Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։ Երկու առաջնորդներն էլ դրական են գնահատել այցի արդյունքները՝ ընդգծելով դրանց նշանակությունը ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ շահագրգռված է իր պաշտոնավարման ընթացքում առանցքային բեկման հասնելու հարցում՝ առանձնանշելով Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտի անհրաժեշտությունը։

Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողությունների դադարեցումը լայն հնարավորություններ կստեղծի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների լայնածավալ վերականգնման համար։

Պուտինը աջակցել է ամերիկյան առաջնորդի՝ կառուցողական գործընկերություն ձևավորելու տրամադրվածությանը և առանձին ընդգծել, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի։

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը և անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույցներ անցկացնել։

Leave a Comment