Իրանից Երեւան եկածները եկեղեցական համայնք են ստեղծել, շուտով՝ դպրոց էլ
«Դոյչլանդֆունկը» օգոստոսի 24-ին 25 րոպեանոց հաղորդմամբ անդրադարձավ Իրանի պատերազմի հետեւանքով ՀՀ -ում բնակություն հաստատած այդ երկրի քաղաքացիներին: Հաղորդման հեղինակ Մարգարետե Վոհլանը (Margarete Wohlan) Հայաստանին բազմիցս է անդրադարձել, լավ ճանաչում է մեր երկիրն ու առկա խնդիրները, այս անգամ նրա հարցերին պատասխանում էին Երեւանում բնակվող Լուիզե Գլումը (Luise Glum) եւ Բյորն Բլաշկեն (Björn Blaschke): «Հայաստանը իրանցի փախստականների համար դեռեւս բաց դուռ է, մուտքի վիզա չի պահանջում, երեք ամիս կարող են բնակվել: Ռմբակոծումներից ի վեր փախստականների թիվն ավելանում է: Փողոցներում պարսկերենն առավել հաճախ է լսվում, իսկ սոցցանցերում էլ Իրանից եկածները բնակարան եւ աշխատանք են փնտրում»:
Հաղորդման սկզբում Իրանում տիրող դժվարությունների մասին է խոսում 2026-ի մարտին ՀՀ տեղափոխված մի կին, որ եկել է օդային առաջին հարձակումներից հետո: «Գալիս են մի երկիր, որ կրոնական եւ մշակութային տարբերություններ ունի, բայց անվտանգ երկիր է եւ ժողովրդավար», գերմանացի ունկնդրին Հայաստանն այսպես է ներկայացնում հաղորդման հեղինակը:
Լուիզե Գլումը պատմում է, որ անվտանգությունից ելնելով փոխել է իր հետ զրուցած մարդկանց անունն ու ձայնը: Երեւանի կենտրոնում բնակվող ընկերների մոտ է եկել Ա.Ք-ն: Նա Իրանում տիրող ռեժիմի հակառակորդ է, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածների ժամանակ Իրանում է եղել, ընկերոջը ձերբակալել են, իսկ իրեն չեն արտոնել հատել իրանաթուրքական սահմանը: Հետո հուշել են Հայաստան գնալ, մի երկիր, որ նախապես չի ճանաչել, իսկ ՀՀ-ում ամեն օր նոր մարդկանց հետ է ծանոթանում, միասին հոսթելում են ապրում:
ՄԱԿ-ի տվյալներով, 2026-ի փետրվարից ի վեր 83 հազար իրանցի ՀՀ է մուտք գործել, որից 81 հազար 200-ը լքել է ՀՀ-ն: Գործազուրկների մեծ թիվ կա, իսկ առանց հայերենի եւ ռուսերենի իմացության աշխատանք գտնելը դժվար է: Բայց Երեւանի կենտրոնական փողոցներում այս օրերին պարսկերենը (ֆարսին) եւ պարսկական երաժշտություն հաճախ է լսվում: Անշարժ գույքի մի գործակալ պատմում է, թե տուն վարձելու պահանջարկը մեծ է: Տները շատ չեն, վարձն էլ անցյալ տարվա համեմատ 30 տոկոսով թանկացել է: Իսկ ֆբ-ում Իրանում բնակվողները ՀՀ-ում տուն եւ գործ են փնտրում:
Ամերիկյան համալսարանի աշխատակից Շադունցի կարծիքով, ակնկալում էին իրանցիների մեծ հոսք, դա չեղավ, բայց խտրականության պատճառով ապաստանի իրավունք հայցողների շարունակական ալիք կա: Հայաստան հասածներն էլ ձգտում են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին բերել: Իրանում տնտեսական վիճակը վատթարացել է, ԱՄՆ-ի՝ ջրազտարաններին հարվածից հետո ջրի նեղություն կա, պատժամիջոցների պատճառով ցորեն գտնելը խնդիր է, դեղորայքի, բուժսարքավորումների պակասը նկատելի է:
