Հայաստանում Տիգրանաշեն կլինի․ ՀՀ վարչապետի խոստումը — Հայաստանի Հանրային Ռադիո

Կառավարության նիստից հետո  ավանդական ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ խոսել է նաև Տիգրանաշենի ապագայի, կարգավիճակի և այս խնդրի շուրջ ընդդիմության արդեն ծավալած պայքարի մասին։ Վարչապետը հայտարարել է, որ այդ հարցով պայմանավորվածություն չի եղել և չկա։ Բայց նաև պարզաբանել է, թե ինչու է ամեն անգամ օգտագործում այդ բնակավայրի ադրբեջանական անվանումը։

Մինչև վարչապետի այս պարզաբանումները, օրերս խորհրդարանի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը գնացել էր Տիգրանաշեն և այնտեղից դիմել էր հանրությանը՝ ներկայացնելով բնակավայրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայկական Տիգրանաշենը ադրբեջանական Քյարքի կոչելու Հայաստանի վարչապետի որոշման հիմքում ընդդիմությունը լուրջ վտանգներ է կանխատեսում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ Արարատ խոշորացված համայնքում Տիգրանաշեն անվանումով բնակավայր լինելու է։

«Ի՞նչ սահմաններում, որտե՞ղ կոնկրետ, դա արդեն լրիվ ուրիշ հարց է»։

Խորհրդարանական ընտրություններից առաջ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին ահազանգող ընդդիմությունը այժմ պայքարում է Տիգրանաշենը պահելու համար։ Այդ նպատակով Երևանից Տիգրանաշեն էր մեկնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Այնտեղից էլ նա ազդարարում է նոր պայքարի մեկնարկը։

«Այս ճանապարհը Հայաստանը Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհն է, որով տարեկան անցնում են 100 հազարավոր բեռնատար մեքենաներ, 2 միլիոն տոննա ապրանք։ Դա կապում է Սյունիքը, Վայոց ձորը հյուսիսային Հայաստանի հետ։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը այս տարածքի մասին ասաց` Քյարքի։ Դրան կհետևի նաև այն, որ նա ցանկանալու է այս տարածքը հանձնել Ադրբեջանին։ Մենք պետք է պայքարենք ու պահենք մեր հայրենիքը։ ՔՊ–ն հանձնում է տարածքները»։

Ընդդիմադիրները հայտարարում են, որ տարբեր քրեական գործերով կալանավորված ընդդիմադիր գործիչներին իշխանությունը իրականում ազատազրկում է այլ պատճառով՝ քաղաքական լուրջ իրադարձություններից առաջ հակազդեցությունը, իրենց խոսքով՝ «կոտրելու» համար։

Հայաստանի վարչապետը վստահեցնում է, որ չի հասկանում, թե ինչ են ակնարկում ընդդիմադիրները և ինչ սպասվող իրադարձությունների մասին են խոսում։ Բայց ամեն դեպքում փորձում է իրավիճակը վերլուծել ընդդիմության տրամաբանությունից ելնելով․

«Ասենք՝ նախորդող շրջանում, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է եղել, այդ ինչու՞մ է մեզ խանգարել, ի՞նչն է, որ տեղի չի ունեցել այն պատճառով, իրենց տրամաբանությամբ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ էր։ Բա եթե իրենք մեզ մեղադրում են, որ մենք Արցախը հանձնել ենք, բա Ռոբերտ Քոչարյանը այդպիսի ազրեիլ էր, ազատության մեջ չէ՞ր, ի՞նչ էր անում ինքը այդ ընթացքում, ի միջիայլոց, ինչո՞վ էր զբաղված։ Կամ մյուսները Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ չէ՞ր, Սամվել Կարապետյանը ազատության մեջ չէ՞ր։ Այսինքն՝ իրենք ներուժ ունեին, որ իրենց ասած՝ այդ բացասական, զարգացումները կանխեին ու բան չեն արե՞լ։ Դա՞ են ուզում ասեն։ Դե ուրեմն թող դա բացատրեն։ Բա, եթե այդպես էր, իրենց ասած խոսույթները ճիշտ էր, եթե իրենք այդպիսի ազրեիլ տիպեր են, ինչո՞ւ չեն կանխել»։

Վարչապետ Փաշինյանը որոշել է չկրկնել նախապատերազմյան սխալը, երբ հետո իրեն մեղադրում էին իրավիճակը հանրությանը նախապես բաց չներկայացնելու համար։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ Քյարքին, ինչպես նաև մյուս անկլավները չեն մտել, փոխարենը՝ եղել է Արծվաշենը։ Փաշինյանը նաև պարզ ասում է, որ այդ հարցի վերաբերյալ այս պահի դրությամբ չկա, չի եղել ոչ մի պայմանավորվածություն․

«Հիմա նրանք, ովքեր ասում են, որ ոչ, թույլ չենք տալու, նրանք հրահրում են պատերազմ։ Ես էլի եմ ասում` ո՞նց կլուծվի այդ հարցը դա երկրորդ հարցն է։ Փաստի արձանագրումը մի բան է, գետնի վրա լուծումները՝ երկրորդ։ Իմ հիմնական խնդիրն է՝ այդ հարցի շուրջ նյարդը վերացնել, որպեսզի մենք ստանանք նորմալ լուծումներ։ Մենք մեր պատուհանից ենք նայում կամ մեր իրավիճակն ենք նայում, նույն իրավիճակը նաև Ադրբեջանում է։ Սահմանազատման հիմնական հարցը պետք է լինի հետևյալը` մենք ուզում ենք իրար համար հարցե՞ր ստեղծենք, թե՞ ուզում ենք լուծենք հարցերը, փակենք, ավարտենք, գնանք։ Իմ ընկալումն այն է, և իմ նպատակադրումն այն է, որ ինչքան էլ դժվար լինի՝ այս մանդատից օգտվել։ Շատ դժվար է եղել և շատ դժվար է լինելու»։

Այս թեմայի շրջանակներում վարչապետը կարևորում է ճկունության հարցը և պարբերաբար դա է ակնարկում լուծման ուղիների մասին խոսելիս։ Անկլավների մասին խոսույթում, օրինակ, շատ է խոսվում փոխանակման հավանականության մասին, բայց այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։

Նա հիշեցնում է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների՝ 29 743 քառակուսի կիլոմետրի հիմքերը երկու փաստաթղթերում են, որոնք վավերացված են երկու երկրների խորհրդարաններում և իրավական ուժ ունեն երկուսի համար էլ։ Առաջին փաստաթուղթը Ալմա Աթայի հռչակագիրն է, երկրորդը՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Փաշինյանը պարզաբանում է նաև, որ Քյարքի և Բարխուդարլու ձևակերպումների անհրաժեշտությունը ծագել է փաստաթղթային հիմքերից, երբ Կիրանցի հատվածի սահմանազատման համար հիմք էին վերցրել 1974-ից 78 թվականի Խորհրդային Միության իրավական ուժ ունեցող քարտեզները, որոնք հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թ.-ին։ Վարչապետի ներկայացմամբ՝ այս փուլում խիստ կարևոր է ձևավորել այն ընկալումը, որ Հայաստանը իր տարածքից դուրս որևէ ակնկալիք չունի։

Leave a Comment