Հյուսիսային Կորեան Յոնբյոնի միջուկային համալիրում ուրանի հարստացման նոր կայան է կառուցել։ ԱԷՄԳ տվյալներով՝ այն կարող է գազային 28 ցենտրիֆուգային կասկադ տեղավորել։ Գործակալության զեկույցում նշվում է, որ Հյուսիսային Կորեայի մի քանի այլ վայրերում ևս միջուկային ենթակառուցվածքների ընդլայնում է նկատվում։ Փորձագետներն այս միտումները բնական են համարում՝ աշխարհաքաղաքական վերջին տեղաշարժերի պայմաններում, բայց և զգուշացնում հնարավոր վտանգների մասին:
Միջուկային զենք չտարածելու կարգը խոր ճգնաժամ է ապրում ողջ աշխարհում։ Ավելին՝ մի շարք երկրների համար ինքնիշխանության գլխավոր երաշխավորը դարձել է հենց միջուկային կարողությունը՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Մեկնաբանելով Հյուսիսային Կորեայում ուրանի հարստացման նոր կայանի մասին ԱԷՄԳ զեկույցը, փորձագետը հստակեցնում է, որ այն առաջին հերթին քաղաքական նպատակներ է հետապնդում․
«Հյուսիսային Կորեան միացել և հետո դուրս է եկել միջուկային զենքի չտարածման համաձայնագրից և միակ երկիրն է մոլորակում, որը դուրս է եկել չտարածման համաձայնագրից՝ որդեգրելով հետևյալ ռազմավարությունը, որ ներկա ժամանակում երկրի սուվերենությունը առաջին հերթին ապահովում է միջուկային զենքի առկայությունը։ Եվ Հյուսիսային Կորեան ձեռնամուխ եղավ միջուկային զենքի ստեղծման իր ծրագրին, ինչը հաջողությամբ ավարտին հասցրեց»։
ԱԷՄԳ-ն զեկույցում նշում է, որ Հյուսիսային Կորեան իր Յոնբյոնի միջուկային համալիրում ուրանի հարստացման նոր կայան է կառուցել։ AP-ին էլ հաղորդում է, որ Փհենյանի մոտ գտնվող ուրանի հարստացման ընդլայնված կայանի շահագործման մեկնարկի նշաններ են նկատվում։
2009 թվականից Հյուսիսային Կորեան արգելել է ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը երկիր։ Սակայն գործակալությունը Փհենյանի գործունեությունը վերահսկում է արբանյակային լուսանկարների միջոցով։ Նոր կայանի առկայության մասին մասնագետները եզրակացրել են համեմատելով արբանյակային պատկերները միջուկային համալիր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հունիսյան այցի լուսանկարների հետ։
Զեկույցում նաև նշվում է, որ նոր կայանի աշխատանքները կարող են սկսվել հունվարին։ Ըստ գործակալության՝ այս տվյալները վկայում են, որ Հյուսիսային Կորեան ընդլայնում է միջուկային ենթակառուցվածքները բազմաթիվ վայրերում։
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ միջազգային հանրությունը լրջորեն մտահոգված է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացմամբ։ Նա նշել է, որ Կանսոնգում և Յոնգբյոնում հարստացման օբյեկտների շարունակական շահագործումը և զենքի համար նախատեսված միջուկային նյութերի արտադրության հետագա ընդլայնման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․
ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը, սակայն, այլ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․
«Հյուսիսային Կորեան առնվազն 10-15 տարի գտնվում էր ԱԷՄԳ և այլ կառույցների ուշիմ հետաքրքրության ներքո։ Վերջին զարգացումները պետք է դիտարկել՝ որպես որոշակի աշխարհաքաղաքական ճնշման փորձ՝ Հյուսիսային Կորեային նկատմամբ, հատկապես՝ Հյուսիսային Կորեա-Ռուսաստան-Բելառուս ռազմավարական համագործակցության ծավալման տիրույթում։
Այլ խոսքերով ասած՝ ընդհանրական Արևմուտքը փորձում է որոշակի ճնշում բանեցնել այդ եռակողմ ռազմավարական համագործակցության ուղղությամբ»։
ԱԷՄԳ-ն հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք Փհենյանին արգելում են միջուկային զենք և բալիստիկ հրթիռային ծրագրեր մշակել։
Փորձագետ Արա Մարջանյանն այսպես է մեկնաբանում իրավիճակը․
«Ասեմ, որ այդպիսի երկրները շատ են, որոնք լրջորեն հիմա մտածում են սեփական միջուկային կարողությունների ուժեղացման ուղղությամբ, սկսած նույն Հյուսիսային Կորեայից, բայց նաև, Հարավային Կորեան, Ճապոնիան, Գերմանիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան․ Հիշեցնեմ Պակիստան- Թուրքիա-Սաուդյան Արաբիա վերջին եռակողմ ռազմաքաղաքական դաշինքի հիմնումը։ Այնպես, որ ֆիքսենք, որ չտարածման ռեժիմը խորը ճգնաժամ է ապրում և երկրները գտնվում են փնտրտուքների մեջ իրենց ազգային սուվերենությունը ամրապնդելու ուղղությամբ և դիտարկում են միջուկային հնարավորությունները որպես ինքնիշխանության թիվ մեկ գրավական»։
Փորձագետը համոզված է, որ շատ երկրներ այժմ հետևում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և, ըստ այդմ, ձգտում են ընդլայնելու իրենց միջուկային կարողությունները։ Սակայն, նրա համոզմամբ, դա փակուղի է տանում, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդը կհաղթի, և կստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք որոշ չափով կզսպեն միջուկային կարողությունների ընդլայնման միտումներն աշխարհում։