Իրանի դեմ պատերազմը կարող է շարունակվել մինչև 2027 թվականը․ մամուլի արձագանքը վերջին սրացումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»։ Նա հայտարարել է, որ այդ ջրային զարկերակն այժմ ամերիկյան զորքերի վերահսկողության տակ է։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների տարածք հռչակելու։ Թրամփը սոցցանցերում նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որոնցում նեղուցը պատկերված է ԱՄՆ կազմում։

Թրամփի այս հայտարարություններին արձագանքել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գոհացնում է Պարսից ծոցում, մասնավորապես Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։ Նա գովաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ Իրանի դեմ հաջող գործողությունների համար․

«Երեկ՝ երեկոյան, լավ աշխատանք կատարեցիք Իրանում։ Դուք նրանց ջախջախեցիք։ Շատ լավ։ Ի դեպ, մենք շատ մեծ հաղթանակ ենք տանում։ Մենք պետք է ասենք դա, որովհետև մամուլը չի սիրում դա ասել։ Նրանք չունեն ռազմածովային ուժեր։ Նրանք չունեն ռազմաօդային ուժեր, նրանք չունեն ինքնաթիռներ: Դրանք բոլորը ծովի հատակում են կամ թռիչքուղու տակ։ Նրանց առաջնորդները չկան։ Նրանց ամբողջ տեխնոլոգիան վերացել է։ Նրանց զենքերը մեծ մասամբ վերացել են։ Նրանց տնտեսությունը լիովին ավերված է։ Նրանց տնտեսությունը աշխարհի ամենավատ տնտեսությունն է։ Նրանց փողը արժեք չունի»։

Վերջին սրացումը տարածաշրջանում տեղի է ունեցել մարտական գործողությունները դադարեցնելուց մեկ ամիս հետո։

Ի պատասխան ամերիկյան վերջին հարվածների՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով ականատես կլինի Իրանի պատերազմական նոր ռազմավարությանը։

Նա X-ում գրառում է արել, սակայն առանց մանրամասների․ «Այս անհաջող ջանքերի շնորհիվ դուք ոչ միայն դուրս չեք գա այն դժոխքից, որը ստեղծել եք ձեզ համար, այլև շուտով կտեսնեք, որ Իրանի նոր ռազմավարությունը մարտի դաշտում, դիվանագիտության մեջ և տնտեսական շրջափակմանը դիմակայելու գործում, կխաթարի ձեր հիմքերը»։

Դոնալդ Թրամփը նաև պնդում է, որ ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցը, որով պատերազմից առաջ անցնում էր աշխարհի նավթի 1/5–ը։ Ըստ նրա՝ ամերիկյան ուժերը Հորմուզի նեղուցում իրանական 28 նավ են ոչնչացրել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է զանգվածային հարվածների փաստը՝ պարզաբանելով, որ նպատակ ունեն կանխելու Հորմուզի նեղուցի ականապատումը։

Ի պատասխան՝ Իրանը անօդաչուներով հարվածել է Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի ամերիկյան ռազմաբազաներին։

Հաղորդվում է նաև, որ Իրանի ափամերձ շրջաններում ամերիկյան հարվածներից խաղաղ բնակիչներ են սպանվել ու վիրավորվել։

Իրանական Fars գործակալությունը գրում է, որ Իրանի Սիրիկ քաղաքում հարսանիքի ժամանակ առնվազն 5 մարդ է սպանվել ամերիկյան հարվածներից, ևս 68-ը վիրավորվել են։ Այս տվյալները լրատվամիջոցին տրամադրել է Կարմիր մահիկի ներկայացուցիչը։

Իրանի ԱԳՆ–ն հարսանեկան արարողության վայրին ԱՄՆ զինուժի հարվածը որակել է «ռազմական հանցագործություն»։

AP գործակալությունը նշում է, որ վեցամսյա պատերազմը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի, խաթարել է տնտեսությունը ողջ աշխարհում։ Այն նաև նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ մեծ քաղաքական խնդիրներ է առաջացրել ԱՄՆ նախագահ Թրամփի և Հանրապետական կուսակցության համար։

Wall Street Journal պարբերականն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը երկարաձգում է ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը Մերձավոր Արևելքում։ Պարբերականը չի բացառում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն այս տարի չավարտվի։

Մերձավոր Արևելքում այժմ մոտ 50 հզր ամերիկացի զինվորական և 19 ռազմանավ է տեղակայված։

Պարբերականը գրում է, որ Դոնալդ Թրամփը երկու հակադիր սցենար է դիտարկում։ Դրանցից մեկը պատերազմի ավարտի մասին հայտարարելը և Թեհրանից զիջումներ կորզելու համար տնտեսական ճնշումն ավելացնելն է։ Մյուս տարբերակը ռազմական ճնշումն ավելացնելն է։ Պանտագոնը Սպիտակ տուն է ներկայացրել հետագա էսկալացիայի պլանը։ Եթե հաստատվի, ամերիկյան ուժերը տարածաշրջանում կմնան առնվազն մինչև 2027 թվականը։

Leave a Comment