Պետությունը պատրաստվում է փոխելու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի արձագանքման քաղաքականությունը։ Կառավարության քննարկած օրենսդրական փոփոխությունների փաթեթով բռնության բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի գործեր, կվերացվի հաշտեցման հնարավորությունը, և առաջնահերթորեն կմեկուսացվի ոչ թե բռնության զոհը, այլ բռնարարը։ Իշխանությունները վստահեցնում են՝ նպատակն է ապահովելը զոհերի առավել արդյունավետ պաշտպանությունը, կանխելը կրկնակի բռնությունը և հստակ ազդակ ուղարկելը, որ ընտանեկան բռնությունն այլևս չի մնա անպատիժ։
Սոցիալական ցանցերում ընտանեկան լուսանկարները հաճախ նույնն են՝ ժպիտներ, երեխաներ, տոնական սեղան, միասին անցկացրած օրեր։ Բայց երբեմն այդ կադրերից դուրս մնում է այն, ինչ ընտանիքում կատարվում է փակ դռների հետևում՝ վախը, լռությունը, չասված խոսքերն ու բռնությունը։
Աննան երկու երեխաների հետ վերջնականապես հեռացավ ամուսնուց՝ վերջ դնելով յոթ տարվա ամուսնական կյանքին։ Նրա որոշումը հաստատուն էր՝ չվերադառնալ այն միջավայր, որտեղ տարիներ շարունակ եղել են բռնություն ու ծեծ։ Այդ տարիներին Աննայի ծնողները երկրում չէին, իսկ իրեն ամուսնու բռնությունից պաշտպանող ոչ ոք չկար։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խնդրում է ձայնը փոխել ու նույնականացնող տվյալներ չհաղորդել․
«Յոթ տարի շարունակ ենթարկվել եմ բռնության։ Չունեի գնալու տեղ, ելք չունեի»։
Աննայի պատմությունը բացառություն չէ։ Ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ տարեկան հարյուրավոր ահազանգեր և դեպքեր են արձանագրվում։ Թվերը ցույց են տալիս միայն այն մասը, որը հասնում է իրավապահներին, մինչդեռ բռնության բազմաթիվ դեպքեր ընտանիքից դուրս չեն գալիս։
Պետությունն ընտանեկան բռնության դեմ պայքարում անցնում է ավելի խիստ քաղաքականության։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը, բռնության զոհերին «ավելի ամուր ձեռքերով» պաշտպանել և պարտադիր դարձնել վերականգնողական ծրագրերը բռնարարների համար։
ՆԳՆ Արփինե Սարգսյան․ «Փաթեթը երկու հիմնական հարցի է անդրադառնում՝ ինչպես ենք մենք, որպես պետություն, պաշտպանում այն անձին, ով իր ընտանիքում ենթարկվում է բռնության, և ինչպես ենք կանխարգելում հետագա դեպքերը»։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ չորս հիմնական փոփոխություն է առաջարկվում։ Նախ՝ քրեական օրենսգրքում ընտանեկան և կենցաղային բռնությունը կսահմանվի որպես առանձին հանցակազմ, կնախատեսվեն առանձին հոդվածներ և ավելի խիստ պատասխանատվություն։
Կփոխվի նաև քրեական հետապնդման կարգը։ Եթե մինչև այժմ գործի ընթացքը մեծապես կախված էր տուժողի բողոքից, ապա նոր կարգավորմամբ ընտանեկան բռնության բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի գործեր։ Այսինքն՝ քրեական վարույթ կսկսվի անկախ նրանից՝ տուժողը բողոք կամ հաղորդում ներկայացրել է, թե ոչ։
Արփինե Սարգսյան․ «Բոլոր դեպքերում պետությունը արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ, և մենք բացառում ենք վարույթի ընթացքում հաշտության որևէ գործընթաց»։
Բայց փոփոխության ամենատեսանելի կետերից մեկը թերևս այն է, թե ով պետք է հեռանա տնից։ Տարիներ շարունակ ընտանեկան բռնության պատմություններում հաճախ հենց զոհն է ստիպված եղել հեռանալու՝ երեխաների հետ, թողնելով իր տունը, առօրյան, երբեմն նաև աշխատանքը։
Նոր մոտեցմամբ, որպես կանոն, ընդհանուր միջավայրից դուրս է բերվելու բռնություն գործադրած անձը, ոչ թե զոհը․ «Որպես կանոն, ընդհանուր միջավայրից դուրս է բերվելու բռնություն գործադրած անձը, ոչ թե բռնության զոհը, եթե, իհարկե, այլ կերպ հնարավոր չէ ապահովել տուժողի անվտանգությունը»։
Ընտանեկան բռնության դեպքերին արձագանքող ոստիկանները պարտադիր կկրեն մարմնին ամրացվող տեսախցիկներ, նախ, որ ապացույցներ լինեն, երկրորդ, որ հենց իրենք քայլերը վերահսկվեն։ Առաջարկվում է նաև, որ բռնարարներն անցնեն պարտադիր վերականգնողական ծրագրեր՝ կրկնակի բռնության ռիսկի նվազեցման նպատակով։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը երկար տարիներ ընտանեկան բռնությանն անդրադարձել է առավելապես արտաքին պարտավորությունների համատեքստում, մինչդեռ այժմ, ասում է, խնդիրը լուծվում է ներքին պահանջներից ելնելով, և որ սա Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ենթադրյալ պահանջը չէ․
«Սրա ամենակարևոր նպատակը այն է, որ բարձրաձայն հայտարարվի՝ մի՛ արեք, որովհետև եթե անեք, լինելու է կոշտ արձագանք»։
Փաշինյանը կարևորում է հատկապես այն, որ բռնության զոհը չհեռացվի տնից, այլ մեկուսացվի բռնարարը։ Լուծումը միայն քրեական պատասխանատվությունը չէ, այլ կրթական և սոցիալ-հոգեբանական կողմը՝ ասում է վարչապետը։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ արդեն գործում է բռնարարների վերականգնողական փորձնական ծրագիր, սակայն օրենքնի փոփոխության դեպքում այն պարտադիր կդառնա․
«Սա շատ լայն և կարևոր թեմա է։ Այն ազդում է ընդհուպ տնտեսության զարգացման և կանանց ակտիվացման վրա»։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ ասելիք ուներ։ Անհրաժեշտ է համարում փոխել կարծրատիպերը․
«Մեր հասարակությունը սոցիալ-մշակութային, երբեմն ավանդույթներից ելնելով, չի բարձրաձայնում բռնությունն ընտանիքում։ Միշտ խմում ենք կենացներ երեխաներին ու կանանց ուղղված, սակայն ետնաբեմում պատկերն այլ է։ Այո՛, մեր երկրում բռնություն, ցավոք, կա՛»։
Երբեմն սոցցանցային լուսանկարում կամ հարազատների առջև ընտանիքը շարունակում է ժպտալ, մինչդեռ այդ ժպիտի հետևում կարող են լինել վախն ու լռությունը։ Պետությունն այժմ փորձում է փոխել առնվազն մի բան․ այդ լռության գինը այլևս չպետք է վճարի բռնության ենթարկվողը։