Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է զարգացում, ՔՊ-ն՝ հանձնում․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Տիգրանաշեն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ քաղաքական ուժն առաջարկում է Տիգրանաշենի զարգացման ծրագիր և դեմ է բնակավայրն Ադրբեջանին հանձնելուն։

«Տիգրանաշենի համար «Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է զարգացում, «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է հանձնում։ Իրենք զիջում են ու չեն բերելու խաղաղություն, մենք չենք զիջելու և ունենալու ենք խաղաղություն»,- հայտարարել է Կարապետյանը։

Խմբակցության ղեկավարը շեշտել է ճանապարհի անվտանգային նշանակությունը։ «Տիգրանաշենը պետք է մնա հայկական, որովհետև այստեղով է անցնում ռազմավարական ճանապարհը, որը Հայաստանի հյուսիսն ու Երևանը կապում է Վայոց ձորի և Սյունիքի հետ։ Այս ճանապարհի կարևոր՝ 8 կմ հատվածն անցնում է Տիգրանաշենով»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ այդ ճանապարհով տարեկան անցնում է շուրջ 2 մլն տոննա բեռ և ավելի քան 100 հազար բեռնատար։ Նա պնդել է, որ Տիգրանաշենի հատվածի կորուստը կստիպի երթևեկությունն ուղղել գյուղերով անցնող այլընտրանքային ճանապարհով, ինչը շուրջ մեկ ժամով կերկարացնի Երևանից դեպի հայ-իրանական սահման երթուղին։

Խմբակցության ղեկավարը նաև հղում է արել Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին՝ նշելով, որ Տիգրանաշենը դրանում ներառված է Հայաստանի բնակավայրերի ցանկում։

Նրա խոսքով՝ բնակիչների հետ շփումների ընթացքում նրանք համոզվել են, որ մարդիկ չեն ցանկանում լքել գյուղը և ուզում են շարունակել ապրել այնտեղ։ Կարապետյանը նշել է, որ բնակիչները դժգոհել են գյուղում զարգացման ծրագրերի բացակայությունից, ինչպես նաև հարակից արոտավայրերից օգտվելու սահմանափակումներից։

Նա հավելել է, որ իրենց ծրագրով Տիգրանաշենում պետք է ստեղծվի գյուղատնտեսական կարևոր կենտրոն։

Ավելի վաղ ԱԺ-ում Կարապետյանը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի շրջանակում Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելու վտանգ կա և իշխանություններին կոչ է արել հասնել Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձին։ Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկել Փաշինյանն, անդրադառնալով Տիգրանաշենի հարցին, հայտարարել էր, որ «Քյարքին Հայաստանի տարածք չէ»։

Leave a Comment