Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան ավելացել է ավելի քան 2,3 անգամ։ Մինչդեռ 2022-2025 թվականներին ինչպես ներհոսքը, այնպես էլ արտահոսքը բազմապատկվել են։ Մասնագետներն ու պատասխանատուները սա 2022 թ․ ռուս-ուկրաինական պատերամզով ու Հայաստան ժամանած ռելոկանտներով են պայմանավորում։ Նշում են, որ այս պահին փոխանցումները տարանջատելը այնքան էլ հեշտ չէ։ Աշխարհագրության մեջ էական փոփոխություններ նույնպես նկատվում են։ Մասնավորապես ավելացել են ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները։ Փորձագետները սա Հայաստանի տնտեսության կայունացման միտումներով են բացատրում:
Հայաստան դրամական փոխանցումների մասին խոսելիս մասնագետները առնաձնացնում են մինչև 2022 թ․ ու դրանից հետո ընկած ժամանակաշրջանը։ Կիսամյակային տվյալներով Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքն ավելացել է ավելի քան 2,3 անգամ։ 2022-ից հետո Հայաստանում դրամական փոխանցումները կտրուկ ավելացան։ Սա և ֆիզիկական, և իրավաբանական անձանց է վերաբերում։
Դասական իմաստով տրանսֆերտները խառնվեցին։ Սեզոնային աշխատողների հոսքն ու հարազատների միջև փոխանցումներին ավելացան նաև այլ փոխանցումները։ Մանրամասնում է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը․
«Մեկ էլ մի հսկայական ծավալ եկավ, որոնց մի մասը կամ այլ երկիրներ գնաց, կամ վերադրաձան։ Դրանց էական մասը բանկերում ներդրվեցին խնայողությունների տեսքով, քիչ-քիչ ավանդի վերածվեցին, կամ անշարժ գույք ձեռք բերվեց»։
2022-2025 թվականներին ինչպես ներհոսքը, այնպես էլ արտահոսքը բազմապատկվել են (2021 թ. 2,1 մլրդ դոլարի համեմատ հասնելով մինչև 6 մլրդ դոլարի): Թեև ընդհանուր ներհոսքը բարձր է մնում, ոչ առևտրային (մասնավոր) տրանսֆերտների մասնաբաժինը նվազել է։ Դա ցույց է տալիս, որ գումարների զգալի մասը փոխանցվում է ֆինանսական կամ առևտրային գործարքների նպատակով: Վիճակագրության համաձայն, Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ընդհանուր ծավալը 2025 թվականին կազմել է 3,9 միլիարդ դոլար, մինչդեռ հանրապետության ՀՆԱ-ն անցյալ տարի հասել է 29,5 մլրդ դոլարի։
Տնտեսագետ Սոս Խաչիկյանը ընդգծում է՝ վիճակագրության մեջ կարևոր են ոչ միայն թվերը, այլև այն, թե այդ գումարները ինչ նպատակով են փոխանցվել․
«Այստեղ խնդիրն այն չէ, թե տնտեսության հետ կապված հոսքերը ինչպիսին են, այլ այն, թե որքանով են այդ հոսքերը դառնում անկանխատեսելի, տնտեսության համար, այսպես ասենք՝ ոչ այնքան պիտանի ցուցանիշ։ 2022–ից հետո է պատկերը փոխվել, կարևոր է՝ ինչի՛ հաշվին․ ֆիզիկական փոխանցումները կատարվող աշխատանքի՞, գործարար գործակցությա՛ն, թե՛ այլ նպատակով»։
Ռուսաստանից բացի, Հայաստան խոշոր դրամական փոխանցումներ են ստացվել Միացյալ Նահանգներից (733,8 մլն դոլար), Միացյալ Թագավորությունից (207,3 մլն դոլար) և Շվեյցարիայից (131,9 մլն դոլար): 2023 թ. ներհոսքը կազմել է 5 մլրդ 696 մլն դոլար, արտահոսքը կտրուկ աճել է՝ հասնելով 4 մլրդ 41 մլն դոլարի (զուտ ներհոսքը՝ 1 մլրդ 655 մլն դոլար): 2024 թ. ներհոսքը կազմել է 5 մլրդ 837 մլն դոլար, արտահոսքը՝ 4 մլրդ 328 մլն դոլար (զուտ ներհոսքը՝ 1 մլրդ 509 մլն դոլար)։ 2025 թ. ներհոսքը հասել է 5 մլրդ 980 մլն դոլարի, արտահոսքը՝ 4 մլրդ 340 մլն դոլարի, իսկ զուտ ներհոսքը՝ 1 մլրդ 640 մլն դոլարի:
Իրավիճակը վերլուծում է ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը․ «Անգամ, եթե նախորդ տարվա համեմատ դրամական փոխանցումները ավելացել են 2 անգամ, միևնույնն է, դրանք նորից առևտրային բնույթի փոխանցումները չեն, այն, ինչը մենք համարում ենք, որ մեր ներքին տնտեսության վրա ազդեցություն կունենան, դա դրա շատ փոքր, մոտավորապես 30 % ավելի քիչ տոկոս մասն է, որ ուղղակի հենց, որպես ոչ առևտրային փոխանցումներ են։ Դրանց աճը էլի բավականաչափ բարձր է` մոտ 20 % հունվար-հունիսով, նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ աճ ունենք։ Դրանք ուղղակիորեն փոխանցումներ չեն, այլ կապված են առևտրային գործունեության հետ»։
2022–ին ռելոկանտները Հայաստանից էին աշխատում արտերկրի գործընկերների հետ։ Աշխատավարձը փոխանցվում էր նրանց հաշվին, հետո այստեղից դուրս էր գալիս ու փոխանցվում օրինակ՝ ՌԴ։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանն արձանագրում է՝ ընդհանուր առմամբ, հոսքը այդքան էլ տեսանելի չէ։ ԿԲ-ն ու ֆինանսաբանկային մյուս կառույցները պետք է հետևեն փոփոխություններին՝ ասում է տնտեսագետը։ Հատկանշանակն է, որ ԱՄՆ-ից փոխանցումները ավելանում են՝ 2021-580 մլն դոլարի դիմաց՝ 2025-ին՝ 734 մլն դոլար։ Սա տնտեսագետը հստակ տնտեսական քաղաքականությամբ է պայմանավորում
«Այն հանգամանքով, որ Հայաստանում տնտեսությունն ունի կայունացման միտում։ Արդեն դա դառնում է երկարաժամկետ, ռազմավարությունը երկարաժամկետ է։ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը ևս երկարաժամկետ է։ Իսկ դա տնտեսությունը բացելուն է վերաբերում»։
Փոքր, բայց բաց տնտեսություն է, որը դեռ շարունակում է բացվել՝ ամփոփում է տնտեսագետը, սրանով պայմանվորելով տարբեր երկրներից դրամական հոսքերի ավելացումը։ Նրա կարծիքով, այստեղ կարևոր դեր ունի բիզնեսի հոգեբանությունն ու հատկապես 2025թ․ օգոստոսի ութին ստորագրված Վաշինգտոնյան համաձայանգիրը։