Մոսկվայից Կիև. կհաջողվի՞ Թրամփի բանագնացներին կանգնեցնել պատերազմը

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ժամանել են Կիև, որտեղ նրանց անձամբ դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Սա պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկացի բանագնացների առաջին պաշտոնական այցն է Ուկրաինայի մայրաքաղաք․ նրանք բազմիցս եղել էին Մոսկվայում, սակայն չէին այցելել Կիև։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ուկրաինական կողմն արդեն պատրաստել է իր առաջարկների փաթեթը․  քննարկվելու են հակամարտության արագ հանգուցալուծման և տևական խաղաղության հասնելու կոնկրետ մեխանիզմները։ Կիևը շեշտը դնելու է Ուկրաինայի համար երկարաժամկետ երաշխիքների վրա՝ ապագայում նոր հակամարտությունը բացառելու նպատակով։ Օրակարգում ներառված են նաև տնտեսական ու ներդրումային հարցեր։ Ըստ մամուլի՝ քննարկումներին սպասվում է նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մասնակցությունը՝ առաջարկները դաշնակիցների հետ համաձայնեցնելու համար։

Նախօրեին ամերիկացի ներկայացուցիչները բանակցություններ էին վարել Պուտինի հետ Կրեմլում։ Նրա օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ և եղել է «բովանդակային ու կառուցողական» ։ Սպիտակ տանը հայտնել են, որ կողմերը քննարկել են պատերազմի դադարեցման ուղղությամբ հետագա քայլերի կոնկրետ ծրագրերը։ Բանակցությունների  անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվան և Կիևը համաձայնել են 3 օրով դադարեցնել օդային հարվածները մայրաքաղաքների ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ քննարկումները չեն սահմանափակվել միայն ռազմական ճգնաժամով։ Կողմերը մանրամասն անդրադարձել են նաև ռուս-ամերիկյան հնարավոր տնտեսական նախագծերին։

Տեսախցիկների առջև կայացած զրույցի մանրամասները

Մինչև փակ դռների հետևում բանակցելը  կողմերը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով։ Հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրավիճակն իսկապես  բարդ է և  խնդրել ամերիկյան պատվիրակությանը Դոնալդ Թրամփին փոխանցել իր լավագույն մաղթանքներն ու երախտագիտությունը. «Թեև Դոնալդ Թրամփը քաջ գիտակցում է, թե որքան խճճված է հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, այդուհանդերձ, չի դադարեցնում ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու իր փորձերը»։

Անդրադառնալով բանագնացների սպասվող կիևյան այցին՝ Պուտինը կարևորել է միջնորդության որակն ու վստահությունը. «Մեզ համար ձեզ հետ աշխատելը հարմարավետ է, և վստահության մակարդակը, անշուշտ, բավականին բարձր է»։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար Սթիվեն Ուիտկոֆը նույնպես գոհունակություն է հայտնել՝ նշելով, որ Պուտինի հետ շփումը «հիշարժան» պահ է։ Նա շնորհակալություն է հայտնել նաև օգոստոսին նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին ազատ արձակելու համար։

Եռօրյա «լռության ռեժիմի» կուլիսները

Զրույցի ընթացքում Սթիվեն Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը երեք օրով կրակը դադարեցնելու համաձայնության համար, որպեսզի պատվիրակությունը կարողանա անվտանգ ռեժիմով մեկնել Կիև և Մոսկվա։ Ի պատասխան Վլադիմիր Պուտինը նշել է. «Մենք այս խնդրանքը ստացել ենք և՛ հատուկ ծառայությունների, և՛ Արտաքին գործերի նախարարության խողովակներով, և ես տվել եմ համապատասխան հրահանգը»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նունպես հայտարարել է, որ պատվիրակության անվտանգությունն ապահովելու նպատակով Ուկրաինան երեք օրով ամբողջությամբ դադարեցնում է օդային հարվածները Մոսկվայի ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը. արդյո՞ք խնդիրը տեղափոխվում է այլ հարթություն

Մոսկովյան հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը TASS-ին տված հարցազրույցում չի բացառել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը։ Ռյաբկովը նշել է նաև, որ դեռ վաղ է խոսել գործնական նախապատրաստական փուլի մասին, քանի որ պետք է հստակեցվեն օրակարգն ու սպասվելիք արդյունքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են նոյեմբերի 18-ից 19-ը Չինաստանում կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության  գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ նման եռակողմ հանդիպման հնարավորությունը։

Այս հայտարարությունների ֆոնին փորձագիտական դաշտում հարց է հնչում՝ արդյո՞ք ուկրաինական խնդրի կարգավորումը տեղափոխվում է այլ՝ ավելի լայն աշխարհաքաղաքական հարթություն: Ըստ վերլուծաբանների՝ հակամարտության կարգավորման ձևաչափում Չինաստանի հնարավոր ներգրավումը և հարցի քննարկումը տնտեսական խոշորագույն պլատֆորմում կարող են փոխել բանակցությունների հետագա տրամաբանությունը՝ այն երկկողմ ռազմական տիրույթից տեղափոխելով գլոբալ անվտանգության և տնտեսական երաշխիքների դաշտ:

Փորձագետները նշում են նաև, որ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել՝ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի տարածքային նոր իրողությունների վրա։ Ուկրաինական կողմի վերլուծաբաններն իրենց հերթին շեշտում են, որ Կիևի համար անընդունելի է մնում տարածքների զիջման և ՆԱՏՕ-ին չանդամակցելու հաշվին որևէ պարտադրված խաղաղություն, և Զելենսկին շեշտը դնելու է անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վրա։

Բանագանացների մասին

Միջազգային հարաբերությունների մասնագետների դիտարկմամբ՝ բանագնացների կազմը փաստում է նաև այն մասին, որ Սպիտակ տունը հարցին մոտենում է ոչ թե դասական արտաքին քաղաքականության, այլ խոշոր տնտեսական գործարքի տրամաբանությամբ։ Այս մեկնաբանության օգին է նաև Ուշակովի այն հայտարարությանը, որ Կրեմլում քննարկվել են ռուս-ամերիկյան տնտեսական նախագծերը։

Վերլուծաբանները Ռյաբկովի և Ուշակովի հայտարարությունները կապում են հակամարտության լուծումը գլոբալ հարթակ դուրս բերելու Թրամփի թիմի հնարավոր մտադրության հետ, որտեղ Չինաստանի ներգրավումը կարող է լրացուցիչ աշխարհաքաղաքական երաշխիք դառնալ։

Ի՞նչ է սպասվում հաջորդիվ   

Ամերիկացի պաշտոնյաները հայտնում են, որ Սթիվեն Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները Ուկրաինայում ակնկալում են նույնքան արդյունավետ քննարկումներ, որքան Մոսկվայում էր։ Կիևյան այցի համար դիվանագիտական միջոցառումների պլանն արդեն հաստատվել է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում հայտնել է բովանդակային ու առարկայական խոսակցության պատրաստակամության մասին։

Ըստ փորձագիտական ամփոփումների՝ չնայած խորը տարաձայնություններին՝ այն փաստը, որ հակամարտող կողմերը համաձայնել են պաշտոնական խողովակներով ընդունելու նույն միջնորդներին և ժամանակավորապես կանգնեցնելու հարվածները, հավակնում է վերջին տարիների ամենալուրջ դիվանագիտական նախադեպը դառնալ։

Leave a Comment