44-օրյա պատերազմից վեց տարի անց էլ շարունակվում են տարաձայնությունները և անգամ քաղաքական շահարկումները ցավալի հարցի՝ զոհերի թվի շուրջ։ Ընդդիմությունը տարիներ ի վեր 5000 զոհի մասին է խոսում։ Իշխանությունն այդ թիվը մշտապես համարում է ուռճացված՝ հրապարակելով այլ թվեր։ Այս հարցում վերջակետ է փորձել դնել Քննչական կոմիտեն՝ հրապարակելով պաշտոնական տվյալներ։ Ըստ այդմ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ։ Ինչու է Քննչական կոմիտեն կրկին անդրադարձել այս հարցին։
44-օրյա պատերազմում զոհվածների թիվը իշխանությունը հաստատուն կերպով հրապարակում էր դեռ նախընտրական շրջանից՝ ի պատասխան ընդդիմության հայտարարությունների և անհամաձայնության։ Այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հորդորում հանգիստ թողնել այս թեման՝ շահարկումները որակելով «սրիկայություն»։
«Անհրաժեշտ է մի բան ֆիքսել և այս թեմային հնարավորինս էլ թույլ չտալ անդրադառնալ։ Փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը, ասում են՝ 5,000-ից ավելի, 6,000-ից մինչև 10,000։ Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Այդ թիվը 44-օրյա պատերազմի քրեական գործերով անուն առ անուն, ազգանունով ապացուցված 3,833 է»։
Այս թվից բացի՝ երբեմն հրապարակվում է նաև մեկ այլ թիվ՝ 3755։ Սա նույնպես հանդիպում է Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Դա զոհված զինծառայողների թիվն է։ Եթե դրան գումարվում է զոհված 78 քաղաքացիական անձանց թիվը, ստացվում է 3833՝ հենց Ալեն Սիմոնյանի և Քննչական կոմիտեի հրապարակած ընդհանուր թիվը։
Քննչական կոմիտեի նոր պարզաբանումը հետևել է օրերս Հայաստանի նախագահի հայտարարության շուրջ բարձրացած աղմուկին և Չեխիա պաշտոնական այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանի շփոթմունքին։ Թեև նրա հրապարակած 4800 թիվը նախագահի աշխատակազմից շտապեցին շտկել, թեման նորից հարցեր առաջացրեց։
Ընդդիմությունից տարբեր ժամանակներում հայտարարել են, որ պաշտոնական թվերը արժանահավատ կհամարեն, եթե անուն-ազգանուններով հրապարակվի զոհվածների ամբողջական ցանկը։ Վերջին անգամ ԱԺ-ում այս հարցը բարձրացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մեր հասարակության մեջ կա մեծ դիսկուրս, և բազում անգամ բարձրացվել է այդ հարցը։ Կարծում եմ, որ պետք է տեղի ունենա վերջին 8 տարիների ընթացքում Արցախի պաշտպանության, Հայաստանի պաշտպանության համար զոհված բոլոր մեր հայրենակիցների՝ Արցախից և Հայաստանից, անվանական, նկարներով ներկայացումը հանրությանը»։
Թե ինչու ցուցակ չկա անուն-ազգանուններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն բացատրել է՝ ոչինչ չեն թաքցնում, իսկ զոհերի անունները հրապարակված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որտեղ ներառված են նաև 2016-ի քառօրյա պատերազմում զոհվածների անունները։
«Ճիշտ է զոհվածների, մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել։ Դա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել է այնտեղ»։
Պատերազմին առնչվող կնճռոտ հարցերի պարզաբանումները ստանալու կարևոր աղբյուրներից մեկը համարվում էր ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Հանձնաժողովը ստեղծվել էր 2022-ին՝ հանրային հնչեղություն ունեցող հարցերի պատասխանները պարզաբանելու համար։ 2025 թվականին այն ավարտեց աշխատանքը, սակայն զեկույցը հանրությանը հասանելի չդարձավ և մնաց ԱԺ արխիվում։
Նոր խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը համարում է, որ 44-օրյա պատերազմի զեկույցը հայտնվել է ԱԺ արխիվում օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով։ Սակայն գործող խորհրդարանի հանձնաժողովները չեն կարող վերանայել նախորդի հանձնաժողովների որոշումները։ Գաբրիելյանն այս դեպքում ուրիշ լուծում է պատկերացնում։
«Քանի որ մեր հանրությունը, ըստ էության, տեղյակ չի զեկույցի բովանդակությանը, նշանակում է՝ հանձնաժողովը, որպես այդպիսին, իր նպատակին չի ծառայել։ Միանշանակ օրենսդրական գործունեության շրջանակներում պետք է խնդիրը ուսումնասիրել, հասկանալ՝ որտե՞ղ է օրենքում այն տեղը, որտեղ փաստացի, իմ կարծիքով, տեղի է ունեցել օրենքի սխալ մեկնաբանում և գուցե լուծել այդ խնդիրը, որպեսզի հանրությանը դառնա հասանելի, որովհետև հանրության իրազեկ լինելու իրավունքը խաթարված չի կարող լինել»։
Քննչական կոմիտեի հայտարարության մեջ կա նաև մեկ այլ թիվ։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը․ նրանցից 172-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձ։ Անհետ կորածների գործերով միջազգային ատյաններում զբաղվող իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Ադրբեջանի գործողություններում օրինաչափություն է նկատել։
«Մոտեցումը հիմնականում մերժողական է, և սա է մեզ անհանգստացնում։ Մերժման ճանապարհով փորձում են նաև ժխտել պատասխանատվությունը, իսկ այս պատասխանատվությունը, կարծում եմ, լուրջ է, և մենք կարող ենք ընդհուպ կյանքի իրավունքի խախտումների դեպքեր բացահայտել»։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» անհետ կորած անձանց հարազատների անունից գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբին։ Կան գործեր, որոնց վերաբերյալ ստացել են հարցումներ, ինչպես նաև՝ ժխտողական պատասխաններ։
Ընթացիկ իրավական գործընթացներում վերջնական գնահատականը տալու են իրավասու ատյանները՝ արձանագրելով փաստերն ու ապացույցները։ Անհետ կորած անձանց վերաբերյալ տվյալների փոխանակումը նաև Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթերում է ամրագրված։