Հայազգի հեղինակի «Լքվածության տոհմագրությունը»

Լույս է տեսել իսպանացի քաղաքագետ, լրագրող Իվան Գաստանյագա Գոնսալեսի «Լքվածության տոհմագրությունը. մի որդեգրման պատմություն» գիրքը: Հեղինակը ծնվել է Մոսկվայում, 1990 թվականին, Խորհրդային Միության վերջին օրերին: Մեկ տարի անց, Ռուսաստանում աշխատող իսպանացի լրագրողի միջնորդությամբ նա դարձել է իսպանացի ընտանիքի կողմից որդեգրված առաջին խորհրդային երեխան: Նա մեծացել է Կանտաբրիայում՝ շրջապատված սիրով, բայց նաեւ տանջվելով մշտական   հարցից. ո՞վքեր են իր կենսաբանական ծնողները եւ ինչո՞ւ են նրանք լքել իրեն: Այս անհանգստությունը նրան դրդել է սկսել իր արմատների որոնումը, որը տեւել է ավելի քան մեկ տասնամյակ եւ տարել նրան Իսպանիայից Մոսկվա՝ անցնելով Երուսաղեմով ու Երեւանով: Մոսկվայում նա գտել է ռուս մորը, նրանից իմացել, որ հայրը հայ է: Գալով Հայաստան՝ Գյումրիում Իվանը գտել է իր հայ տատիկին: Արխիվներից, անսպասելի հանդիպումներից եւ բարդ տոհմագրական վերակառուցումից նա բացահայտել է մի օրինաչափություն, որով անցել են իր տոհմի մի քանի սերունդներ:

Իվան Գաստանյագա Գոնսալեսը քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ է ուսանել Բասկերի Երկրի եւ Գրանադայի համալսարաններում: Մադրիդում աշխատել է հաղորդակցության եւ գովազդի ոլորտում՝ համագործակցելով որդեգրված անձանց իրավունքները պաշտպանող տարբեր կազմակերպությունների հետ: Որդեգրման, ինքնության եւ մշակույթի մասին հոդվածներ է գրել «Էլ պաիս», «Էլ էսպանյոլ», «Ջոթ դաուն մագազին», «Էըիկ» եւ «Զենդա» պարբերականների համար: Վերջին տասնամյակում օգնել է մի շարք որդեգրված մարդկանց գտնել իրենց կենսաբանական ընտանիքներին եւ կապ հաստատել իրենց արմատների հետ: Գրել է հոդվածներ նաեւ Հայոց ցեղասպանության մասին, իսպանական արխիվներում հայտնաբերել է նյութեր Կոմիտաս վարդապետի մասին՝ դրանք հրապարակելով գիտական մամուլում: Նաեւ հարցազրույցներ է վարել ժամանակակից հայ գրողներ Սուսաննա Հարությունյանի եւ Նարինե Կրոյանի հետ՝ վերջիններիս վեպերի իսպաներեն թարգմանությունների առթիվ:

2022 թվականից բնակվում է Չիկագոյում, այստեղ ղեկավարում է սեփական խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է արմատների վերագտնումի մեջ:

Ա. Բ.

The post Հայազգի հեղինակի «Լքվածության տոհմագրությունը» appeared first on Ազգ.

Leave a Comment