Չեն քվեարկում՝ կարող են կորցնել մանդատները․ ինչ է կատարվել Վաղարշապատի նոր կազմով ավագանու նիստում

 ԱԺ ընտրություններից հետո Վաղարշապատի ավագանին երկրորդ նստաշրջանի առաջին նիստն է անցկացրել արդեն նոր կազմով։ «Հաղթանակ» դաշինքի երկու անդամի փոխարեն նոր մարդիկ են եկել, խմբակցության ղեկավար է ընտրվել Էդգար Թամազյանը։ Նոր կազմի առաջին նիստն էլ առանց բանավեճի չի անցել․ ընդդիմությունը դժգոհել է, որ օրակարգի մի շարք հարցեր փակ  են ներկայացվում, և հրաժարվել է մասնակցել այդ քվեարկությանը։ Իշխանական մեծամասնությունն էլ հակադարձել է՝ ավագանու նիստերից բացակայելու դեպքում ընդդիմադիր անդամների մանդատները կարող են դադարեցվել։

Վաղարշապատի ավագանու նիստը սկսվեց համայնքի հիմնով, իսկ նիստի հիմնական թեման արագ տեղափոխվեց քաղաքական դաշտ՝ ով է մնացել ավագանու կազմում, ովքեր են եկել, և որքանով է ընդդիմությունը պատրաստ մասնակցել նոր կազմի աշխատանքին։

Նիստը վարող Արգիշտի Մեխակյանը ներկայացնում է «Հաղթանակ» խմբակցության կազմը՝ Սևակ Խաչատրյանին փոխարինել է Լևոն Մարկոսյանը:  Հաջորդիվ՝

 «Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է  «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Հարություն Վազգենի Հակոբյանին: «Հաղթանակ» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդգար Թամազյանը»:

 Բայց նոր կազմով առաջին նիստում արդեն առաջին տարաձայնությունն էր՝ օրակարգի հարցերի քննարկման ձևաչափի շուրջ։ 26 հարցից 15-ը չզեկուցվող էր։ «Հաղթանակը» պահանջեց բացել այդ հարցերը, իսկ եթե բոլորին անդրադառնալ հնարավոր չէ՝ գոնե քննարկել Աղավնատուն գյուղում տուֆի  արդյունահանման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքներին համաձայնություն տալու հարցը։

Առաջարկը մերժվեց։ Դաշինքը հայտարարեց, որ այդ պայմաններում չի մասնակցելու չզեկուցվող հարցերի քվեարկությանը:  

«Քարի հանք է, ուզում են ընդլայնել, նորից ուսումնասիրեն: Քանի որ մենք հանրային քննարկմանը ներկա չենք եղել, բնակիչների հուզող հարցերը չենք լսել, դրա համար մենք դա չզեկուցվող հարցերից փորձեցինք փոխել զեկուցվողի, որպեսզի հանրությունն ավելի մանրամասը տեղյակ լիներ»,- ասաց «Հաղթանակ» խմբակցության նոր ղեկավար Էդգար Թամազյանը։

Վաղարշապատի ավագանիում հստակ մեծամասնություն է ապահովում ՔՊ-ն՝ 33 անդամից 19-ը։ «Հաղթանակն» ունի 12 անդամ, «Մայր Հայաստանը»՝ 2։ Հետևաբար,  ընդդիմության չքվեարկելը որոշումների ընդուման վրա չի ազդել. դրանք անցել են ՔՊ-ի ձայներով։

Քվեարկություններից բացի, քննարկման առանցքում համայնքի փողոցների մաքրությունն էր։ Ավագանին հավանություն է տվել 2027-ի բյուջեից շուրջ 79 միլիոն դրամ հատկացնելու և նոր բազմաֆունկցիոնալ մեքենա ձեռք բերելու ծրագրին։

Էջմիածնում նման մեքենա արդեն կա՝ բարերարի նվիրաբերած, սակայն  Վաղարշապատի համայնքի ղեկավարի օգնական Ռաֆայել Զիրոյանի խոսքով, համայնքապետարանը դրա շահագործումը նպատակահարմար չի գտնում։

«Այդ մեքենան շատ մեծ է, որի արդյունքում չի կարողանում մաքրման պատշաճ աշխատանքներ իրականացնել: Նպատակահարմար է ձեռք բերել այս մեքենան, որն ուսումնասիրել ենք և տեղում դիտարկել աշխատանքը: Վստահ եմ, որ այն իր չափերով համապատասխանում է մեր քաղաքին: Ձեռք բերելուց հետո մեր բնակիչները կզգան թե՛ փողոցների, թե՛ մայթերի մաքրման աշխատանքների զգալի տարբերություն»:

Օրակարգի մյուս որոշումներն ավելի շատ համայնքային առօրյային էին վերաբերում։ Գյուղական բուժամբուլատորիաների վերակազմակերպումը «Վաղարշապատի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի կազմում,  հինգ տարով անհատույց տարածքի տրամադրումը  «Արմավիրի զարգացման կենտրոնին»՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցելու համար։ Նաև՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ֆինանսավորում՝ անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա ստեղծելու նպատակով։

Նիստում քաղաքական հակասությունների պակաս չկար։  Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը զգուշացրեց, որ անհարգելի բացակայությունների դեպքում ընդդիմադիր անդամների լիազորությունները կարող են դադարեցվել օրենքով սահմանված կարգով։  «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Էդգար Թամազյանն իր բացակայությունները կապում է նախընտրական շրջանի հետ՝ եղել է պատգամավորի թեկնածու, իսկ մյուս անդամների բացակայությունները, նրա խոսքով, տարբեր պատճառներ են ունեցել։

«Առաջիկայում բացակայությունների վերաբերյալ հիմնավորում կներկայացվի համայնքի ղեկավարին: Մնացածը՝ տարբեր պատճառներով են բացակայել՝ ընտանեկան, հիվանդության: Կարո՞ղ է իրենք նպատակ ունեն մեզ զրկել ավագանու մանդատից»:

Այսպիսով, նոր կազմով առաջին նիստում որոշումների մեծ մասն ընդունվեց,  ընդդիմությունը ձեռնպահ մնաց, իսկ քաղաքական հիմնական հարցը մնաց բաց՝ կշարունակե՞ն ընդդիմադիրները մասնակցել ավագանու աշխատանքին, և արդյոք նրանց բացակայությունները կհանգեցնե՞ն մանդատների դադարեցման։

Նիստից դուրս Էդգար Թամազյանը բարձրացրել է մեկ այլ հարց էլ՝ Մարգարայի խճուղու երկու կամուրջների վիճակը։ Նրա խոսքով՝ ավազահանքի բեռնատարների երթևեկության հետևանքով դրանք փլուզման եզրին են և վերակառուցման կարիք ունեն։

Leave a Comment