Այսօր ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան-Պոլ-Բելմոնդոյի հիշատակի օրն է։

2021 թվականի սեպտեմբերի 6-ին դերասանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝ մխրճվելով երկնային հավիտենություն։ Իր կյանքի գրեթե բոլոր ժամանակափուլերում, բարդ ու վտանգավոր դերեր խաղալով՝ հաճախ է ճաշակել կյանքի ու հավիտենության զգացողությունը։ Ի ծնե օժտված լինելով դերասանական արվեստի կատարելությամբ, նա աշխարհը ցնցեց ռիսկային նոր խաղաոճով։ Հատկապես 1980-ականներին դերասանը փայլեց կասկադյորական, մարտական դժվար և վտանգավոր հնարքներով։ Իր բնույթով լինելով ռիսկի սիրահար, կասկադյորական նկարահանման տեսարաններում անձամբ ինքն էր կատարողը, որն էլ դերասանին հաղորդեց ոճային յուրահատուկ հմայք, հաջողություն և հռչակ։

Ժան-Պոլ -Բելմոնդոյի ստեղծագործական երկար, բեղմնավոր ու բավանդակալից կյանքի մասին թերևս հատորներ կարելի է շարադրել։ Կենսագրական ու դերասանական արվեստի մասին պատմող ուղին մեր օրերում լայնորեն հասանելի են համացանցով, սակայն շատերին է անհայտ նրա ընկերական հարաբերությունները հայկական շրջանակում և առանձնահատուկ սերն ու նվիրվածությունը հայերի հանդեպ։ Հայկական միջավայրում նա ընտանեկան համուհոտ էր զգում։

Շառլ Ազնավուրն ու Ժան-Պոլ-Բելմոնդոն վաղեմի մտերմիկ ընկերներ էին։ Երկուսն էլ ունենալով խիստ ժամանակազբաղ առօրյա, այնուամենայնիվ ժամանակ էին գտնում միասին ճաշելու, սրճելու և երկար զրուցելու, այնքան երկար մտքեր փոխանակելու, որի ընթացքում կերակուրը կամ սուրճը սառչում էր։ Նրանք հանդիպում էին Փարիզի «կաֆե դե Ֆլող» (café de Flore) ռեստորանում։

Հերթական մի հանդիպման ժամանակ Շառլ Ազնավուրը մի պատմություն է պատմում Բելմոնդոյին։ Վերջինս այնքան կլանված ու հետաքրքրությամբ է լսում, որ Ազնավուրը նկատելով Բելմոնդոյի լարվածությունն ու հետաքրքրությունը, պաատմության գրեթե ավարտին հանկարծ որոշում է այլևս չշարունակել ու լռում է։ Բելմոնդոն հանկարծակի գալով, շունչը պահած հարցնում է, թե վե՞րջը…, ի՞նչ եղավ վերջը։

Ազնավուրն էլ ասում է, որ եթե իսկապես վերջը հետաքրքիր է, ապա առաջարկում է հաջորդ օրը նույն ժամին, նույն տեղում հանդիպել ՝վերջաբանն իմանալու համար։ Բելմոնդոն սիրով ու լայն ժպտալով համաձայնվում է, հասկանալով , որ պատմության ավարտն ընդամենը կրկին հանդիպելու պատրվակ է, ինչն էլ խոսում էր նրանց ջերմ ընկերության, միմյանց հանդեպ խոր հարգանքի ու սիրո զգացման մասին։ Եվ չնայած նրանց չափազանց գերզբազվածությանը, նրանք նորից հանդիպում են նույն վայրում։
Մի առիթով Ժան-Պոլ-Բելմոնդոն պատմում է, որ հերթական հանդիպման ընթացքում բավականին երկար զրուցելուց հետո Շառլ Ազնավուրն առաջարկում է զրույցը շարունակել մի քանի օր անց, բայց ավաղ հանդիպումն այլևս չի լինում։ Նախօրեին Շառլը մահանում է։

1981 թ.-ին, երբ էկրաններին բարձրացավ «Պրոֆեսիոնալ»-ը (Le Professionnel) ֆիլմը, գլխավոր դերում նույն ինքը՝ Ժան-Պոլ-Բելմոնդոն, իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեի (Ennio Morricone) le Vent․le Cri և Chi Mai երաժշտության ուղեկցությամբ։ Այն աննախադեպ հռչակ բերեց ֆրանսիական կինոմատոգրաֆիային։ Ֆիլմն ամիսների ընթացքում համաշխարհային ճանաչում ստացավ և մինչ օրս համարվում է շեդեվր, գլուխգործոց, բոլոր ժամանակների ամենից շատ դիտումներ հավաքած, ֆիլմադարանում մնայուն արժեք համարվող ֆիլմ։

