Սեպտեմբերի 1-ին, երբ Հայաստանում դպրոցական զանգն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, հարևան Վրաստանում աշխատանքային եռուզեռ է դեռ միայն ուսուցիչների համար։ Աշակերտներն այստեղ դպրոց կգնան ավելի ուշ՝ սեպտեմբերի 15-ից։ Վրաստանի ավելի քան 2 հազար պետական դպրոցներից այսօր հայերեն է հնչում 129-ում․ սրանք երկրի հայալեզու դպրոցներն են, որոնք ապրում են տարբեր հոգսերով, բայց նույն առաքելությամբ։
Վրաստանում գործող 129 հայկական դպրոցները նոր ուսումնական տարվա շեմին տարբեր խնդիրների առջև են, բայց բոլորի առաքելությունը պահպանելն է հայկական կրթությունը։
Նինոծմինդայի Օրոջալար գյուղի տնօրեն Արմենուհի Պոդոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ ամենամեծ սպասելիքն այն է, որ այս տարի գյուղի դպրոցի շենքի վերանորոգումը ավարտվի․ մինչև այդ աշակերտները կհաճախեն քաղաքի դպրոց․
«Այս տարի առաջինդասարանցիների թվի աճ ունենք։ Անցյալ տարի վեց, այս տարի ինը առաջինդասարանցի ունենք։ Ցավոք, հետզհետե աշակերտների թիվը նվազում է մեր գյուղում, երիտասարդներն ավելի շատ ձգտում են քաղաքում ապրելու, բնակչությունը նվազում է»։
Վրաստանի հայաբնակ ևս մեկ գյուղում՝ Հայաստանի հետ սահմանակից Աղքյորփիում, այս պահին դպրոց է կառուցվում. աշակերտներն այս ուսումնական տարին ևս կսկսեն գյուղի ամբուլատորիայի շենքում։ Դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանն ասում է․
«Ունենք տասը առաջին դասարանցի․ սա լավ ցուցանիշ է, գյուղում աճ կա։ Ասֆալտապատվում է գյուղով անցնող միջպետական ճանապարհը դեպի Հայաստան, դպրոցի շինարարությունն ավարտին է մոտենում։ Սակայն դպրոցն ունի կադրերի պակաս»։
Աղքյորփին Մառնեուլիի լեռնային գյուղերից է։ Այստեղ ևս ինչպես ամբողջ երկրում ուսուցիչների քննությունների նկատմամբ նույն խիստ չափանիշներն են կիրառվում։ Սուքիասյանը նշում է, որ անգամ մեկ միավորի պակասի դեպքում նրանք չեն հաղթահարում անցողիկ շեմը և կորցնում են դասավանդելու հնարավորությունը, ինչն ավելի է խորացնում ուսուցիչների պակասի խնդիրը։
Դամիա գյուղի միակ հայկական դպրոցն ընդամենը երեք առաջինդասարանցի ունի։ Այդուհանդերձ, աշակերտների թիվը փոքր-ինչ ավելացել է։ Մշտական ջուր, գազ, լույս կան այստեղ։ Հայերենի ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը նշում է․
«Շատ լավ է, որ մեր դպրոցում բոլոր առարկաները սովորում են հայերենով, միայն վրացերենը՝ վրացերենով, անգլերենը՝ անգլերենով։ Սա շատ կարևոր է՝ պայքար ուծացման դեմ»։
Ի դեպ, Վրաստանի հայաբնակ շրջաններում՝ Սամցխե-Ջավախեթիում և Մառնեուլիի գյուղերում, խնդիր է մնում պետական լեզվի տիրապետման հարցը։ Պատկերն այլ է մայրաքաղաք Թբիլիսիում։ Այստեղ մեկ հայալեզու կրթօջախ կա ողջ քաղաքի հայության համար՝ մայրաքաղաքի կենտրոնի 104-րդ դպրոցը։ 85-ամյա Մարիամ տատն իր թոռնիկին քաղաքի ծայրամասից ամեն օր տանելու է հայկական դպրոց․
«Շատ հեռու է, բայց ամեն օր պիտի բերեմ թոռնիկիս, որովհետև ազգասեր ժողովուրդ ենք»։
104-ը Վրաստանում գործող միակ հայկական դպրոցն է, որը, ինչպես փոխտնօրեն Ալմարա Սիրադեղյանն է ասում, քայլում է վրացական դպրոցներին համընթաց․ այսինքն՝ վրացերենն ուսումնասիրվում է ոչ թե ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ծրագրով, այլ վրացական դպրոցների ծրագրով։ Հետևաբար շրջանավարտները հավասարապես տիրապետում են և՛ հայերենին, և՛ վրացերենին․
«Այս դպրոցը մեր հպարտությունն է, և մենք ամեն ինչ անում ենք, որ կրթությունն այստեղ բարձր մակարդակով կազմակերպվի․ ոչնչով հետ չմնանք վրացականից»։
Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայկական դպրոցներն ունեն պետական կարգավիճակ և ամբողջությամբ ֆինանսավորվում են երկրի պետբյուջեից։