Լույս է տեսել «Մանվել Բեգլարյանի ոդիսականը»  գիրքը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ընթերցողի սեղանին է դրվել «Մանվել Բեգլարյանի ոդիսականը» գիրքը, որը պատմում է 20-րդ դարի անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Մանվել Բեգլարյանի մասին: Այն մեկ երաժշտի կյանքի պատմություն չէ․ այլ հայկական երաժշտության, հիշողության և ոգու հարատևման պատմությունը, որն այսօր էլ շարունակում է հնչել մեր ռադիոեթերում։

Նրա թողած երաժշտական ժառանգությունն ու ձայնագրությունները ապրում են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։

Երաժշտասեր ընթերցողի սեղանին է դրվել  կոմպոզիտոր, մանկավարժ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի երկարամյա ղեկավար Մանվել Բեգլարյանի մասին պատմող գիրքը՝ «Մանվել Բեգլարյանի ոդիսականը» վերնագիրով:

Բեգլարյանի զավակները տասնամյակների ընթացքում խնամքով հավաքել և թղթապանակներում պահել են իրենց հոր կյանքին ու գործին վերաբերող արժեքավոր նյութերը։ Կոմպոզիտորի երկրային կյանքի ավարտից հետո որոշել են պահպանված ամբողջ նյութը ներկայացնել հանրությանը։ Պատմում է գրքի հեղինակ և խմբագիր Բաբկեն Սիմոնյանը։

«Զանգահարեց, ասաց՝ երկու թղթապանակ ունեմ, հորս մասին գրված հուշեր են, լավ կլինի գիրք հրատարակենք։ Ես համաձայնեցի, մանավանդ որ Մանվել Բեգլարյանին շատ հարգել եմ ու ճանաչել»։

Այս գրքի էջերում Մանվել Բեգլարյանը բացահայտվում է նորովի։ Նրա արմատները գալիս են Վան-Վասպուրականից, որտեղից էլ սկսվում է ընտանիքի ոդիսականը։

«Վերնագիրը իմ վերնագիրն է՝ «Մանվել Բեգլարյանի ոդիսականը», որովհետև ինքը Վանից է սկսել իր կենսագրությունը։ Վերջին հանդիպումը 2002-ին էր։ Երբ իմացավ՝ Վանում եմ եղել, աչքերը պայծառացան, մի ուրիշ Մանվել Բեգլարյան տեսա։ Ասաց՝ խնդրում եմ, պատմիր, ինչ տեսար Վանում։ Ինքը երևի վերջին անգամ մտովի հայտնվեց Վանում ու վերապրեց իր ծնողների հետ ապրած ամբողջ կյանքը»։

Մանվել Բեգլարյանի հետ աշխատած երաժիշտներն իրենց բախտավոր են համարում։ Ժողովրդական երգի վարպետ Ռուբեն Մաթևոսյանը հիշում է՝ Բեգլարյանի ղեկավարման տարիները Մերանգուլյանի անսամբլի համար վերելքի ու ձեռքբերումների տարիներ էին։

«Նա ղեկավարեց անսամբլը 20 տարի։ Դա, կարելի է ասել, մեր անսամբլի ոսկեդարն էր։ Ինչո՞ւ, որովհետև այնքան նոր ստեղծագործություններ ձայնագրվեցին, բոլոր գուսանները, մոռացված բոլոր ժողովրդական երգերը նորից կյանքի կոչվեցին»։

Ռուբեն Մաթևոսյանը խոսում է նաև Մանվել Բեգլարյանի բացառիկ տաղանդի ու աշխատասիրության մասին։ Թաթուլ Ալթունյանի հանձնարարած գործիքավորումներից մեկը Բեգլարյանը հանձնեց ընդամենը երկու օրում։

«Թաթուլն ասաց «Մանվել ջան, ես քեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս»։ Մանվելը ընդամենը երկու օրվա ընթացքում պարտիտուրան՝ ոչ միայն վերջնական հնչողության հասցրած, այլ նաև արտագրած բոլոր պարտիաները երաժիշտների համար, գալիս է Ալթունյանի մոտ… Գնում են, բաժանում նոտաները, սկսում են նվագել… Երկրորդ անգամ արդեն որ նվագում են, Ալթունյանը ուշադիր լսում է և մի կես ժամ խոսում է Մանվելի տաղանդի, շնորհքի մասին՝ ասելով «Մենք շատ հպարտ ենք, որ նման երաժիշտը մեզ մոտ պետք է շարունակի իր ստեղծագործական գործունեությունը»»։

Իսկ տանը՝ ընտանեկան հարկի տակ, Մանվել Բեգլարյանը հոգատար հայր էր ու լավագույն ընկեր։ Մհեր Բեգլարյանն անսահման ջերմությամբ է հիշում հոր աշխատասիրությունն ու բնության հանդեպ առանձնահատուկ սերը։

«Հայրս ինձնից 42 տարի մեծ էր, բայց իմ ամենալավ ընկերն է եղել։ Նա սիրում էր այգին, հողը, զրուցում էր բնության, ծառերի, ծաղիկների հետ։ Սմոքինգով, թիթեռնիկով, պայուսակը ձեռքին՝ հեռուստատեսություն կամ համերգ գնալուց առաջ, դեռ տնից դուրս չեկած, մտնում էր այգի։ Սկսում էր նայել վարդերին, խոսում էր ծաղիկների հետ։ Ասում էր՝ «Ես զրուցում եմ իմ ծաղիկների հետ, ես չեմ կարող իրենց մենակ թողնել»»։

Մանվել Բեգլարյանի ստեղծագործական ժառանգությունը հարստացրել է մեր ազգային երաժշտարվեստը։ Նրա թողած «ոսկե ֆոնդը» շարունակում է ապրել ու սնել նոր սերունդներին։

«Ինձ թվում է՝ նա արդեն անմահացել է, երբեք չի դադարել ստեղծագործել։ Այն ստեղծագործությունները, որ նա գրել է՝ որպես աղբյուր վերցնելով իմ տատիկի երգերը Վան-Վասպուրական աշխարհից, անգին են։ Նա ստեղծել է ոսկե ֆոնդ, որը կարող է սնել սերունդներին դեռ տասնյակ տարիներ»։

Մանվել Բեգլարյանի «Ոդիսականը» միայն մեկ երաժշտի կյանքի պատմություն չէ․ դա հայկական երաժշտության, հիշողության և ոգու հարատևման պատմությունն է, որն այսօր էլ շարունակում է հնչել մեր ռադիոեթերում։

Leave a Comment