Կիրակի է, Երեւանում Իրանից եկածների եկեղեցական համայնքում ժամերգությունը պարսկերեն է (ֆարսի): Համայնքի անդամների մեծ մասը Իրանից են: Հոգեւոր հովիվն ընտանիքի հետ անցյալ տարի Թուրքիայում է բնակվել, բայց որոշել է ՀՀ գնալ: «Մենք այն զգացումն ունենք, որ այստեղ ինչ-որ բան է կատարվում: ՀՀ-ն մեզ համար ամենալավ երկիրն է, քանզի մեզ ընդունում են այստեղ, ուստի եկեղեցի հիմնեցինք, որ օգնենք մարդկանց: Հոգեւորականի ասելով, իրենց համայնքն աճում է, անդամները վերջերս են Հայաստան եկել: Իրանցիների մեծ մասը հոսթելում է տեղավորվում, առաջնայինը բնակարանի եւ աշխատանքի հարցն է: Պիտի լեզուն սովորեն, որը դժվար է: Ուզում եմ դպրոց բացել Իրանից Հայաստան եկողների, նաեւ երեխաների համար եւ մատչելի կեցավայր, որ սկզբնական շրջանի դժվարությունները հաղթահարեն», «Դոյչլանդֆունկին» պատմում է քրիստոնյա հոգեւորականը: Պարսկերեն ուսուցմամբ միակ դպրոցը Երեւանում Իրանի դեսպանությանը կից է: Իրանից եկածների այն խումբը, որ դավանափոխվել է, քրիստոնեություն ընդունել, դժկամությամբ զավակներին հիշյալ դպրոց կտանի, ասում է բողոքական եկեղեցու ծխական քահանան (պաստորը): Իրանում իսլամադավանի դավանափոխությունը պատժելի է՝ սպառնում է ցմահ բանտարկություն, նույնիսկ՝ մահապատիժ: Այդ պատճառով նրա եկեղեցին նաեւ քաղաքական առաքելություն ունի: Պատկանում է քրիստոնեական մի կազմակերպության, որի նպատակն է Իրանում բնակվողներին քրիստոնյա դարձնել, ասում է քահանան: Նա Աստվածաշունչ է տվել մի կնոջ, որ քրիստոնեությանն անծանոթ է, հավատացյալ չէ, բայց քրոջ հետ եկեղեցական համայնք է եկել առաջին անգամ: Այնուհետ Գլումը երեւանյան սրճարաններից մեկում հանդիպում է մի պարսկուհու, որ պատմում է նախապատերազմական Իրանում իր կյանքի մասին: «Երկրից հեռանալու հարկադրանքն առիթ է տվել մտածելու՝ սահմանակից ո՞ր երկիրն ընտրել: Աֆղանստանն ու Պակիստանը խնդիրներ ունեն, Թուրքմենստանը ներս չի թողնում, Ադրբեջանը խնդիրներ ունի, Իրաքն անվտանգ չէ: Կա՛մ Թուրքիա, կա՛մ Հայաստան, այլ ընտրություն չունեինք: Որոշեցի Հայաստան գնալ, ապահով է, Թուրքիայից լավ է»: Կին զրուցակիցը պատմում է, որ ինտերնետն անընդհատ անջատում էին, ավտոբուսով Երեւան է հասել, իրանական հոսթելում է իջեւանել: «Դժվար է՝ 12 մահճակալ կա, բոլորն էլ տղամարդիկ են զբաղեցրել: Եւ ես ստիպված եմ բարձրաձայն խոսող տղամարդկանց հարեւանությամբ պառկել, իրերս էլ անկողումս պահել»: Սրճարաններում աշխատած կինը Երեւանում գործ չի կարողանում գտնել, քանի որ ո՛չ հայերեն գիտի, ո՛չ ռուսերեն:
Զրուցակիցներից մեկն ասում է, թե վախենում է Իրան վերադառնալ: Վերջերս կարեւոր հեռախոսազանգը տեղեկացրել է, թե ընկերը, որ Իրանում իր հետ կալանավորվել էր, ազատ է արձակվել: Չգիտի՝ ընկերներից մեկի հաղորդած տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ սխալ: «Երեւի ուզում են, որ ես խաղաղվեմ», ասում է՝ հույս ունենալով, թե ՀՀ-ից արեւմուտք կարող է գնալ՝ Եւրոպա կամ Ավստրալիա: Մարդասիրական վիզա է անհրաժեշտ:
