Հայաստանում ռուսական ռազմաբազան պատերազմի պատրաստ չէ․ փորձագիտական կարծիք

Եթե Հայաստանը ուզում է, որ ռուսական ռազմաբազան հեռանա երկրից, այն հենց վաղը կհեռանա՝ Բիշքեկում այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա այդ հայտարարությանն այսօր արձագանքել են Հայաստանի փորձագիտական շրջանակները։ Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե Երևանը պահանջի հեռացնել ռուսական ռազմաբազան Հայաստանից, ապա Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի և քաղաքական կոշտ հայտարարություններ կանի։

Երևանը կտրուկ քաղաքական ռեակցիա կտեսնի Մոսկվայից, եթե ռուսական ռազմաբազան հեռացնելու գործընթաց սկսի, համոզված է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։ Նա հիշեցնում է վերջին շրջանում հայկական ապրանքների ներկրման վրա դրված ռուսական արգելքը և զգուշացնում, որ ավելի խիստ պատկերի ականատես կլինենք այդ դեպքում։

«Ըստ պայմանագրի՝ եթե կողմերից մեկը ուզում է պայմանագրից դուրս գալ, ռազմաբազայի մասին է խոսքը, ապա մեկ տարի առաջ պետք է դրա մասին ասի ու մի տարի կմնա արդեն այդ ռազմաբազան դուրս հանելու համար, եթե Հայաստանն է որոշել։ Նույնն էլ՝ Ռուսաստանի կողմից, եթե որոշեն հանել, պետք է մի տարի առաջ ասեն։ Բնականաբար, մի բան է՝ ասել, որ երբ ուզեք, կարանք դուրս գալ, բայց  պետք է հասկանալ, որ Ռուսաստանի դեպքում բավականին կտրուկ քաղաքական ռեակցիա կարող է առաջացնալ, և կարող են լինեն օրինակ՝ պատժամիջոցներ տնտեսական բնույթի, ինչը մենք այսօր էլ տեսնում ենք»։

Բիշքեկում Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ լրագրողները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել էին Հայաստանում ռուսական ռազմաբազայի  հետագա ճակատագրով։ Ի պատասխան՝ Պուտինն ասել էր․

«Եթե Հայաստանը կարծում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք որևէ մեկին որևէ բանի չենք պարտադրի»։

Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պահպանվի, Ռուսաստանը կմնա և կշարունակի գործակցությունը, պարզաբանել էր ՌԴ նախագահը։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անգամ խորհրդանշական առումով այսօր էական նշանակություն չունի Հայաստանի համար․

«Ռազմաբազան ռազմական տեսակետից, առաջին հերթին, հենց Ռուսաստանի ռազմաբազան է և ոչ թե ռազմական ուժը, որովհետև բավականին սահմանափակ ռեսուրսներ ունի, «լավ ժամանակներում» մոտավորապես 4000-5000 հոգի է այնտեղ ծառայել է, բայց այս ընթացքում այն շատ քիչ է զարգացել, համեմատած, օրինակ, Ռուսաստանի այլ զորքերի հետ, բավականին հին զինտեխնիկա ունի։

Չեմ կարծում, որ այդ զինտեխնիկայի կեսից ավելին ռեալ պատերազմի պատրաստ է։ Դրա համար հենց այդ հոգեբանական գործոնն էր ամենակարևորը, որ Ռուսաստանի դրոշն է այստեղ , դրա համար Հայաստանի վրա հարձակվելը մեծ խնդիրների հետ կապված կարող էր լինել, բայց այսօր դա արդեն այդքան էլ լավ աշխատող գործոն չէ, գոնե այս վերջին տարիներին»։

Ըստ այդմ, փորձագետի կարծիքով, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր փակումը կամ դուրսբերումը Հայաստանից՝ Երևանի համար լուրջ վտանգներ չի պարունակում։

Մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Գյումրիի ռուսական ռազմաբազան փակելու ծրագիր չունի։

Ռուսական 102-րդ ռազմաբազան գործում է 1995 թվականի հայ-ռուսական համաձայնագրի հիման վրա, որի գործողության ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Այլ է պատկերը ՀԱՊԿ–ին անդամակցության հարցում։ Վերջերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում ՀԱՊԿ վերադառնալու ծրագրեր չկան։ Նա ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե կազմակերպությունը ինքը որոշի հեռացնել Հայաստանը իր կազմից։

Leave a Comment