ՊԵԿ-ը հրաժարվում է 373.3 մլն դրամի համազգեստի ծախսից՝ գումարը սերվերային ենթակառուցվածքին ուղղելու համար

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է արդիականացնել երկու տվյալների կենտրոնների ենթակառուցվածքները։ Նախագծով առաջարկվում է 446.4 մլն դրամ վերաբաշխել, իսկ 461.9 մլն դրամ ուղղել սերվերային համակարգերի ենթակառուցվածքների ձեռքբերմանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Կարգավորման ենթակա խնդիրը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով՝

ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) պատկանող տվյալների մշակման երկու կենտրոնների ենթակառուցվածքները շահագործվում են շուրջ 9 և 12 տարի (համապատասխանաբար՝ 2014թ. և 2017թ.-ից)։ Սարքավորումների (ենթակառուցվածքների հիմնական մաս կազմող) շահագործման ժամկետը 10 տարի է, հետևաբար անհրաժեշտ է արդիականացնել դրանք և վերազինել տվյալների մշակման կենտրոնները հետագա խափանումներից զերծ մնալու համար։

Ընթացիկ իրավիճակը

Տվյալների մշակման կենտրոնը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝ 24/7 անխափան հասանելիություն, էլեկտրամատակարարման կրկնակի ապահովում, սարքավորումների ջերմային կայունություն, սպասարկման ընթացքում աշխատանքի շարունակականություն և ապագա մաշտաբավորման հնարավորություն։ Ներկայումս շահագործվող հովացման, էլեկտրամատակարարման և պահուստային սնուցման համակարգերը, քանի որ շահագործվում են ավելի քան 10 տարի, դրանց տեխնիկական վիճակը պահանջում է արդիականացում և ընդլայնում՝ առանց ծառայությունների դադարեցման։ Բացի այդ անընդհատ ավելանում են տվյալների կենտրոններին ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաև տեխնիկական հզորությունները։ Հետևաբար, արդի պահանջներին բավարարելու համար անհրաժեշտ է արդիականացնել և վերազինել գործող ենթակառուցվածքը։

Կարգավորմաննպատակը

Ծրագրի նպատակն է ապահովել տվյալների մշակման կենտրոնների շարունակական, կայուն և անվտանգ աշխատանքը՝ միաժամանակ ապահովելով հզորության աճ մոտավորապես 30 տոկոսով և նվազեցնելով համակարգային խափանումների հավանականությունը։ Ծրագիրը նախատեսում է գործող ենթակառուցվածքների արդիականացում և ընդլայնում՝ առանց ծառայությունների դադարեցման։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հովացման, էլեկտրամատակարարման և անխափան սնուցման ենթահամակարգերի արդիականացում, ինչպես նաև ստեղծել էներգետիկ շղթա առանց ընդհատման՝ ապահովելով տվյալների կենտրոնների 24/7 հասանելիությունը, սարքավորումների ջերմային կայունությունը, սպասարկման ընթացքում աշխատանքի շարունակականությունը և ապագա ընդլայնման հնարավորությունը։

Նախագծով առաջարկվում է Կոմիտեի «1023. Հարկային և մաքսային ծառայություններ» ծրագրի շրջանակներում միջոցառումների միջև կատարել վերաբաշխում՝ 446,364.2 հազար դրամի չափով, որը իրականացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով, հիմք` ՀՀ կառավարության 2025թ. N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետ: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է իրականացնել միջեռամսյակային վերաբաշխում 2026թ. պետական բյուջեի ժամանակավորապես ազատ մնացորդի հաշվին:

Մասնավորապես, նվազեցումները նախատեսվում է իրականացնել «Հարկային և մաքսային ծառայություններ» և «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միջոցով.

– «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածից 420.2 մլն դրամ, որից` 46.9 մլն դրամը պայմանավորված է գրասենյակային պիտույքների ձեռքբերման արդյունքում առաջացած, իսկ 373.3 մլն դրամը համազգեստի գծով նախատեսված միջոցների խնայողություններով: Համազգեստի գծով ծախսերի նվազեցումը պայմանավորված է ամառային համազգեստի ձեռքբերման պահանջի դադարեցմամբ, քանի որ 2026թ. դրա ձեռքբերումը և տվյալ տարում հատկացում դիտարկվում է ժամանակավրեպ,

– «Հատուկ նպատակային նյութեր» հոդվածից նախատեսվում է նվազեցնել 611.0 հազար դրամ, որը պայմանավորված է գնումների արդյունքում առաջացած խնայողություններով,

– «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածից նախատեսվում է նվազեցնել 25.5 մլն դրամ, որը պայմանավորված է գնումների արդյունքում առաջացած խնայողություններով,

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման.

– «Վարչական սարքավորումներ» հոդվածից նախատեսվում է նվազեցնել 15.6 մլն դրամ, որը պայմանավորված է Կոմիտեում առկա օդորակիչների և շարժական բազկաթոռների մնացորդային քանակներով:

Ավելացումները նախատեսվում են ուղղել`

  • «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածին 461.9 մլն դրամ, որը պայմանավորված է սերվերային համակարգերի ենթակառուցվածքների ձեռքբերմամբ:

Անհրաժեշտ սարքավորման պահանջարկն ապահովելու նպատակով, «Գնումների մասին» ՀՀ Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմակերպվել է թիվ ՀՀ ՊԵԿ-ԷԱՃԱՊՁԲ-2026/11 ծածկագրով գնման գործընթաց, որի շրջանակներում առկա է ընտրված մասնակից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի իրականացման արդյունքում կապահովվի տվյալների կենտրոնների շարունակական, կայուն և անվտանգ աշխատանքը, հզորության աճ մոտավորապես 30 տոկոսով և համակարգային խափանումների հավանականության նվազեցում։

Նախագիծը կապահովի բարձր էներգետիկ կայունություն, սարքավորումների շահագործման ժամկետի երկարացում, ծառայությունների չընդհատվող աշխատանք, սպասարկման պարզեցում և վթարային իրավիճակներում արագ վերականգնում։

Միաժամանակ կապահովվի պետական ծառայությունների անխափան հասանելիությունը, տվյալների կորստի ռիսկի նվազեցումը և պետական կառավարման թվայնացման ծրագրերի տեխնիկական հիմքերի ամրապնդումը։

Առաջարկվող լուծման արդյունքում կստեղծվի էներգետիկ անկախ, արդիականցվող և անվտանգ տվյալների կենտրոն, որը կբավարարի առաջիկա տարիների բեռի աճը և կապահովի պետական տեղեկատվական համակարգերի շարունակական աշխատանքը։

Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել տվյալների մշակման կենտրոնների շահագործման առանձնահատկությունները, տեղեկատվական անվտանգության պահանջները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը և ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի պահանջները։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և  ծախսերում սպասվելիք փոփոխությունները,

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, ինչպես նաև Նախագծով առաջարկվող նվազեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2-րդ կետով սահմանված թվային տնտեսության համար առանցքային ենթակառուցվածքների հասանելիության և որակի բարձրացման ծրագրից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի N 1830-Լ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետով հաստատված միջոցառումների 1.1.3 կետ:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Leave a Comment