Երբ դեռ 10-11 տարեկան էր, նրա երգն արդեն այնքան տպավորիչ էր, որ հայոց լեզվին անծանոթ Անդրեյ Բիտովն իր բառերով՝ մաքուր եւ հասուն ձայնով հայկական ժողովրդական երգի այդ հնչյունների, փոքրիկ գեղեցիկ աղջնակի մասին գրեց իր «Հայաստանի դասերը» ակնարկում։
Տարիներ անց Հասմիկ Պապյանն արդեն մեծ բեմերում փաստեց, որ գրողը տեսանող էր՝ սոպրանոյի համար օպերային գլխավոր երգացանկի կողքին նա առիթ էր որոնում համաշխարհային համերգասրահներում ներկայացնելու հայ երգը, Կոմիտասից մինչեւ Մանսուրյան։
20-րդ դարավերջի, 21-րդ դարասկզբի համաշխարհային կարեւորագույն բեմերում՝ 40 տարի շարունակ կերտել է մոտ 45 բեմական կերպար, որոնց միացնող գիծն առաջնորդությունն է։ Եւ պատահական չէ, որ լեռների սիրահար Հասմիկ Պապյանի այցեքարտը Նորման է՝ Բելինիի կերտած գեղեցկագույն Էվերեստը, որ Պապյանը բարձրացել է ավելի քան 150 անգամ։ Որքան խաղաղեցնող է նրա Casta Diva-ն, որքան մեծ է գայթակղությունը՝ ունենալ բացարձակ իշխանություն, եւ բեմում թողնել այն… վերին աստիճանի իմաստնության ցուցիչ, որ կյանքի դաս է։
Հայաստանի դասերը՝ լեզուն, երգը, պատմությունը, ընտանիքը, արժեքները միշտ ուղեկցել են Հասմիկ Պապյանին, իսկ նրան բեմից դուրս ճանաչողների համար Պապյանի հետ ամեն մի շփում Հայաստանի դաս է եղել։
«Ձայն Հայաստանից»ը Հայաստանի ձայնն է դարձել, ընդլայնել մեր փոքրացած երկրի սահմանները, վերափոխել ուկնդրի, հանդիսատեսի միտքը՝ շեշտելով երկու գաղափար՝ զգալ եւ հավատալ։ Եւ անզոր է արհեստական բանականությունը՝ այս երկուսին մրցակից չէ հաստատ։
Նա Հայաստանի խորհրդանիշն է։ Սակավ են ընտրյալները, որ աշխարհում խոսել են տալիս ոչ միայն իրենց մասին, այլեւ՝ մի ամբողջ ժողովրդի, երկրի, պետության։
Երգելու շնորհից զատ Աստված խոսելու եւ նաեւ լսելու շնորհից չի զրկել Հասմիկ Պապյանին։ Բառերի հրաբխի մեր օրերում, երբ սոցցանցը սանձարձակությունը հրահրում է, նրա խոսքն ու գիրը կարգավարի դեր ունեն՝ միշտ սրտացավ եւ արդարամիտ, միշտ հայոց բառուբանի տեղին կիրառմամբ։ Ոգին նորոգող հույսի առագաստ է Պապյանի միտքը։
Վերջին տարիներին աշխարհում եւ առավել հայ աշխարհում ամպամածությունները հաճախ են կայծակ ու որոտ դառնում, բայց նրա մտավոր երկնակամարում տառապանքի հաղթահարման մի աննահանջ կերպ կա՝ աշխատանքը։ 2020-ի սեպտեմբերից ի վեր երգելու վարպետության իր կարեւոր փորձն է փոխանցում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, «Զարթոնք» ակադեմիայի երիտասարդ սաներին, նրանց փոխանցելով անժամանցելին՝ Հայաստանի դասերը։ Արցախին իր նվիրվածության հանձնառության հաստատումն է «Արցախ» կամերային նվագախմբի շարունակական ընթացքը, որ սիրտ է՝ մարմնից դուրս, բայց՝ բաբախող։
Օրհնյա՛լ լինի ծնունդը քո, սիրելի՛ Հասմիկ Պապյան։
Դառնանք ճամփորդը նվիրական երազիդ։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա