Շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գործով մեղադրյալներն են Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը։
Սեպտեմբերի 2-ի հերթական դատական նիստի ընթացքում հրապարակվեցին գործով վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։ Դրանք հրապարակվեցին, քանի որ վկայի ներկայիս ցուցմունքներում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում առկա էին հակասություններ։
Ցուցմունքների հրապարակումից հետո վկային ուղղվող հարցերի վերաբերյալ կողմերը փոխադարձ առարկություններ ներկայացրին։ Ի վերջո դատարանը կողմերին հորդորեց հետևել դատական նիստի կարգուկանոնին։ Դրանից հետո պաշտպանական կողմը ներկայացրեց իր առարկությունը, ինչից հետո ևս շարունակվեց քննարկումը՝ թե ինչ հարց կարող է տրվել վկային և ինչպես պետք է ձևակերպվի այդ հարցը։
Վկան, անդրադառնալով իր ցուցմունքների միջև առկա տարբերություններին, նշեց, որ պետք է հիմք ընդունել նախաքննական մարմնում տված ցուցմունքը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ դեպքերից տարիներ են անցել, հնարավոր է՝ որոշ հանգամանքներ այժմ ճիշտ չհիշի։ Նիստի երկրորդ հատվածում դատարանը հարցաքննեց գործով ևս մեկ վկայի։