ԵՄ-ն կխաբի Հայաստանին ինտեգրման հետ կապված ակնկալիքներում. Օվերչուկ

Եվրոպական միությունը կխաբի Հայաստանին ԵՄ ինտեգրման հետ կապված իր ակնկալիքներում, քանզի Հայաստանը չի կարողանա բավարարել եվրոպական պահանջները, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանց [ԵՄ – խմբ.] գործն է խոստումներ տալը, և հայերի գործն է՝ խաբվե՞լ, թե՞ ոչ։ Նրանք անպայման կխաբեն, որովհետև, ինչպես ասում են, խոստանալը մի բան է, իսկ կատարելը՝ մեկ այլ»,- ռուսական «Վեստի» լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է Օվերչուկը։

ԵՄ պահանջներին համապատասխանությունը՝ հսկայական աշխատանք

ՌԴ փոխվարչապետը բացատրել է, որ «եվրոպական պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ է վերակառուցել անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության համակարգերը, տեխնիկական կանոնակարգերը և հավաստագրման պահանջները»։

«Սա շատ դժվար աշխատանք է, որը հնարավոր չէ լուծել պարզապես մեկ կոճակ սեղմելով»,- ասել է Օվերչուկը։

Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ռուսաստանցի պաշտոնյան նաև լրագրողներին ասել է, որը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը Երևանի որոշելիքն է և նրա ինքնիշխան իրավունքը, այս հարցի շուրջ Մոսկվայի հետ որևէ շփում չկա:

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է,- ասել է նա:

ՌԴ-ն կորոշի, թե ինչ արտոնություններից կզրկվի Հայաստանը

Օվերչուկը նաև նշել է, որ եթե Հայաստանը որոշել է անդամակցել ԵՄ-ին, այդ դեպքում Ռուսաստանն էլ իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ինչ արտոնությունների կզրկվի Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի դեպքում։

«Իսկ մեր իրավունքն է լուծել հարցերը կապված այն արտոնությունների հետ, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ին մերձենալու դեպքում»,- ասել է Օվերչուկը:

ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը մայիսից սահմանափակումներ է կիրառում հայկական գյուղմթերքի ու խմիչքների նկատմամբ, նաև արգելել է դրանց տարանցումը ԵԱՏՄ տարածքով:

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը գործնականում համարժեք է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության, քանի որ անհնար կլինի միաժամանակ երկու կազմակերպության անդամ լինել։ Պուտինը դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել՝ հասկանալու, թե արդյոք հայ ժողովուրդը ցանկանում է միանալ այս դաշինքին:

Սակայն վարչապետ Փաշինյանը պնդեց՝ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը քանի դեռ այն հնարավոր է:

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին օրենք ընդունեց, որով մեկնարկեց ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը։

Leave a Comment