Այդ տարիներին, 1980-ականներին, Հայաստանում դեռ սովետական խիստ սահմանափակ խորհրդային բարքեր էին տիրում։ Հեռուստացույցով արտասահմանյան ֆիլմեր ցույց չէին տալիս, կամ եթե ցույց էին տալիս, ապա միայն որոշակի ընտրովի ֆիլմ էր լինում։ Դեռ դպրոցական էի և մեծ էկրաններին եթե ցուցադրվում էր Բելմոնդոյի կատարմամբ ֆիլմեր, անգամ դասից փախչում, գնում էի կինոթատրոն վայելելու Բելմոնդոյի կասկադյորական հնարքները։

Ամբողջովին ներշնչված Բելմոնդոյի խաղով, երազում էի սև կաշվե բաճկոն, տաբատ և սև մոտոցիկլետ ունենալ։ Սովետ. միության ժամանակ նմանաձև ոճը խենթություն էր համարվում, հատկապես աղջիկների համար։ Սովետական խիստ դաստիարակությունը նույնիսկ արգելում էր ազատամիտ մտածելակերպը։ Բայց, ես ամբողջովին ներշնչված Բելմոնդոյով, փորձում էի տարբերվել ընդհանուր մտածելակերպից։ նախընտրում էի վտանգավոր խաղեր խաղալ, ընտրում էի ռիսկային սպորտաձևեր, նույնիսկ մի քանի անգամ փորձել եմ նաև բռնցքամարտով զբաղվել, քանի որ Բելմոնդոն բռնցքամարտի մեծ սիրահար էր։ Խորհրդային փակ համակարգը նաև հայտնի էր որպես լրատվության սովի ժամանակշրջան։
Չկար արտասահմանյան գրականության գրքերի լայն ընտրանի, արտասահմանյան ֆիլմերի, դերասանների, երգիչների կյանքի, երաժշտության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալն անհնար էր, իսկ Եվրոպա ազատ ճամփորդելը, միայն անիրական, անհավանական երազանք։ Նույնիսկ այդ կարգի երազանքներ բարձրաձայնելն էր տարօրինակություն որակվում։ Եվ սովետական այդ բիրտ համակարգում երբևէ մտածել հանդիպում աշխարհահռչակ Ժան-Պոլ-Բելմոնդոյի հետ, դա անիրական, անհավանական, անհասանելի, ուղղակի ֆանտաստիկ ժանրի վառ երևակայություն էր։

Բայց հրաշք կատարվեց։ Տարիներ անց սովետական կարգերն ու բարքերը փլուզվեցին, ամեն ինչ փոխվեց։ Փոխարինելու եկավ պատերազմական ժամանակաշրջանը։ Կյանքի դժնդակ թոհուբոհում մոռացության մատնվեցին դպրոցական տարիների խանդավառ երազանքները։ Կյանքն իր առօրյա հրամայականն էր թելադրում, իսկ մենք հլու-հնազանդ ենթարկվում էինք ճակատագրին, դույզն ինչ չպատկերացնելով, որ լրագրողի իմ մասնագիտությունն ինձ համար կյանքի նոր դռներ է բացելու։

2014-թվականին առաջարկ ստացա լուսաբանելու Բելգիայի Լիեժ քաղաքում կայանալիք բռնցքամարտի առաջնությունը։ Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտիչյանը պետք է մրցեր ֆրանսիացի բռնցքամարտիկ Սոֆիան Տակուշի (Sofian Takush) հետ։ Սկզբում կտրուկ մերժեցի, հիմնավորելով, որ բռնցքամարտից շատ հեռու եմ և շատ ավելի ճիշտ կլինի մրցամարտը սպորտային լրագրող մեկնաբանի։ Սակայն, հայ բռնցքամարտիկի մենեջերը չկարևորելով խոսքերս, շարունակեց արագորեն ներկայացնել մրցամարտի կարևորությունն ու շեշտեց, որ Ժան-Պոլ-Բելմոնդոն ևս ներկա է լինելու, հատուկ սատարելու մեր հայ բռնցքամարտիկին։

