Իշխանեան. Դա Բոլորիս Պատուի Խնդիրն Է, Առաւել Եւս` Ձեր»

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեան երէկ Պաքուի բանտէն յղեց ձայնագրուած ուղերձ մը, որուն ընդմէջէն ան դիմեց Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքներու պաշտպանին` հրաւիրելով զայն Ազրպէյճան` Պաքուի մէջ պահուող հայ գերիներուն հետ հանդիպելու համար: Ուղերձին մէջ նշուեցաւ.

«Ազրպէյճանական մամուլից տեղեկացայ, որ Ազրպէյճանի մարդու իրաւունքների պաշտպան, տիկին Սապինա Ալիեւան, օրեր առաջ անդրադարձ է ունեցել Ազրպէյճանում գտնուող հայ կալանաւորներին, այսինքն` մեզ, եւ ներկայացրել, որ ամէն ինչ օրէնքի, մարդու իրաւունքների եւ միջազգային կանոնների շրջանակում է, եւ որ ինքը խորհրդապահական հանդիպումներ է ունենում մեզ հետ, ու որեւէ խնդիրներ չունենք:

Մարդու իրաւունքների կանոնների պահպանման տեսանկիւնից, ըստ Սապինա խանումի, ամէն ինչ բնական է:

Այո՛, ես հաստատում եմ, որ երեք տարուայ մէջ նա երեք անգամ հանդիպել է մեզ հետ: Վերջին անգամ` այս տարուայ մայիսի 5-ին: Չորս ամիս առաջ իր ասած այդ խորհրդապահական հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկութիւններ ենք տուել նրան մեր իրաւունքների, միջազգային իրաւունքի կանոնների խախտումների մասին` շատ բաց ու յստակ, ինչպէս մեր իրաւունքներին առնչուող, այնպէս էլ այդ խնդիրների հետ կապուած: Ակնկալել ենք իր միջնորդութիւնն ու աջակցութիւնը:

Մենք երախտամոռ չենք եւ, առիթն օգտագործելով, մէկ անգամ եւս հրապարակաւ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել տիկին Սապինային` իր նրբանկատութեան եւ մեզ ուղարկուած սուրճի, թէյի, քաղցրաւենիքի եւ գրքերի համար, բայց մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է:

Ստիպուած եմ մի քանի հարցեր բարձրաձայնել եւ ուղղել Սապինա խանումին: Վստահ եմ, որ նա հետեւում է մամուլին եւ կը տեղեկանայ իմ պատգամներին:

Մայիսի 5-ին` սոյն թուականի, մեր հետ հանդիպման ժամանակ գրաւոր դիմումով եւ բանաւոր խնդրել էինք տիկին պաշտպանին` Պաքուի ռազմական դատարանի փետրուարի 5-ի դատավճռի ազրպէյճաներէն եւ հայերէն տարբերակները իմ ընտանիքին փոխանցելու` կամ պաշտպանիս միջոցով, կամ Հայաստանի Հանրապետութեան իր գործընկերոջ միջոցով:

Նրան նաեւ տեղեկացրել էի, որ ոչ պաշտպանս եւ ոչ էլ որեւէ պաշտպան չունի այդ վճիռը: Ի դէպ, մինչեւ հիմա էլ չունեն: Արգելք է դրուած:

«Հայերէն տարբերակի հետ գործ չունեմ, ազրպէյճաներէն տարբերակը կը փորձեմ հասցնել». սա էր նրա խոստումը:

Չորս ամսից աւելի է անցել, եւ ոչինչ: Ես եւ ընտանիքս սպասում ենք, տիկին Ալիեւա:

Իմ ընտանիքն ու հարազատներս իրաւունք ունե՞ն տեղեակ լինելու, թէ ի՛նչ մեղադրականով են մեզ դատում եւ ի՛նչ վճիռ է կայացուել: Նոյնը` միւսների ընտանիքները: Իրաւունքի կամ կանոնների խախտո՞ւմ է, թէ՞ ոչ:

