Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը և ԵԱՏՄ-ի անդամակցությանը։

Պուտինի խոսքով՝ մեկ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է գործող ինտեգրացիոն միությունից դուրս գալու մասին հայտարարություն։

«Մեկ այլ կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է ներկայիս կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն»,- ասել է Պուտինը՝ խոսելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին։

ՌԴ նախագահը նաև առաջարկել է ԵՄ-ին անդամակցելու հարցում ընտրության հնարավորությունը տալ Հայաստանի քաղաքացիներին և պարզել, թե ինչ են ցանկանում նրանք։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը հնարավորինս արագ կհստակեցնի իր հետագա ընտրությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում, որպեսզի Ռուսաստանը հասկանա, թե ինչպես պետք է կառուցի Հայաստանի հետ հետագա հարաբերությունները։

Ավելի վաղ նույն հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն դժվարություններ է ստեղծում՝ հաշվի առնելով երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նախկինում հայտարարել է, որ Հայաստանը շարժվում է ԵՄ չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կկատարվի Հայաստանի քաղաքացիների հետ միասին։

Leave a Comment