Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնի այցելուներն այսուհետև կարող են տեղում ծանոթանալ այստեղ հանգչող հայ գրողների և հասարակական գործիչների կյանքի պատմությանը։
Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ գործարկված ուղեցույցը երեք լեզվով կուղեկցի այցելուներին քաղաքի հայաշատ Հավլաբարի բարձունքում գտնվող պանթեոնում։
Հավլաբարի բարձունքում դեռ 16-րդ դարից պահպանվող Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնն այսօր արդեն երեք լեզվով (հայերեն, վրացերեն, և անգլերեն) գործարկված ուղեցույցով ուղեկցում է այցելուներին՝ ներկայացնելով այստեղ հանգչող հայտնի հայերի կյանքն ու գործունեությունը։
Գաղափարի հեղինակը Վրաստանում Հայաստանի դեսպանատունն է։ Դեսպան Աշոտ Սմբատյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում նշում է․
«Պանթեոնը և այստեղ ամփոփված մարդիկ, նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում են խնամել և փայփայել այս գրեթե սրբավայրը։ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ ուշադիր է պանթեոնի խնամքի հարցում։ Մենք կարողացանք այստեղ նոր նախագիծ իրականացնել, նաև հուշաքարը նորացնել, որտեղ պանթեոնում ամփոփված հայտնիների տվյալներն են։ Իսկ անկյունում QR կոդն է, որի միջոցով յուրաքանչյուր այցելու կարող է ծանոթանալ մեծերի կենսագրությանը՝ նաև այդ ճանապարհով իր գնահատանքը և հարգանքը մատուցելով նրանց հիշատակին»։
Խոջիվանքի պատմությունը սկսում է 16 -րդ դարի վերջից։ Պանթեոնի ներկայիս և հարակից տարածքի որոշակի հատված պատկանել է վրաց Ռոստոմ թագավորի գանձապետ և ատենադպիր Աշխարհբեկ Բեհբությանին:
Բարձր գնահատելով Աշխարհբեկի հավատարիմ և ազնիվ ծառայությունը՝ Ռոստոմ արքան նրան շնորհել է Խոջա Բեհբութ (Մեծ Բեհբութ) տիտղոսը: Տարածքում նա կառուցել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովուրդն անվանել է Խոջայի վանք, այստեղից էլ գերեզմանատան ավանդական անունը՝ Խոջիվանք:
Թբիլիսիի պատմաազգագրական թանգարանում, ի դեպ, պահվում է Ռոստոմ թագավորի՝ տոհմական դամբարանում եկեղեցի կառուցելու վրացերեն և պարսկերեն լեզուներով շնորհագիր-թույլտվությունը՝ ի պատասխան Խոջա Բեհբութի խնդրանքի:
Սկզբնապես եկեղեցու տարածքում հուղարկավորվել են միայն Բեհբության տոհմի ներկայացուցիչները: Ժամանակի ընթացքում եկեղեցու շուրջ ձգվող գերեզմանատունը դարձել է Թբիլիսիի հայկական ամենամեծ, հայտնի ու գլխավոր գերեզմանատունը:
Պատմում է վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը․
«Մոտավորապես իննսուն հազար տապանաքար է եղել այստեղ։ Երեք դար այն ծառայել է հայերին՝ որպես գլխավոր գերեզմանատուն։ Ցավոք, խորհրդային իշխանությունն այլ գերեզմանատների թվում ոչնչացնում է նաև Խոջիվանքը՝ տեղում կառուցելով «Բարեկամություն» անվամբ զբոսայգի։ Միայն այս մի կտորը՝ Րաֆֆու շիրիմի կողքին, հնարավոր եղավ պահպանել։ Մի քանի տասնյակ մեր երևելիների աճյուններ տեղափոխվել և վերահուղարկավորվել են Րաֆֆու կողքին։ Ցավոք, Խորհրդային Միության իշխանության համար անընդունելի մեր շատ մեծերի շիրիմներ իսպառ ոչնչացվեցին։ Իսկ այն, ինչ պահպանվել է, մեզ համար անգնահատելի է։ Սա սրբավայր է մեզ համար․ այստեղ հանգչում են այնպիսի մարդիկ, որոնք մինչև հիմա մեզ ուսուցանում են։ Խոջիվանքը սրբավայր է յուրաքանչյուր իրեն հարգող հայի համար»։
2002-ից պանթեոնը Թբիլիսիի քաղաքապետարանի տնօրինության ներքո է։
Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանն ասում է՝ Հայաստանից ու Սփյուռքից Խոջիվանք այցելողները զարմանում են, թե Թիֆլիս քաղաքն ինչպիսի մեծություններ է տվել։
«Շատերն են հարցնում՝ արդյոք այստեղ նրանց՝ բոլորի աճյուններն են։ Իսկապես, այստեղ են նրանց գերեզմանները՝ Գաբրիել Սունդուկյան, Թումանյան, Րաֆֆու․․․ Այսօրվա կարևորությունը հենց դա է։ Եւ շատ մեծ պատիվ է մեզ համար, որ վերջին տարիներին պանթեոնն իր թևի տակ է վերցրել Վրաստանի կառավարությունը և դեսպանության հետ միասին են հետևում»։
Մինչև այսօր էլ քաղաքի տարբեր հատվածներում՝ գետնի տակ ու պատերի մեջ, հայտնաբերվում են հայ երևելիների տապանաքարեր, որոնք խորհրդային իշխանությունը Խոջիվանքի ոչնչացումից հետո օգտագործել էր Թբիլիսիի վերակառուցման համար։ Դրանք ևս տեղափոխվում են պանթեոն։