Բաքու-Մոսկվա հարաբերությունների վատթարացո՞ւմ – Ազգ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում» Բաքվից «JAM News»-ի լրատվության համաձայն օգոստոսի 17-ին տեղի ունեցած երկու քաղաքական զարգացումներ խոսում են Բաքու-Մոսկվա հարաբերությունների փխրունության մասին: Ռուսաստանն այդ օրը Ադրբեջան է արտաքսել Մոսկվայում գործող ադրբեջանական «Ինքնավար ազգային-մշակութային ընկերության» նախագահ Բախտիար Հասանովին, իսկ Ադրբեջանն իր հերթին Բաքվում աշխատող ռուս երեք քաղաքացիների անունները տեղադրել է «Միջազգայնորեն հետապնդվող անձանց» ցանկի վրա: Այդ երեք հոգիներից մեկը Մոսկվայի «24 TV»-ի հաղորդավար Իվան Կնյազեւն է, երկրորդը` քաղաքական խորհրդատու եւ մեդիա ոլորտի փորձագետ Սիմյոն Ուրալովը, իսկ երրորդը` լրագրող եւ ռուսական տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Զադաեւը: Այն փաստը, որ երկու իրադարձությունները կատարվել են նույն օրը կարող է ենթադրել տալ, որ դրանք փոխկապակցված են, բայց ոչ, որովհետեւ Հասանովի արտաքսման գործընթացը մի քանի ամիս առաջ էր սկսվել: Բայց զարգացումները համահունչ են վերջին շրջանում օրեցօր վատթարացող ադրբեջանա-ռուսական հարաբերությունների առավել ընդգրկուն ձեւաչափի հետ:

Ըստ որոշ աղբյուրների Բախտիար Հասանովը 2026-ի հունիսից գտնվում էր օտարերկրացիների համար նախատեսված «ժամանակավոր» կալանավայրում: Դատարանը մերժել էր արտաքսման դեմ նրա գրած դիմումը: 2025-ի սեպտեմբերին նրան զրկել էին ռուսական քաղաքացիությունից, եւ ըստ «Agenstvo media»ի 2019-ին նրան տրված անձնագիրը ուժը կորցրած էր ճանաչվել: Ինքը ժխտում է քաղաքացիությունից զրկված լինելու հանգամանքը, եւ իրականում այդ որոշման պաշտոնական բացատրությունը այնքան էլ հստակ չէ: Հարցը նաեւ քաղաքական նշանակություն ունի, քանի որ երկար տարիներ նա Մոսկվայի բարձրաստիճան անձանց հետ շփվել է եւ նրանց հետ քննարկել ադրբեջանական սփյուռքի եւ միջէթնիկական կապերի որոշ հարցեր: Այդ պատճառով էլ նրա արտաքսումը դիտարկվում է որպես ճնշում օտար երկրում ադրբեջանական համայնքի վրա:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում այդ համայնքի մի շարք ճանաչված անդամներ 2025-ի ամառվանից կա՛մ զրկվել են իրենց քաղաքացիությունից, կա՛մ կալանավորվել, կա՛մ էլ երկրից արտաքսվել: Այդ մարդկանց թվում են Արշադ Խանկիշիեւը, Էլշան Իբրահիմովը եւ Ջավիդ Ռզաեւը: Ռուսական կողմը նրանց նկատմամբ ձեռնարկված պատժամիջոցները ներկայացրել է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի, կամ հանցագործ  խմբավորումների հետ կապ ունենալու տարբերակով, բայց դատական եզրակացություններ այդ առնչությամբ չեն հրատարակվել: Գործընթացին քաղաքական ավելի լուրջ թափ է հաղորդել 2025-ի հունիսին Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների մահվան բոթը, որը սուր քննադատության է ենթարկվել Բաքվի կողմից: Մոսկվան պատահարը տարիներ առաջ գործված ոճրագործությունների հետ է կապել, իսկ Ադրբեջանը` մարդկանց դեմ գործադրված բռնությունների եւ տանջանքների հետ: Այդ ժամանակից էլ հարաբերությունները սկսել են վատթարանալ:

Բաքվի համապատասխան մեղադրանքները

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Կնյազեւի, Ուրալովի եւ Չադաեւի անունները տեղադրվել են հետապնդվող անձանց ցուցակում, որպես քրեական գործերի հետաքննության բաղկացուցիչ մաս: Դատաքննությունը վերաբերում է Ուրալովի YouTube-յան կայքի հուլիսի 14-ի եւ օգոստոսի 13-ի ծրագրերին, որոնք ըստ ադրբեջանական իշխանությունների, պարունակել են երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու, տարածքային ամբողջականությունը խախտելու եւ էթնիկական ատելություն սերմանելու կոչեր: Մեղադրանքների ամբողջական ցուցակ չի հրապարակվել: Մեղադրյալները հերքում են Բաքվի պնդումները, նշելով, որ քննադատությունները ուղղված են եղել ոչ թե Ադրբեջանի ժողովրդի, այլ քաղաքական ղեկավարության դեմ: Ինչ էլ լինի, Ադրբեջանի կողմից օգտագործված «միջազգայնորեն հետապնդվող անձանց ցուցակ» արտահայտությունը չի նշանակում, որ այդ մարդկանց կարող են անմիջապես ձերբակալել մի որեւէ երրորդ երկրում, քանի որ Ինտերպոլն ունի իր ուրույն կանոնադրությյունը, որն արգելում է այլ երկրների կամ կազմակերպությունների միջամտությունը:

Ուկրաինայի գործոնը

Հարաբերությունների թեժացման վերջին գործոնը Ուկրաինայի հանդեպ Ադրբեջանի ցուցաբերած շահագրգռվածությունը դարձավ: Օգոստոսի 6-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնեց Կիեւ եւ ապա Իրպին, որտեղ նա պաշտպանեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը` համաձայն այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների: Քննարկվեցին նաեւ Ուկրաինային ադրբեջանական գազ մատակարարելու հնարավորությունները: Քաղաքական նման զարգացման ֆոնին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն օգոստոսի 16-17-ին այցելեց Բաքու, հանդիպեց նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ նրան պարգեւատրեց «Իրպինի պատվավոր քաղաքացի» վկայագրով, ինչը Մոսկվայի կողմից ընկալվեց որպես քաղաքական խորհրդանշական ժեստ: Ճիշտ է, որ եթե անգամ անմիջական կապ գոյություն չունենա Հասանովի արտաքսման հետ, Ուկրաինայի հանդեպ նման մոտեցումը խորը դժգոհություն է առաջացրել ՌԴ-ի քաղաքական շրջանակներում:

Վերջին երկու տարում Բաքու-Մոսկվա հարաբերություններում նկատվում են վարչական միջոցների եւ օրենքի խստագույն կիրառման հաճախակի դեպքեր: Ներկա դրությամբ թեեւ անհավանական է համարվում հարաբերությունների ամբողջական խզումը, քանի որ երկու երկրները իրենց փոխադարձ շահերն ունեն առեւտրի, տրանսպորտի, տարածաշրջանային անվտանգության եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Սակայն նույնքան անհավանական է շարունակել հարաբերությունները նախկին ձեւաչափով:

«Արմինյն Միրոր Սփեքթեյթրից»

Նյութը պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Leave a Comment