Նոր աղբամանների պահանջարկ, կանգառներից ավտոմեքենաների պարտադիր դուրսբերում և ճանապարհային երեք նոր հանգույցների կառուցում․ արձակուրդից վերադարձած քաղաքապետարանի գործակարգավարական առաջին խորհրդակցության օրակարգը հագեցած էր։
Երևանը ծանրաբեռնված քաղաք է՝ կանգառները մարդկանցով, փողոցները՝ մեքենաներով, բակերը՝ աղբամաններով։
Մայրաքաղաքի խնդիրների այս պատկերն արձանագրվեց սեպտեմբերի առաջին գործակարգավարական նիստում։ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը, որը ստեղծվել է նախորդ տարվա վերջին՝ ճանապարհային երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրում է մայրաքաղաքի երթևեկությունը։ Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի խոսքով՝ հավաքվում են տրանսպորտային հոսքերի մասին տվյալներ, Երևանի տրանսպորտի վարչության հետ ուսումնասիրվում են կոնկրետ փողոցներ և խաչմերուկներ․
«Արդեն վերակազմակերպվել կամ վերացվել են երթևեկությունը խոչընդոտող կրպակները, վերանայվել է կայանման կազմակերպումը»։
Երթևեկության ծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկը սխալ կայանված մեքենաներն են, որոնք զբաղեցնում են փողոցների մի հատվածը և լրացուցիչ բեռ դառնում երթևեկության համար։ Ուսումնասիրություններով արդեն առանձնացվել են նոր ավտոկայանատեղիների կառուցման մի շարք հնարավոր վայրեր։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արված աշխատանքը դրական է գնահատում, սակայն արձանագրում է՝ Երևանի համար խցանումները շարունակում են մնալ հիմնական խնդիրներից․
«Ես ուզում եմ հստակ արձանագրել խնդիրները, որոնք մեզ համար այսօր գերակա են․ դրանք ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրներն են, մարդատար ավտոմեքենաների աճող քանակը, տարատեսակ հատվածներում ապօրինի կանգառները և նույնիսկ մինչև կանգառներ վերադասավորումը»։
Ավինյանի խոսքով՝ կանգառներում կայանվող բոլոր ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն, որ հանրային տրանսպորտը երկրորդ շարքում չկանգնի․
«Սա ամենասուր խնդիրներից մեկն է հիմա քաղաքում, և ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա։ Ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն, դրանք են ապահովելու հանրային տրանսպորտի արագ տեղափոխությունը քաղաքով»։
Հանրային տրանսպորտի ուշացումը և կանգառներում մարդկանց կուտակումը ոչ թե ավտոբուսների պակասի, այլ փողոցների ծանրաբեռնվածության պատճառով է՝ ասում է քաղաքապետը․
«Որը նաև բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածությանը և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը»։
Մայրաքաղաքի երթևեկությունը կարգավորելու առումով քաղաքապետը կարևորում է ճանապարհային երեք նոր հանգույցների կառուցման մեկնարկը։ Ասում է՝ թվարկվածները երկար սպասված ու նաև ուշացած ծրագրեր են․
«Խոսքը Հյուսիս-հարավի միջպետական՝ Նորագավթի հատվածի էստակադայի, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի և իհարկե, Բաբաջանյան- Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցման մասին է, և ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ առիթով»։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ռոմանոս Սաֆարյանը, որ շաբաթներ առաջ է ստանձնել այդ պաշտոնն ու առաջին անգամ է մասնակցում գործակարգավարական նիստին, զեկուցում է՝ այս պահին աղբամանների գույքագրման աշխատանքներ են ընթանում․
«Իրականացվել է ընդհանուր թվով 9359 աղբամանների սպասարկում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ամենօրյա գրաֆիկով իրականացվել է վարձակալական հիմունքներով տրամադրված 225 աղբամանների սպասարկում»։
Քաղաքապետն արձագանքում է՝ վարձակալական հիմունքներով տրամադրված աղբամանների քանակը պետք է ավելացվեն․
«Որովհետև շատ դեպքերում մասնավոր բիզնեսները իրենց ծավալներով գերծանրաբեռնում են մեր աղբատարները և դրա համար կա առանձնացված իրենց համար ծառայություն՝ վճարովի, և ես կարծում եմ, որ 225 աղբամանները Երևան քաղաքի համար վարձակալության հիմունքներով տրված, շատ քիչ են»։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ աղբահանության հարցում անհրաժեշտ է տնտեսվարողների հետ առանձին քննարկում անցկացնել։ Նրանք պետք է օգտվեն քաղաքապետարանի ծառայություններից և առանձին սպասարկվեն, քանի որ նրանց առաջացրած աղբի ծավալները զգալիորեն գերազանցում են համայնքի բնակիչների կենցաղային աղբի ծավալները։