Պաշտպաններին մեղադրական աքթ կամ վճիռ չեն տրամադրում: Իրաւունքների խախտո՞ւմ է, թէ՞ ոչ: Մենք էլ փորձում ենք մեր ձեռքի տակ եղածը փոխանցել, չեն թոյլատրում, ուղղակի խոչընդոտներ են ստեղծում:

Նոյն օրը` մայիսի 5-ին, տիկին պաշտպանին տեղեկացրի, որ փետրուարի 5-ի Պաքուի ռազմական դատարանի վճիռը որեւէ կայքէջում չի հրապարակուել: Նա զարմացաւ եւ ինչ-որ բաներ գրեց ու… Ի՞նչ:

Նոյնպէս չորս ամիս է անցել ձեր խօսակցութիւնից, իսկ եօթ ամիս` դատավճռի կայացումից: Որտե՞ղ է այն հրապարակուել Ազրպէյճանի դատական համակարգի՞, արդարադատութեա՞ն, կառավարութեա՞ն, ո՞ր գերատեսչութեան կայքէջերում:

Գուցէ դուք ձեր կայքում դա զետեղե՞լ էիք: Չէ՞ որ մեզ մեղադրում են մարդկութեան դէմ գործած յանցանքների համար: Համաշխարհային հանրութիւնն իրաւունք ունի տեղեակ լինելու` ում, ինչի համար եւ ինչպէս են դատում Ազրպէյճանում:

Սա միջազգային կանո՞ն է, թէ՞ ոչ: Ես կ՛ասէի` մաքուր միջնադար է:

Եւս մէկ խնդիր: 5-ին ես նրան տեղեկացրեցի, որ դեռեւս 2025 թուականի օգոստոսի 22-ից ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները չենք կարողանում լիազօրագիր տրամադրել մեր վստահուած անձին Հայաստանի Հանրապետութիւնում, որպէսզի նա մեր շահերը կարողանայ պաշտպանել Հայաստանի Հանրապետութիւնում եւ նրանից դուրս:

Եւ ի՞նչ: Տիկին պաշտպանն այստեղ էլ զարմացաւ եւ գրառումներ կատարեց` քայլեր ձեռնարկելու համար: Ախր մենք բացատրեցինք նրան, եւ նա լաւ գիտի, որ Ազրպէյճանի պետական մարմինների արհեստական խոչընդոտներն են պատճառը:

Չորս ամիս է անցել, իսկ 2025 թուականի օգոստոսից` 13 ամիս: Մէկ տարուց աւելի մի բան փոխուե՞լ է: Սա մարդու և միջազգային իրաւունքի ոտնահարո՞ւմ է, թէ՞ ոչ:

Յաւելեալ տեղեկացնեմ տիկին պաշտպանին, որ Պաքուի վերաքննիչ դատարանի` օգոստոսի 6-ի, 2026 թուականի դատական վճիռը 14 րոպէանոց դատական նիստի մասին է խօսքը, որին ներկայ էին նաեւ նրա գրասենեակի ներկայացուցիչները:

Մինչ այս պահը նոյնպես չենք ստացել: Չեն տալիս, եւ վերջ:

ուցէ հիմա էլ են հայերէն թարգմանում ու թարգմանութեան պատճառաբանութեամբ ձգձգում դրա տրամադրումը, թէ քաղաքական եղանակն է ամպամած, թէ դա ձեր խնդիրը չէ: Պէտք է ասի նա` պաշտպաններն են ձեր իրաւունքների հարցերով զբաղւում:

Դատական նիստից յետոյ ո՛չ պաշտպաններ ենք տեսել, ո՛չ էլ մեր հարցերին պատասխանող կայ:

Ի դէպ, ես ազրպէյճաներէն տարբերակի վճիռն եմ ուզել, բայց ոչ մի արդիւնք:

Եւ նմանատիպ ոչ քիչ հարցեր` մեր իրաւունքներին, միջազգային կանոններին առնչուող:

Իսկ որքանո՞վ է հասանելի Ազրպէյճանի մարդու իրաւունքների պաշտպանը, կամ ինչպէ՞ս կարելի է թէժ գծով կապ հաստատել մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի հետ: Լինի դա Պաքուի պետական անվտանգութեան ծառայութեան մեկուսարանում, կամ այստեղ` քրէակատարողական հիմնարկում:

