Արձակուրդում եք կամ արտերկրում, և հանկարծ իմանում եք, որ ձեր բնակարանում ջրի վթար է, իսկ ներքևի հարկերը ջրի տակ են։ Կարո՞ղ են բացել ձեր դուռը առանց ձեզ։ Օրենքի պատասխանն այո է, բայց խիստ պայմաններով, որոնք հենց ձեր գույքի պաշտպանության համար են սահմանված։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, հարցը կարգավորվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով։
Ե՞րբ է դա թույլատրվում
Օրենքը դա անվանում է ծայրահեղ անհրաժեշտություն և թվարկում է կոնկրետ դեպքերը՝ ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազամատակարարման և շենքի ընդհանուր այլ ցանցերի վթարներ։
Բայց ինքնին վթարը բավարար չէ։ Պետք է առկա լինեն միաժամանակ երկու պայման։ Առաջին՝ վթարի անհապաղ չվերացումը կարող է վնաս պատճառել այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին։ Երկրորդ՝ վթարի կանխումն ու վերացումն անհնար է իրականացնել առանց փակ բնակարան մուտք գործելու։ Եթե ջուրը հնարավոր է անջատել նկուղից, բնակարան մուտք գործելու իրավական հիմքը վերանում է։
Ընդ որում, կանոնը գործում է թե՛ ժամանակավորապես, թե՛ անորոշ ժամկետով փակ բնակարանների նկատմամբ։ Այսինքն՝ նշանակություն չունի՝ դուք մեկ շաբաթով եք մեկնել, թե տարիներով բնակարանում չեք ապրում։
Ո՞վ կարող է ներս մտնել
Օրենքն այստեղ փակ ցանկ է տալիս։ Մուտք գործելու իրավունք ունեն ոստիկանության աշխատակիցը, դատախազության աշխատակիցը, շենքի կառավարման մարմնի ներկայացուցիչը, վթարը վերացնող և շենքի ընդհանուր ցանցերը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ ֆիզիկական անձինք։
Եվ ահա ամենակարևոր երաշխիքը. այս անձինք փակ բնակարան կարող են մուտք գործել միայն ոստիկանության աշխատակցի հետ։ Առանց ոստիկանի ներկայության դուռ բացելը՝ լինի դա համատիրության նախագահը, կառավարիչը թե սանտեխնիկը, օրենքի խախտում է։
Չորս պարտադիր պայման
Օրենքը մուտքի ողջ ընթացակարգը շրջանակում է չորս պահանջով։
Ընթերականեր. բնակարան մուտք գործելու և աշխատանքներ իրականացնելու ամբողջ ընթացքում պարտադիր է առնվազն երկու ընթերակայի ներկայությունը։
Գույքագրում մուտքից առաջ և հետո. կատարվում է վթարի վերացման հետ կապված հատվածի գույքի լրիվ կամ մասնակի գույքագրում՝ և՛ ներս մտնելուց առաջ, և՛ հետո։ Սա հենց այն մեխանիզմն է, որը պաշտպանում է ձեզ գույքի կորստից կամ վնասումից։
Արձանագրություն և դրա պատճենը՝ ձեզ. գույքագրման արդյունքում կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են բնակարան մուտք գործած բոլոր անձինք։ Պատճենները պետք է հանձնվեն բնակարանի սեփականատիրոջը կամ օգտագործման իրավունք ունեցող այլ անձի։
Սահմանված սահմանները. արգելվում է մուտք գործել բնակարանի այլ հատվածներ, օգտվել բնակարանում գտնվող գույքից, կապի և այլ միջոցներից, էլեկտրաէներգիայի սնուցման կետերից, եթե դա պայմանավորված չէ վթարի վերացման անհրաժեշտությամբ։ Բացի այդ, մուտք գործող անձինք պարտավոր են պաշտպանել բնակարանի սեփականատիրոջ օրինաչափ շահերը և գույքի հետ վարվել անհրաժեշտ հոգատարությամբ ու զգուշությամբ։
Ի՞նչ է լինում ձեր բանալիների հետ
Այս մանրամասնը շատերին անհայտ է։ Վթարը վերացնելուց և վերանորոգումից հետո բնակարանի բանալիներն ի պահ են տրվում շենքի կառավարման մարմնին՝ ոստիկանության կնիքով կնքված փակ ծրարով։ Ծրարն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է սեփականատիրոջը, վարձակալին կամ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող այլ անձի։
Իսկ ջարդված դուռը մնացնել այդպես չեն կարող. կառավարման մարմնի ներկայացուցիչն ապահովում է մուտքի դռան և բնակարանի վնասված մասերի վերանորոգումը։
Ո՞վ է վճարում
Ընդհանուր կանոնով դռան և վնասված մասերի վերանորոգման ծախսերը փոխհատուցում է բնակարանի սեփականատերը կամ վարձակալը՝ երկամսյա ժամկետում և արձանագրությամբ նախատեսված չափերով։
Բայց կա կարևոր բացառություն. եթե վթարի առաջացման մեջ կա այլ մեղավոր անձ, ապա ծախսերը փոխհատուցում է հենց նա։ Իսկ եթե համաձայն չեք ձեզ ներկայացված գումարին, փոխհատուցման չափը կարող է բողոքարկվել դատական կարգով։
Առանձին կանոն է գործում երրորդ անձանց համար. վթարի կանխարգելման կամ վերացման, ինչպես նաև բնակարան մուտք գործելու հետևանքով նրանց պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման օրենքով սահմանված կարգով։
Կարևոր է իմանալ
Փակ բնակարաններ լիազորված անձանց մուտքն ապահովելը և այդ բնակարաններում առկա գույքի պահպանությունը օրենքով ուղղակիորեն դասված է շենքի կառավարման մարմնի լիազորությունների շարքին։ Այսինքն՝ եթե ձեր բացակայությանն ինչ-որ բան կորել է, հարցի հասցեատերը կառավարման մարմինն է։
Հիշեք նաև, որ եթե վնասը պատճառվել է ձեր բնակարանից, դրա վերացումն արդեն ձեր հաշվին է՝ անկախ նրանից, թե դուք եք եղել տանը, թե ձեր վարձակալը։ Այս մասին կարդացեք այս նյութում։
Ամփոփում
Ամփոփելով՝ պետք է նշել, որ փակ բնակարան մուտք գործելը թույլատրվում է միայն ջրի, ջեռուցման, գազի կամ շենքի ընդհանուր ցանցերի վթարի դեպքում և միայն այն պայմանով, որ չվերացնելը վտանգ է ներկայացնում այլ անձանց և վթարը հնարավոր չէ վերացնել այլ կերպ, մուտքն իրականացվում է բացառապես ոստիկանության աշխատակցի հետ և առնվազն երկու ընթերակայի ներկայությամբ, պարտադիր է գույքագրում մուտքից առաջ և հետո, արձանագրության պատճենը հանձնվում է սեփականատիրոջը, արգելվում է մուտք գործել բնակարանի այլ հատվածներ և օգտվել այնտեղի գույքից, բանալիներն ի պահ են տրվում կառավարման մարմնին ոստիկանության կնիքով կնքված ծրարով, իսկ վերանորոգման ծախսերը սեփականատերը փոխհատուցում է երկամսյա ժամկետում, բացառությամբ այն դեպքի, երբ վթարի մեջ մեղավոր է այլ անձ, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Փակ բնակարան մուտք գործելու, վթարների վերացման և վնասի փոխհատուցման հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։