«Դոյչլանդֆունկի» հեղինակ Վոհլանը այնուհետ զրուցում է թղթակից Բյորն Բլաշկեի հետ: Առաջին հարցը՝ հայ հասարակությունն ինչպե՞ս է ընդունում Իրանից եկած փախստականներին: Բյորն Բլաշկեի կարծիքով, հայ հանրությունը պրագմատիկ է, ավելի սթափ է մտածում: Իրանի հեղինակությունը Հայաստանում ավելի բարձր է, քան արեւմուտքում: Անշուշտ աշխարհաքաղաքական գործոնը դեր է խաղում: Իրանն այն փոքրաթիվ երկրներից է, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, ինչն Ադրբեջանը չի անում: Իսկ ԼՂ-ի պատերազմի ժամանակ ՌԴ-ից հիասթափվելուց հետո Հայաստանում նույնիսկ աճել է Իրանի վարկանիշը, Միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով, շատերն Իրանը համարում են տնտեսական քաղաքական կարեւոր միավոր: Բլաշկեն հիշատակում է Իրանում բնակվող հայկական համայնքի մասին, իրանահայերը լրիվ ինտեգրված են երկրում: Նրանք մերձ են պահում երկու ժողովուրդներին, պետություններին: Հաղորդման մեջ ակնարկվում է, թե Իրանի ռեժիմի դեմ պայքարողներին Հայաստանում ընդունելով, Փաշինյանը Իրանի ղեկավարությանը նկատել է տալիս, թե հարցը ոչ թե քաղաքական, այլ՝ մարդասիրական է դիտարկում եւ հավասարակշռություն է պահպանում: Բլաշկեն ասում է, որ Իրանի՝ Հայաստանի համար կարեւորությունն ավելին է, քան սոսկ դրացի երկիր լինելը, երկու բաց սահմաններից մեկն է: ՀՀ-ն Իրանի հետ ունի բացառիկ հարաբերությունները, նաեւ տրանզիտային երկիր է՝ իրանական ապրանքները ՀՀ-ի տարածքով ՌԴ են գնում: Փաշինյանն ընդգծում է, որ Իրանի հետ հարաբերությունները երկուստեք շահեկան լինելու կարեւորությամբ պիտի խորացվեն:
Հայաստանը չի էլ կարող Թեհրանի հետ հարաբերությունները լրջորեն վնասել: Միեւնույն ժամանակ Հայաստանն ընդունում է Իրանում քաղաքական պայքար ծավալած, մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող, կրոնական, ընդհարապես խտրականության ենթարկվածներին: Փաշինյանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում, եւ բոլոր ուղղություններով ուզում է երկիրը ապաշրջափակել: ԱՄՆ- Իսրայել ռազմական ճնշումը Իրանի դեմ ազդեցություն չունի Հայաստանի հետ Իրանի լավ հարաբերությունների վրա: ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը հնարավորություն կտա Թուրքիայի հետ սահմանը բացել, պահանջներից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումն է:
Բլաշկեն կարծում է, որ Փաշինյանի շպագատը, մի կողմից ԱՄՆ-ի եւ Իրանի հետ հարաբերություններում, մյուս կողմից Թուրքիա-Ադրբեջանի, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ ցայժմ հաջողվում է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա