանգամանք է համարում հենց սահմանին ավելի մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը․

«Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ այն տարեցտարի աճում է։ Ընդհանուր առմամբ, սա համաշխարհային միտում է, և մենք դա կարող ենք բացատրել նաև նրանով, որ իրավապահ մարմինների համագործակցությունն ավելի արդյունավետ է դարձել։ Այստեղ օբյեկտիվորեն առկա է նաև լատենտության գործոնը։ Մենք չենք կարող ասել՝ թմրամիջոցների հայտնաբերումը լավ աշխատանքի արդյունք է, թե պարզապես դրանց ապօրինի շրջանառությունն է ավելացել։ Դա կարելի է կապել նաև ռազմավարության փոփոխության հետ»։

Բայց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում քննարկվող հարցերի շրջանակը լայն էր՝ փոխադարձ հարգանքից մինչև աշխատակարգի հստակեցում։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ  Մանուկյանն  ընդգծում է՝ կառավարությունում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը քննարկելու է բանակում վերջին շրջանում գրանցված դեպքերը։ Պատգամավորն առաջարկ ունի․ «Որքան էլ զարմանալի է, անտեսվել են կառավարության միջգերատեսչական հանձնաժողովում Ազգային ժողովը և պաշտպանության հանձնաժողովը։ Քանի որ առաջին նիստը եղել է, ես կարծում եմ` այդ մեծ բացթողումը պետք է վերացվի, և արագ կարգով մեր հանձնաժողովի ներկայացուցիչը անպայման մասնակցի միջգերատեսչական նիստին»։

Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հստակեցնում է՝ խնդիրը տեխնիկական է եղել, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորելիս դեռ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ձևավորված չէր։ Այժմ արդեն պաշտպանության նախարարի հետ կքննարկեն ու հաջորդ նիստին կմասնակցեն։

Գեղամ Մանուկյանն այլ առաջարկ էլ ունի՝ հանձնաժողովի անդամներն ու փորձագետները պետք է ծանոթանան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գաղտնի զեկույցին։ Լսենք Մանուկյանի դիտարկումն ու Վիլեն Գաբրիելյանի  առաջարկը․

 -Բավականին հետաքրքիր շերտեր կան այնտեղ, աղմկահարույց մատնանշումներ, որը գաղտնի է, իրավունք չունեմ հրապարակելու։ Տարողունակ զեկույց է, շատ փաստեր կան։

-Պարոն Մանուկյան, պատգամավորի լիազորության շրջանակում կարող եք մտածել ու մի նախաձեռնություն բերել, հասկանանք՝ ոնց ենք հասարակությանը հասանելի դարձնում այդ զեկույցը։

ՀՀ շահը պետք է վեր լինի կուսակցական ու անձնական շահերից՝ կարծում է  հանձնաժողովի  նախագահի տեղակալի թեկնածու  «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովը։ Նա վստահ է, որ պաշտպանության ու անվտանգության թեման քաղաքական օրակարգ չէ, այլ առաքելություն․

 «Պաշտպանությունը միայն բանակի , պետական մարմինների գործը չէ, այլ բոլորիս գործն է։ Հասարակության ներգրավումը այս գործում ժողովրդավարության կարևորագույն դրսևորումներից է»։

Վաղինակ Վարդանովն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։

Leave a Comment