Աւելի լաւ է այդ մասին չխօսեմ, ճիշդ չէ: Կարճ ասեմ` ոչ մի ձեւով:

Յարգարժան Սապինա խանում, յոյս ունեմ` ձեզ մօտ ժամանակներս կը հիւրընկալենք մեր հիւրընկալ խցում:

Իսկ հիմա` մի քանի խօսք Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանի եւ Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան պատկան մարմինների ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների յարգարժան պաշտպան, ես ձեզ մայիսի 6-ին հեռակայ կարգով դիմել էի մի քանի հարցերով` ունենալով որոշ ակնկալիքներ: Զերօ արդիւնք:

Հարցերով չկրկնուեմ, բայց այն ժամանակ ես կասկածում էի ձեր պատասխանատուութեան եւ խիզախութեան վրայ: Կարծես` չեմ սխալուել:

Ձեզ համար որեւէ խնդիր չէր որեւէ ձեւով ստանալու այդ դատավճիռը եւ մեղադրականը եւ ընտանիքիս փոխանցելու: Միաժամանակ կը ծանօթանայիք բովանդակութեանը եւ կը տեղեկանայիք, թէ ի՛նչ շինծու եւ կեղծ մեղադրանքներ ու ձեւակերպումներ են արուած մեր ժողովրդի ու մեր պետութեան հասցէին` պատուական խնդիրներ:

Չերկարացնեմ: Ես ձեզ հիմա հրաւիրում եմ Ազրպէյճանի Ումպաքի քրէակատարողական հիմնարկ` մեզ հետ հանդիպման:

Կարծում եմ` ներկայ քաղաքական յարաբերութիւնների շրջանակներում դա լրիւ տեղաւորւում է, եւ որեւէ բարդութիւն պէտք չէ լինի:

աք եւ ծանօթանաք խաղաղութեան դատավարութեան դատապարտեալներին: Ազրպէյճանի Հանրապետութեան ձեր գործընկերուհին էլ հաւանաբար ձեզ կ՛ուղեկցի, եւ դուք, ինչպէս ասում են, առաջին ձեռքից կը տեղեկանաք ամէն ինչի մասին:

Սպասում ենք:

Իսկ Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետեւեալն է:

Պահանջէ՛ք եւ ստացէ՛ք, ինչպէս ազրպէյանական մամուլն է ձեւակերպում, «ծագումով հայ` Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների» մեղադրական աքթ ու եզրակացութիւն կոչուած փաստաթղթերը, դատավճիռները եւ ինքներդ քննարկէք` կա՞ն հայկական պետականութեանն ու պետութեանը, ինչպէս նաեւ հայ ժողովրդի իրաւունքներին ու պատուին անդրադարձող հարցեր:

Մենք, բնականաբար, այդ ամէնին տուել ու տալիս ենք հիմնաւորուած, փաստարկուած, արժանի պատասխաններ եւ բացատրութիւններ:

Մի՛ կասկածէք, այս դատավարութիւնը Ազրպէյճանի դատական համակարգի համար վերածուել է կատարեալ խայտառակութեան:

Դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք: Այլ հարց է, թէ ինչպէս է դատական նիստին ներկայ գտնուող` կախեալ եւ գրաքննուող մամուլը այն ներկայացնում:

Ինչպէս ասում են` ձեան տակ գտնուող կեղտը մի օր բացւում է:

Պարոնայք պետական պատասխանատուներ, Ազրպէյճանում գտնուող 19 անձինք Հայաստանի Հանրապետութեան անձնագիր կրող անհատներ են:

Իմացած եղէք, որ դա մեր անհատական պատուի խնդիրը չէ: Դա բոլորիս պատուի խնդիրն է:

Առաւել եւս` ձեր ժողովրդական լեզուով ասած` մի քիչ թասիբ ունեցէք եւ տէր կանգնէք:

Օրինակ վերցրէք օտարներից»:

Leave a Comment