Բիզնեսը՝ դիվանագիտությունից մեկ քայլ առաջ․ հայ և թուրք գործարարների համաժողովը Երևանում

Փակ սահմաններ, դիվանագիտական կապերի բացակայություն, բայց միլիոնավոր դոլարների հասնող առևտուր ու ակտիվ մասնավոր շփումներ․ Հայաստանի և Թուրքիայի գործարարները շարունակում են գործակցության ուղիներ փնտրել։ Այս օրերին Երևանում ընթանում է հայ-թուրքական գործարար համաժողովը, որը մեկ հարթակում է հավաքել երկու երկրների տնտեսվարողներին։

Ի՞նչ ակնկալիքներ ունեն Վանի, Իգդիրի և Կարսի գործարարները, ինչո՞ւ է հայկական արտատդրանքը դեռևս արտահանվում «զարտուղի» ճանապարհներով, և ինչպե՞ս է մասնավորի այս ակտիվությանը արձագանքում կառավարությունը։

Հակառակ փակ սահմանին ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Հայաստանի և Թուրքիայի գործարարները շարունակում են գործակցել։

Այս օրերին Երևանում անցկացվում է հայ-թուրքական գործարար համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայ և թուրք գործարարների հարաբերությունները տասնամյակներ շարունակ բնականոն են․

«Երբ ասում ենք՝ ծրագրի նպատակն է կարգավորել հարաբերությունները գործարարների միջև, այդպիսի բան չկա։ Մեր հարաբերությունները՝ որպես գործարարներ, 1993 թվականից սկսած նորմալ են։ Սահմանը փակվել է 1993 թվականին միակողմանի, ոչ պաշտոնական հրահանգով։ Հայկական սահմանը երբեք պաշտոնապես չի փակվել»։

Նրա խոսքով՝ փակ սահմանը չի խանգարել թուրքական ապրանքների և ծառայությունների Հայաստան մուտքին, մինչդեռ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա շարունակում է խիստ սահմանափակ մնալ և առավելապես կատարվում է երրորդ երկրների միջոցով․  

«1993 թվականից մինչև այսօր թուրքական ապրանքները և ծառայությունները մուտք են գործում Հայաստան՝ որպես թուրքական, և այդ ծավալը հասնում է 150, 200, 300 միլիոն դոլարի։ Մենք իրավունք չունենք նույնիսկ չոփ կամ մեկ լուցկի արտահանել Թուրքիա։ Հայաստանից Թուրքիա արտահանում ենք զարտուղի ճանապարհով։ Այնպես որ, գործարարներն աշխատում են իրար հետ։ Հատկապես Ստամբուլի տարածաշրջանի գործարարների հետ կապերն ակտիվ են»։

Ղազարյանի խոսքով՝ այս փուլում իրավիճակը փոխվում է, և գործարարները կրկին սպասում են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը։ Նա կարևորում է, որ համաժողովին մասնակցում են նաև սահմանամերձ Վանի, Իգդիրի և Կարսի գործարարները։ Ղազարյանի խոսքով՝ բաց սահմանի դեպքում այդ շրջաններից Երևան կամ Գյումրի հասնելն ավելի արագ ու հեշտ կլինի։

Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան ընդգծում է՝  իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում ներկայացնում է ոչ թե Թուրքիայի պետական քաղաքականությունը, այլ Վանի և տեղի գործարարների տնտեսական շահերն ու հնարավորությունները․

«Մենք այստեղ ենք, ինչպես հարգարժան նախագահն էլ նշեց, մեր քաղաքի, մեր գործարարների շահերն ու տնտեսական հնարավորությունները ներկայացնելու և դրանք ընդլայնելու համար»։

Թուրք գործարարը կարևորում  է նաև Երևանի և Վանի պատմական ու սոցիալ-մշակութային կապերը՝ նշելով, որ ընդհանուր աշխարհագրությունն ու պատմական ժառանգությունը կարող են նպաստել առևտրի զարգացմանն ու տարածաշրջանային խաղաղությանը․

«Աշխարհագրությունը ճակատագիր է։ Սակայն այդ ճակատագիրը փոխադարձ բարեկեցության, սահմանային առևտրի և կայուն տարածաշրջանային խաղաղության վերածելը կախված է մեզանից, այսինքն՝ մեր ընդհանուր կամքից»։

Հայ-թուրքական տնտեսական կապերի հեռանկարին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնում է նաև  թուրք գործարար Ֆեսի Քաչանը։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների միջև խնդիր չկա, իսկ գործակցության հիմնական խոչընդոտը քաղաքական մակարդակում է․

«Հայ և թուրք ժողովուրդների միջև խնդիր չկա։ Խնդիրը երկու երկրների կառավարությունների վարվող քաղաքականության դաշտում է։ Երկու կառավարություններն  էլ խիզախ քայլեր են կատարում։ Հուսանք, որ առաջիկայում գործակցությունը կստացվի»։

Հարցին, թե հայկական շուկայից ինչ ապրանքներ կարող են հետաքրքրել թուրք սպառողին, Քաչանը կոնկրետ չի պատասխանում։ Ասում է՝ իրենց այս պահին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ կարող է առաջարկել թուրքական տնտեսությունը․

«Կոնկրետ մենք չգիտենք, թե ինչ է ուզում թուրք հասարակությունը։ Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչ կարող է թուրքական տնտեսությունից տրվել Հայաստանին, քանի որ մենք չենք ուսումնասիրել, թե ինչ կարող ենք գնել հայկական շուկայից»։

Երկու երկրների գործարարների միջև արդեն ձևավորվող մասնավոր շփումները ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստից հետո «Ռադիոլուր»-ի հարցին վարչապետն այսպես է արձագանքել․

«Դա լավ է։ Նշանակում է, որ միայն պետական մակարդակով չէ, որ շփումներ են տեղի ունենում։ Մասնավոր հատվածը գուցե ավելի ճկուն է և գուցե ավելի  արագ հասնի իրադրության փոփոխության, քան կարող են հասնել կառավարությունները»։

Թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, Փաշինյանը չի պարզաբանել՝ նշելով, որ այս պահին դրան խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքներ կան։

Փակ սահմանով, սակայն, վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրն աճել է։ 2021-ին ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 100 մլն դոլար, 2022-ին՝ ավելի քան 300 մլն, իսկ 2023-2025 թվականներին՝ արդեն տարեկան 300-400 մլն դոլար։ Թուրքիայից ներմուծումը  մի  քանի գերազանցում է Հայաստանից արտահանմանը։

Leave a Comment