Հայկական երաժշտական արվեստը՝ նոր դիտարկմամբ

Լույս է տեսել «Հայկական երաժշտության գլուխգործոցներ կիթառի համար՝ մշակված Մկրտիչ Միքայելյանի կողմից» ժողովածուն անգլերեն լեզվով: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի վերջին Բեյրութի «Գոհար» ցուցասրահում:

Հայոց երաժշտական գանձարանի մի քանի տասնյակ նմուշներ նորովի ներկայացված են «Հայկական երաժշտության գլուխգործոցներ կիթառի համար» գրքում՝ Մկրտիչ Միքայելյանի մշակումների միջոցով: Երեսուն տարի առաջ սկսած գործը, այն է՝ հայկական երաժշտությունը կիթառի նվագարկմամբ մեծ բեմերում հնչեցնելու խնդիրը, հեղինակն իրագործել է մեծ նվիրմամբ ու որակով:

Հայ կիթառահար Մկրտիչ Միքայելյանին գիտեմ՝ իբրեւ Հայաստանի եւ Լիբանանի «կիթառի դեսպանի». նա էր, որ ի հպարտություն մեզ, Կիթառի համաշխարհային առաջին օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի, եւ դա իր երկար տարիների մասնագիտական փորձի եւ միջազգային ձեռքբերումների գնահատանքն էր:

Տակավին տասնյոթամյա երիտասարդ՝ նա իր անդրանիկ լուրջ բեմելույթն է ունեցել Բեյրութում՝ անվանի կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի հետ: Միասին համերգ տալու գաղափարը մաեստրոյինն էր, որն այն ժամանակ դասավանդում էր Լիբանանում եւ նկատել ու գնահատել էր նորատի կիթառահար Մկրտիչ Միքայելյանի տաղանդը: Բեմին Մկրտիչն էր կիթառով եւ Երվանդ Երկանյանը՝ ջութակով: «Նրա նվագն աչքի է ընկնում վառ արտահայտված գույներով, բարձր հուզականությամբ, վիրտուոզ տեխնիկայով,- Երվանդ Երկանյանի կարծիքն է Մ. Միքայելյանի կատարողական արվեստի մասին:- Տիրապետում է բավական լայն երկացանկի՝ բարոկկից մինչեւ ժամանակակից երաժշտություն: Ունի հիանալի անսամբլային զգացողություն: Միասին նվագել ենք Պագանինիի սոնատներն ու դուետները ջութակի եւ կիթառի համար: Բնածին տաղանդ է»:

2002 թ.-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից լույս է տեսել հայկական երաժշտության՝ կիթառի համար մշակումների իր առաջին գիրքը:  Նրա կատարումների ձայնագրություններով խտասալիկներից առաջինը լույս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, երկրորդը՝ ԱՄՆ-ում Pomegranate Music-ի, երրորդը եւ չորրորդը՝ KOHAR («Գոհար») համույթի կողմից: Եվրոպայի զանազան մրցույթներում եւ  փառատոներում հրավիրվել է՝ որպես մրցութային հանձնախմբերի անդամ: «Յուրահատուկ այս աշխատանքն արգասիքն է կիթառահար Մկրտիչ Միքայելյանի տարիների արհեստավարժ եւ բծախնդիր երաժշտական արվեստի,- Մկրտիչի նոր մշակումների նորատիպ գրքում կարծիք է հրապարակել Բեյրութի «Գոհար» արվեստի կենտրոնը:- Այս երգարանում տեղ գտած հայ երաժշտական ընտրանին՝ հատուկ կիթառի համար նոր մշակումներով, խրախուսում է հայ երիտասարդ կիթառահարներին՝ ներշնչվելու հայ երգ ու երաժշտության հարուստ գանձարանից»: «Մեծ հպարտությամբ եւ հիացմունքով եմ գրում Մկրտիչ Միքայելյան կիթառահարի մասին,-  սա մեջբերում է գրքում տեղ գտած մի այլ կարծիքից, որ գրառել է Համաշխարհային կիթառի օրվա հիմնադիր Յորգոս Ֆուդուլիսը:– Կիթառ նվագելու արվեստին Մկրտիչի նվիրվածությունը պարզապես ոգեշնչող է: Տեխնիկական վարպետության, արտահայտիչ արվեստագիտության եւ խորը երաժշտական հայացքի ուշագրավ համադրմամբ նա առանձնացել է՝ ոչ միայն որպես արհեստավարժ երաժիշտ, այլեւ որպես օրինակ՝ կատարելագործման ձգտող կիթառահարների համար: Նրա երաժշտական մեկնաբանություններն ու գործիքավորումներն արտացոլում են բացառիկ նրբագեղություն, ինքնատիպություն եւ հավասարակշռության ու հույզերի ինտուիտիվ զգացողություն»: «Իր գերազանց տեխնիկայով՝ նրա նվագը տաք, ճշգրիտ եւ նուրբ է: Հայկական ավանդական այս հիանալի ստեղծագործությունների միջոցով նա նաեւ ապացուցում է, որ ինքը հրաշալի գործիքավորող է»,- համոզված է ֆրանսիացի կիթառահար եւ կոմպոզիտոր Դամիեն Արիբերը:

