Բիշքեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ օրակարգի բոլոր հարցերը՝ ներառյալ գերիների և անհետ կորածների խնդիրը։ Բանակցությունների օրակարգում, սակայն, չի եղել ՀՀ սահմանադրությունը փոխելու կամ չփոխելու հարցը, Փաշինյանը հայտարարել է՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին․
«Մենք, ընդհակառակը, արձանագրում ենք, որ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում, և ընդհակառակը, մեր ցանկությունն է և ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից։ Դա բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է»։
Նախորդ շաբաթ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ նոր սահմանադրության առաջաբանում «Անկախության հռչակագրին» հղում չի լինի։ Վարչապետը պարզաբանում է՝ նախագծի տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ․ «Այն գործնականում պատրաստ է։ Պետք է ուղղակի մի վերջին քննարկում անենք և հրապարակենք»։
Գործող իրավակարգավորումներով՝ նոր սահմանադրության նախագիծը պետք ներկայացվի խորհրդարան, այնուհետև՝ Սահմանադրական դատարան։ Վերջինիս դրական եզրակացությունից հետո կնշանակվի հանրաքվեի օրը։
Քայլերի հաջորդականությունն ու ժամանակացույցը նույնքան հստակ չեն մեկ այլ հանրաքվեի դեպքում։ Վարչապետն անդրադառնում է ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու ժամկետին․
«Հանրաքվեն նշանակենք, քարոզարշավ է, չէ՞, տեղի ունենալու։ Մարդիկ ինչ հարց տան, մենք ասելու ենք՝ դե ժողովուրդ ջան, դեռ պարզ չի։ Սա էլ պարզ չի, մյուսն էլ պարզ չի․․․ ժողովուրդը կասի` եթե պարզ չի, ինչի՞ եք բերել իմ առաջ հարց դրել, որը գոյություն չունի, գնացեք հարցը ձևակերպեք, պատասխանի տարբերակներն էլ ձևակերպեք, նոր եկեք մեր առաջ դրեք, մենք կընտրենք։ Այսինքն` մենք ժողովրդին ուղղակի ինքնանպատակ հրավիրում ենք ընտրական տեղամասեր` առանց ոչ հարց ունենալու, ոչ պատասխան, ո՞նց կարա տենց լինի»։
Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կանցակացվի միայն համակարգային փոփոխություններից, ԵՄ-ի ստանդարտներին մոտենալուց հետո։ Այս մասին Փաշինյանը խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում։ Վարաչպետի ձևակերպմամբ՝ ո՛չ այդ, ո՛չ էլ որևէ այլ երկրի ղեկավար չի կարող «ստիպել» Հայաստանին հանրաքվե անցկացնելու։
«Ինչի՞ վերնագիր չկա, որ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին, ինչի՞ չկա, գիտե՞ք ինչի չկա, որովհետև մեր քաղաքական մտածողությունը շարունակում է մնալ ԽՍՀՄ Կենտկոմի տրամաբանության մեջ։ Վայ, Մոսկվայից զանգեցին․․․։ Այդպես չի։ Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումներին, վարչապետի խոսքով՝ ընթացակարգը հստակ է․ կառույցից դուրս գալու համար երկիրը պետք է առնվազն 6 ամիս առաջ հայտարարի այդ մասին։ Հայաստանը նման հայտարարություն չի անելու, հետևաբար մնում է տնտեսական այդ միությունում․
«Աշխատանքային մակարդակում ես հետևյալն եմ ասում․ իսկ ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ իրենց գոյության ամբողջ ընթացքում լինելու են ԵԱՏՄ անդամ։ Այսինքն, եթե կողմնորոշվելու ժամկետը դրված է 6 ամիս, և մենք ասել ենք, որ գնում ենք այդ տրամաբանությամբ և ելնում ենք այդ իրողությունից, հետևաբար, մեր դիրքորոշումն այդպիսին է, և մենք հետևողական աշխատում ենք Ռուսաստանի գործընկերների հետ այս դիրքորոշումը ավելի հասկանալի, ընդունելի դարձնելու ուղղությամբ»։
Բիշքեկյան հանդիպումներից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան կարող է դուրս բերվել Գյումրիից, երբ Հայաստանն այդ ցանկությունն ունենա։ Վարչապետ Փաշինյանն արձագանքում է՝ վերջինիս հետ հանդիպման ժամանակ ռազմաբազան քննարկման առարկա չի եղել, բայց եթե Ռուսաստանը նման ցանկություն ունենա, Հայաստանը չի առարկի․
«Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցերը չենք բարձրացրել»։
Պուտինի հետ Փաշինյանը քննարկել է նաև «Հայկական երկաթուղիներ»-ի կոնցեսիան որևէ երրորդ երկրի վաճառելու առաջարկը և տպավորություն ունի, թե ռուսական կողմը դեմ չէ քննարկելու այդ հնարավորությունը։
«Իմ տպավորությունը այն էր, որ մենք հանդիպման ընթացքում պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք կոնցեսիայի իրավունքը երրորդ երկրի՝ ընդունելի երկրի վաճառելու ուղղությամբ»։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մինչդեռ, հայտարարել է, որ այդ երկիրը չի տեսնում որևէ պատճառ՝ Հայաստանում երկաթուղու կառավարման իր կոնցեսիոն իրավունքը երրորդ կողմին փոխանցելու համար։
Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանում գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան և պատրաստ է մասնակցելու ենթակառուցվածքների զարգացմանը։