Մինչ խոսակիցս հանգամանալից ու արագ-արագ մանրամասնում էր, ես կարկամել էի, ականջներիս չէի հավատում։ Դպրոցական տարիներիս փայփայած երազանքս, որն արդեն վաղուց մոռացության էի մատնել, վերստին արթնացավ։ Հիշեցի Երևանի Նորքի 1-ին զանգվածի կինոդահլիճում նստած, Ժան-Պոլ-Բելմոնդոյի խաղով հմայված իմ ոգևորության դպրոցական տարիները։ Եվ հիմա, այսքան տարի անց, այ քեզ հրաշք, անհավանականը հավանական է դառնում։
Ես փաստորեն կարող եմ նրան այնքան-այնքան մոտիկից տեսնել , նրա հետ նույնիսկ նույն տարածքում լինել , հնարավորություն ունեմ շատ ավելի մոտիկից անձամբ խոսելու, նույնիսկ նույն սեղանի շուրջ նստելու ու վայելելու համաշխարհային հռչակ ունեցող այն անձի ներկայությունը , որի մասին սովետական ռեժիմի պայմաններում երազելն անգամ անիմաստ էր։ Մի՞թե կարելի էր բաց թողնել հնարավորությունը․․․
Մինչ սառած ու անշարժ կանգնել, մտքերով մխրճվել էի անցյալի հուշերում, հանկարծակի սթափվեցի զրուցակցիս տոնից. «Լռությունը համաձայնության նշան է,- ասաց նա,- ուրեմն կսպասենք բարձրակարգ սպասարկման սրահում և ձեր ներկայությունը կապահովենք»։ Ինչ խոսք, մերժելը պարզապես հանիրավի անմտություն կլիներ։ Բայց դեռ լսածիս չէի հավատում, կարծես շոկի մեջ լինեի և դարձյալ մի ստուգող հարց եմ ուղղում՝ ասելով, թե ինչպես է հնարավոր, որ Ժան -Պոլ -Բելմոնդոն լինելով ֆրանսիացի, գալիս է սատարելու ոչ թե ֆրանսիացի բռնցքամարտիկ Սոֆիան Տակուշին, այլ մեր հայ բռնցքամարտիկ Ալեքսին։

Պատասխանը կարճ էր․ «Ժան- Պոլ -Բելմոնդոն հայերին շատ է սիրում, հայերի մեծ բարեկամն է և հայերի հանդեպ մեծ հարգանք է տածում»։ Մի տեսակ զարմացա, որ հայ բռնցքամարտիկի հակառակորդը հենց ֆրանսիացի է, և Ժան-Պոլ-Բելմոնդոն լինելով ֆրանսիացի, այնքան շատ է հայերին սիրում, որ անգամ այսքան կարևոր մրցամարտում ակնհայտ սատարելու է մեր հային։
Չէի հավատում, որ այսքան մոտ եմ իմ վառվռուն ու անհնարին երևակայությունների, երազանքի իրականացմանը, որ ճակատագիրն ինձ պարզապես անակնկալ նվեր է մատուցում։ Թեպետ վաղուց արդեն բռնցքամարտով հետաքրքրություններս այլևս մարել էին, բայց շունչս պահած հետևում էի խաղին․ ներքուստ զգում էի, որ մեր հայրենակից Ալեքս Միսկիրտիչյանն է հաղթելու։ Այդպես էլ եղավ։ Ալեքսը աշխարհի առաջնության մասնակցելու խաղաքարտը վաստակեց։

Ամբողջ մրցամարտի ընթացքում ամեն տաս րոպեն մեկ բարձրախոսով թնդում էր, որ Ժան-Պոլ-Բելմոնդոն սատարում է հայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանին։ Մրցադաշտը ցնծում էր Ժան-Պոլ -Բելմոնդոյի ներկայությունից ։ Ֆրանսիական և բելգիական հեռուստաալիքներով մրցամարտը ուղիղ եթերով հեռարձակվում էր։ Իսկապես անմոռանալի շոու, չափազանց բարձր ռոք երաժշտությամբ համեմված, սրահի պատերը թնդում էին ձայների արձագանքից, որ միայն ամերիկյան ֆիլմերում էի տեսել։ Այդ օրը ոչ միայն մեր բռնցքամարտիկ Ալեքսի երազանքն իրականացավ, այլև Աստծո կամոք՝ Ալեքսի միջոցով նաև իմը։
Ժան-Պոլ-Բելմոնդոյի հիշատակին նվիրված, տարիների հեռվից իմ պատմությունն էլ որոշ չափով այստեղ շաղախվեց։ Գուցե նրանից է, որ սեպտեմբերի 6-ը ինձ համար ոչ միայն Ժան-Պոլ-Բելմոնդոյի , այլև եղբորս հիշատակի օրն է։ Մենք միասին էինք Բելմոնդոյի ֆիլմերը դիտում, միասին քննարկում, երազանքներ պահում։ Եղբայրս հասկանում էր իմ մանկական բոլոր խենթությունները։ Այդ օրը նաև եղբայրս հեռախոսով շատ ոգևորում էր, որ հանկարծ բաց չթողնեմ տրված հնարավորությունն ու անպայման մասնակցեմ և մանրամասն լուսաբանեմ բռնցքամարտը, իսկ նա խաղը ուղիղ եթերով դիտում էր Հայաստանից։

Եվ եթե ճակատագրի նախախնամությամբ ես հնարավորություն ունեցա անձամբ հանդիպելու մեր սիրելի դերասանին, ապա եղբայրս էլ նրան գուցե արդեն հանդիպել է երկնային հավերժությունում։ Միգուցե.. Միգուցե ներքին ձայնս, զգացողությունս հուշեց որ հանկարծ անցյալի հիշողություններն ի մի բերելով հենց այսօրվա համար մտքերս շարադրելու ցանկություն զգացի։ Ասում են՝ մահից հետո էլ կյանք կա, և որ Աստծո գործերն իրոք անքննելի են։
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ
Բրյուսել