Մկրտիչը Լիբանանում հաստատված եղեռնապուրծ հայության շառավիղներից է, եւ իր արմատների զգացողությունը է, որ դրդում է իրեն մշակելու եւ  կիթառի համար փոխադրելու Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Արմեն Տիգրանյանի, Տիգրան Մանսուրյանի, Սայաթ Նովայի ստեղծագործությունները: Ճապոնական շատ հայտնի Gendai Guitar ամսաթերթում մի քանի անգամ լույս են տեսել նրա հայկական մշակումները. եղել են արձագանքներ, որոնցում շատ են հավանել դրանք, նաեւ տպագրել են իր մշակած՝ Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը եւ Մակար Եկմալյանի «Սուրբ Սուրբ»-ը: «Մեծ հաճույք է թե՛ որպես կիթառահար, թե՛ որպես մարդասեր, ուսումնասիրել տաղանդավոր եւ զգայուն վիրտուոզ Մկրտիչ Միքայելյանի կողմից ստեղծված հայկական երաժշտության գեղեցիկ գործիքավորումները: Այս երաժշտությունը հզոր հիշեցում է, որ գեղեցկությունն ավելի ուժեղ է, քան խավարը»,- գրում է ամերիկացի կիթառահար, կոմպոզիտոր Սյուզան Մաքդոնալդը: Այս գրառմանը, ասես, հավելում է շվեդ կոմպոզիտոր Պեռնիլա Էսթերբերգի կարծիքը. «Նրա ջերմությունը, հույզերը եւ իսկությունը փայլում են իր նվագած յուրաքանչյուր նոտայում: Նրա նվագը խորապես արտահայտիչ է, նրա գործիքավորումները ստեղծված են ուշագրավ ճաշակով, ստեղծագործաբար եւ երաժշտական զգայնությամբ: Խորին հարգանք ունեմ նրա տաղանդի, արվեստի եւ պրոֆեսիոնալիզմի հանդեպ»:

Մկրտիչ Միքայելյանի մշակումների նոր գիրքը կարեւոր ներդրում է հայ երաժշտարվեստն աշխարհում հանրահռչակելու գործում, ինչը նա անում է երկար տարիներ աշխարհի հայտնի բեմերից իր կիթառի նվագով: Պատկերացնում եմ, թե ինչպիսի գեղեցկությամբ եւ նորահունչ պիտի բեմերից կիթառով կատարվեն Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը, Մակար Եկմալյանի «Սուրբ սուրբ»-ը, Կոմիտասի «Հով արեք»-ն ու «Գարուն ա»-ն, Արմեն Տիգրանյանի «Ամպի տակից»-ը, Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի առանձին կտավները, նաեւ «Կիլիկիա»-ն, «Գետաշեն»-ը, «Զարթիր լաո»-ն՝ մշակված մեկ, ապա եւ երեք կիթառի համար… Այս նոր հավաքածուն, որպես որակյալ դասագիրք, կարող է ծառայել մասնագիտական դպրոցներում:

«…Այս մեկնաբանությունը գրելիս՝ լսում եմ նրա հայկական գործիքավորումները եւ խիստ հուզված եմ,- գրում է բրազիլացի կիթառահար, երգիչ եւ կոմպոզիտոր Նիլսոն Սիկեյրա Դիասը:- Նրա երաժշտությունը տանում է ինձ շունչ կտրող տեսարաններ, որտեղ ժամանակը, ասես, կանգ է առնում, եւ իրականություն է ներխուժում Արարիչը: Յոհան Սեբաստիան Բախն ասել է, որ երաժշտության վերջնական նպատակը պետք է լինի ոչ այլ ինչ, քան Աստծո փառքը եւ հոգու նորացումը: Մկրտիչին լսելը նշանակում է զգալ, թե ոնց է հոգին նորացվում նրա ձեռքերի թանկարժեք հպմամբ եւ Աստված փառաբանվում՝ սրտով մեկնաբանվող երաժշտությամբ»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Comment