Ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Սարգսյան-Չինկեզյանի երգերի ժողովածուն հայկական դպրոցներում կծառայի՝ որպես ուսումնական նյութ

Ամերիկահայ կոմպոզիտոր, ՀՀ Կոմպոզիտորների միության անդամ Մարի Սարգսյան-Չինկեզյանի երգերի ժողովածուի շնորհանդեսն էր «Լոֆթ» ակումբում: Գիրքը ՀՀ ԿԳՄՍ կողմից ներկայացված է հանրակրթական եւ մասնագիտական կրթական հաստատություններում՝ որպես ուսուցողական նյութ: Ցերեկույթին գնահատանքի խոսքեր ասացին երաժիշտներ, երաժշտագետներ, մանկական ձայներով հնչեցին Մարիի երգերը: Գիրքը կազմելու, պատկան մարմիններին ներկայացնելու, շնորհանդեսը կազմակերպելու գործում մեծ դեր էր ունեցել մանկավարժական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի դոցենտ Անահիտ Գեւորգյանը, որն էլ վարեց ցերեկույթը: Գրքում ներառված են նաեւ բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի խոսքերով երկու ստեղծագործություններ՝ «Ուխտ արեցի» ռոմանսը եւ «Օրհներգ» մանկական խմբերգը: Այլ մանկական երգերի շարքում այս միջոցառմանը կատարվեց նաեւ «Օրհներգը», իսկ ողջ ընթացքում դաշնամուրով նվագակցում էր գրքի հեղինակը՝ Մարի Սարգսյան-Չինկեզյանը:

Ինչի՞ց է սկիզբ առնում ստեղծագործական համագործակցությունը. բանաստեղծական տողի հուզարտահայտչությունի՞ց, մարդկային հետաքրքրությունների համընկումների՞ց, գուցե երաժշտական երկի անտեսանելի. անշոշափելի տողատակերի ընթերցման ունակությունից, կամ թե հեղինակների անբացատրելի, ենթագիտակցության մակարդակով փնտրումի եւ նոր հայտնություն անելու ձգտումի՞ց… Մարի Սարգսյան-Չինկեզյանի մասին խոսքս մտմտալիս՝ մտովի անցա մեր ծանոթության, ապա եւ ընկերության մի քանի տարվա ուղով, որպեսզի բացահայտեմ այն կորիզը, որ ընկած է մեր ստեղծագործական համագործակցության հիմքում: Նա իր երաժշտության համար փնտրում էր բառը, որ ամբողջությամբ կհաղորդի իր մեղեդու ներքին հյուսվածքի իմաստը, եւ մի դեպքում ինքս, որպես բանասեր, տաղաչափական վերլուծության ենթարկելով իր հյուսած մեղեդին եւ իմանալով, թե հատկապես ի՛նչ գաղափար է ուզում զարգացնել իր ստեղծագործությամբ, գրեցի «Օրհներգի» բառերը, իսկ երկրորդ դեպքում՝ խոսքն ինքն էր ընտրել «Հայրենիքը բառ չէ» բանաստեղծություններիս ժողովածուից: Երկու դեպքում էլ իր փնտրածը լավատեսության հնչերանգներով լեցուն եւ կյանքի սիրո եւ ապագայի հանդեպ հավատի խորհրդով խոսքն է, ու որքան էլ բանաստեղծական խոհածության նյութը բազմանշանակ հարցում եւ կյանքի իմաստի շուրջ մտածումների շերտեր ունի, Մարին այդ իմաստնաբանությունն իր երաժշտությամբ շրջում է դեպի լավատեսական հունչ եւ տրամադրություն: Այդ զարմանալի վերափոխումը եւ երաժշտական ուրույն ընթերցումը նրան հաջողվել է, եւ դրա եւս մի գնահատականն  էլ այն է, որ մեր երկու երգերը տեղ են գտել Մարի Չինկեզյանի՝ վերջերս տպագրված ստեղծագործությունների գրքում եւ երաշխավորված են համապատասխան նախարարության կողմից՝  երաժշտական կրթական հաստատություններում՝ որպես ուսումնական նյութ: 

Ուրախությունս եմ հայտնում այդ առթիվ, նաեւ ողջունում այն հանգամանքը, որ ընդլայնվում  են այն հեղինակների եւ ստեղծագործությունների ցանկերը, որոնք արդեն, որպես հաստատուն նյութ, մատուցվում են կրթական հաստատություններին: Շարունակաբար ունկնդրել մանկական երգչախմբերի կողմից նույն երգերը եւ նույն հեղնակներին, խոստովանեմ, ես նմանեցնում եմ տեղում քայլքի: Իրոք որ, կարիք կա, մասնավորապես, մանկական երգչախմբերի համար նախատեսված, գուցե թե նաեւ այլ երաժշտական դիսցիպլիններում երգացանկերի ընդլայնման, թարմացման: Մարիի մանկական երգերը, հուսով եմ, որոշակի թարմություն կմտցնեն այդ ծրագրերում եւ սիրով կընկալվեն ու կընդունվեն թե՛ ուսուցանողների եւ թե՛ տարբեր տարիքի աշակերտների կողմից:

Իսկ իմ կողմից Մարիին մաղթում եմ նոր ստեղծագործությունների ծնունդ: Նրա մանկական շատ երգեր ծնվել են ինքնաբուխ՝ իր թոռնիկների հանդեպ սիրով պայմանավորված: Դրանք սարքովի-արհեստածին չեն, դյուրին ընկալելի են եւ, իրոք, երեխաների հոգեբանությանն ու տարիքային մտածելակերպին հարիր: Բայց մանկական երգերից զատ նա ունի գործեր, որոնք բարձր որակով կատարվել են երեւանյան համերգասրահներում՝ մասնավորապես Կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ կայացած իր հեղինակային համերգին, ապա եւ Հայաստանի Կոմպոզիտորների տանը՝ արդի հայ կոմպոզիտորների երկերի կատարումների շարքում: Գոնե ինձ համար ակնկալելի եւ ցանկալի է դրանց ոգով, տրամաբանությամբ, դրանց թեմատիկան զարգացնելով նոր երկերի ծնունդը: Հիշում եմ Մարիի արյան հիշողությամբ եւ նախնիների պատմությամբ կառուցիկ Այնթապյան թեմատիկայով դաշնամուրայի երկը՝ «Տաղ առ Այնթապ» խորագրով ստեղծագործությունը՝ ավանդական, ժողովրդական մեղեդիական հնչողության պահպանմամբ եւ կուռ, գեղեցիկ կառույցով:

Ականատես եմ, թե որպիսի՜ հույզով հենց հեղինակն այն կատարեց Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Թե որքան է հարազատ Մարի Չինկեզյանի նման ստեղծագործությունն իր բնույթին, խոսում է նաեւ այն փաստը, որ նորատիպ գրքի երեսին տեղադրված է Մարիի սիրասուն մայրիկի այնթապյան  ասեղնագործության մի նմուշի լուսանկարը: Հենց նման եռուն-հուզական երաժշտական երկերի ծննդին եմ հետագայում սպասելու: Կստացվեն իր ապրած տարիների եռքով եւ իմաստնությամբ լեցուն նոր գործեր:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Comment