Հայաստանը բողոքարկում է ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է պատասխանի 60-90 օրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 60-90 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի Հայաստանի դիմումը՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու վերաբերյալ։ Ուսումնասիրությունը ենթադրում է փորձագիտական քննարկումներ։ Բացի այդ՝ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը, որպեսզի համակողմանիորեն ներկայացվի խնդիրը։ Հայկական կողմը հանձնաժողովին արդեն ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումները։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ խոսքը տարբեր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող ներմուծման արգելքի, լրացուցիչ վերահսկողության և փաստաթղթերի պահանջների մասին է։ Այս պահին բարձրացված հարցերի վերաբերյալ եզրակացությունները պատրաստ են և քննարկման փուլում են։ Հաջորդիվ դրանք կքննարկի և կքվեարկի ԵՏՀ կոլեգիան։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ասում է, որ հայկական կողմը խնդրի լուծման ԵԱՏՄ մեխանիզմներն օգտագործում է դեռևս հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումների առաջին օրվանից․

«Մեր կարծիքով խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի»։

Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է, հետևաբար այդ միության ամբողջ գործիքակազմը պետք է աշխատի նաև Հայաստանի համար, մանրամասնում է փոխնախարարը։ Նա ընդգծում է, որ Հայաստանի կառավարությունն ակնկալում է գործող մեխանիզմների միջոցով վերացնել սահմանափակումները․

«Կարևոր են ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Մենք բողոքել ենք և հույս ունենք, և վստահ ենք, որ պետք մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»։

Այս տարվա մայիսից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակել է Հայաստանի տարբեր ապրանքների ներմուծումը։ Այդ որոշումները հաջորդեցին նախ Երևանում անցկացված եվրոպական երկու գագաթնաժողովներին։ Այնուհետև Հայաստանի առջև պահանջ դրվեց արագ ընտրություն կատարելու Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև։ Չնայած ժամանակային այդ համընկնումներին, ռուս պաշտոնյաները սահմանափակումները բացատրում են նրանով, որ հայկական ապրանքները չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։

Մասնավորապես, հայկական գյուղատնտեսական արտադրանքից դժգոհ «Ռոսսելխոզնադզորը» պահանջում է, որ Հայաստանը փաստաթղթերով ներկայացնի՝ ինչ ստուգումներ է իրականացրել, ինչ խախտումներ են հայտնաբերվել և ինչպես են դրանք հետագայում կանխվելու։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք»։

Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները վերականգնելու համար ռուսական կողմը մի քանի պայման է առաջադրել։ ՌԴ գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ անհրաժեշտ է ապահովել ներմուծվող արտադրանքի անվտանգությունը, պահպանել պարտադիր պահանջները, վերահսկել թունաքիմիկատների օգտագործումը, ապահովել արտադրանքի հետագծելիությունը և երաշխավորել, որ հայկական արտադրողները օգտագործում են սեփական հումքը։ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել այդ պահանջները կատարելու դեպքում։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև քննարկումներն ընթանում են կառուցողական երկխոսության տրամաբանությամբ․

«ՍԱՏՄ գործառույթների և օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իրականացվում են վերահսկողական բոլոր միջոցառումները»։

Ինչ վերաբերում է հայկական արտադրանքի արտահանման տեխնիկական խոչընդոտներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նման իրավիճակներ նախկինում ևս եղել են․ «Եղել են դրվագներ, որոնց փաթեթների խնդիրների պատճառով դժվար է եղել անցնել սահման, որովհետև ռուսական կողմը ասել է, որ դուք լիարժեք, օրինակ, չեք լրացրել ձեր հայտարարերը կամ փաթեթները կցել, մենք էդ ուղղությամբ մեծ ջանք ենք դրել»։

Այս պահին, սակայն, ռուսական կողմի պահանջները միայն արտադրանքի որակին են վերաբերում, ասում է Էդուարդ Հակոբյանը․ «Այդ վիճակը արդեն կարելի է ասել՝ հաղթահարված է։ Այսինքն՝ խոսում ենք հիմա որակի մասին։ Փաստաթղթային արհեստական խոչընդոտ չկա։ Մենք ուղիղ կապի մեջ ենք մեր մաքսային գործընկերների հետ։ Ցանկացած հարց, որը մեր տիրույթում է, դրանք շատ արագ լուծվում են»։

Հայկական ապրանքի արտահանման սահմանափակումների հարցը քննարկվել է նաև անցած շաբաթ Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ։ Առաջիկայում այդ հարցերն ի թիվս այլ հարցերի երկու երկրների ղեկավարները կքննարկեն Մոսկվայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ժամկետները, սակայն, դեռևս չեն հայտարարվել։

Մինչև այդ՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է տնտեսական դիվերսիֆիկացիայի իր քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ անգամ եթե ռուսական շուկան ամբողջությամբ բացվի Հայաստանի համար, կառավարությունը շարունակելու է հայկական արտադրանքի իրացման նոր շուկաներ փնտրել՝ այդ թվում եվրոպական, արաբական և թուրքական ուղղություններով։

Leave a Comment