Արցախի անկախության օրը՝ փոխված իրողությունների պայմաններում

Եռաբլուրում այսօր մարդաշատ էր։ Մարդիկ եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքին նվիրած հերոսների հիշատակին։ Առիթը սեպտեմբերի 2-ն է՝ օր, որը տարիներ շարունակ նշվել է որպես Արցախի անկախության տոն։ Այսօր իրողություններն այլ են, իսկ դրանց վերաբերյալ Հայաստանի իշխանության և ընդդիմության մոտեցումները շարունակում են էապես տարբերվել։

Դասագրքերը պատմում են, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին անցկացվել է անկախության հանրաքվե, որին հաջորդած ընտրություններով ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման համակարգը։ Հայկական երկրորդ հանրապետությունը, սակայն, միջազգային ճանաչում չստացավ, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Եւ անչափ զգայուն հենց այս փաստի շուրջ է , մեծ հաշվով, ծավալվում գործող ու նախկին իշխանությունների միջև ամենալուրջ բանավեճը՝ ինչու Հայաստանը չէր ճանաչում Արցախի հանրապետությունը։

Նիկոլ Փաշինյան — «Ես համարում եմ, որ Հայաստանի վզին թոկ փաթաթելու քաղաքականություն է վարվում։ Դուք էլ նպատակ ունեք մեր իրական պետական ինքնիշխանության և անկախության օրակարգից շեղել։ Դուք ուզում եք, որ մենք հիմա վերցնենք այդ թոկը և փաթաթենք ՀՀ վզին»։

2023 թվականից սկսած՝ սեպտեմբերի 2-ն այլ իրողությունների մասին է։ Ղարաբաղում այսօր հայ բնակչություն չկա։ Ավելի քան 100 հազար արցախահայեր տեղահանվել են ու տեղափոխվել Հայաստան։ Կառավարության քաղաքականությունն այսօր հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման և Ղարաբաղյան հակամարտության շուրջ նախկին տրամաբանությունից դուրս գալու վրա։  Վարչապետ Փաշինյանը քանիցս հայտարարել է՝

«Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից, և ես հպարտ եմ դրա համար։ Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»։

Ընդդիմադիր ուժերը շարունակում են պնդել, որ արցախահայության խնդիրները չեն կարող դուրս մնալ արտաքին քաղաքական օրակարգից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ վերադարձի իրավունքը պետք է առաջ մղվի։

«Արցախցիներն ունեն իրավունք, և մենք բոլորս պիտի պայքարենք վերադարձի իրավունքի համար»։

Կառավարությունն արցախահայերի վերադարձն իրատեսական չի համարում։ Իշխանությունը շեշտում է Հայաստանի  տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Ընդդիմադիր դաշտում քննադատում են այս քաղաքականությունը՝ պնդելով, որ սահմանափակվում է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելը։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան․

«Հարցը շատ դժվար է միջազգային օրակարգում պահել, քանի որ դրա թիկունքում չկա պետություն»։

Հենց այսօրինակ ձևակերպումներն են, որ վարչապետ Փաշինյանը մեկնաբանեց որպես պատերազմ հրահրելու մոտեցում, իսկ այն առաջ տանող քաղաքական ուժերին անվանեց «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Սեպտեմբերի 2-ի ամենազգայուն հարցերից մեկը Բաքվում հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անազատության մեջ պահվելն է։ Որևէ առիթ բաց չենք թողնում՝ բարձրացնելու այս հարցը՝ շեշտում է իշխանությունը՝ ի պատասխան ընդդիմադիր ուժերի քննադատությունների, թե բավարար քայլեր չեն ձեռնարկվում։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյան․

«Ես սա հազար անգամ ասել եմ, եթե այդքան կարիք կա ամեն անգամ հավաստիացում լսելու, պատրաստ եմ հազար անգամ էլ ասել։ Այդ թեման, հարցնեք, չհարցնեք, երբեմն գերիների հարազատներն էլ, հասկանալի մտահոգությունով, հարցը բարձրացնում եմ մշտապես։ Դա մեր երկխոսության մաս է»։

Արցախի նախկին պաշտոնյաներն, իրենց հերթին, խոսում են արցախահայության սոցիալական, իրավական և հումանիտար խնդիրների մասին։ Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը նշում է՝ փորձում են համայնքը պահպանել, սակայն խաղաղությունն առաջնահերթ են համարում։ 

«Բավականին բարդ խնդիր ունենք՝ Արցախի հարցը օրակարգում պահելու։ Այնուամենայնիվ այսօր մենք նկատի ունենալով ՀՀ անվտանգությանը իրականում սպառնացող, թե մտացածին սպառնալիքները, մենք մեր բոլոր քայլերը հաշվարկած են անում և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը»։

Հումանիտար բաղադրիչները մեկտեղելով՝ կառավարության ղեկավարը խոսում է արցախցիների՝ Հայաստանում իրենց ապագան կառուցելու մասին։

«Առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը միայն պայմանագիր չէ։ Խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի։ Հասկանա, որ ճամպրուկը կապած վիճակը, չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը»։

Արցախի թեմայի շուրջ քաղաքական տարաձայնությունները վերաբերում են նաև անցյալի գնահատականներին։ Ընդդիմադիր շրջանակներում քննադատում են այն մոտեցումները, որոնք, նրանց գնահատմամբ, վերաիմաստավորում են Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանց հետևանքով զոհվածների պայքարի նշանակությունը։

Իշխանությունը, իր հերթին, առաջնային է համարում ոչ թե անցյալի հակամարտության տրամաբանությունը վերարտադրելը, այլ խաղաղության և տարածաշրջանային կայունության ապահովումը։

Leave a Comment