Հայաստանի վարչապետը Բիշքեկում 2 օր մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքին՝ մտադիր լինելով նաև դառնալ կառույցի անդամ։ Միաժամանակ, Երևանը ռազմավարական գործակցության առանձին պայմանագրեր է պատրաստվում կնքել Իրանի և Հնդկաստանի հետ՝ ՇՀԿ+ հանդիպումներին հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի նախագահ, չխոսեց ռուսերեն և Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում խոսքը ձևակերպեց հայերենով։ Անգամ մի պահ տպավորություն էր, որ թարգմանությունը մի քանի նախադասություն ուշացումով էր։
Սա, թերևս, կարելի է ընկալել որպես պաշտոնական Երևանի մոտեցում։ Սակայն անգամ Ռուսաստանի հետ վերջին շրջանի բարդ հարաբերությունների պայմաններում կարևորվում է փոխադարձ հարգանքը, ինչն ավելի վաղ շեշտել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, որոշակի առողջացման, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք։ Մենք կարծում ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները ավելի մեծ հարգանքով պետք է վերաբերվեն ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր իրավունքին»։
Ակնկալիք կա, որ Բիշքեկյան հարթակը կարող է նպաստել Հայաստան-Ռուսաստան տարաձայնությունները հարթելուն։ Մինչև առանձնազրույցը Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին «ՇՀԿ+» հանդիպման մասնակիցների ընդհանուր լուսանկարահանման ժամանակ և, միմյանց բավական մոտ կանգնած, փոխանակվել ձեռքսեղմումով։
Բուն համաժողովը նվիրված էր բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը։ Հայաստանի վարչապետի համար սա առիթ էր՝ խոսելու պաշտոնական Երևանի քաղաքականության մասին՝ կարևորելով տարբեր երկրների հետ ռազմավարական գործընկերությունը, նաև՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունները։
«Հայաստանի նման փոքր պետությունը ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբևեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս՝ ըստ էության, բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելով։ Իմաստը հետևյալն է՝ երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունը այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության և անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։ Նման քաղաքականության հիմնական նպատակը ինքնիշխանությունը և անկախությունը պահպանելն ու ուժեղացնելն է»։
Հայաստանի վարչապետի այս ուղերձը հնչեց Պուտինի հետ հանդիպումից առաջ, որտեղ, ըստ ռուսական կողմի կանխատեսումների, հայկական կողմին հորդորելու էին ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Փաշինյանի խոսքում տողատակով ասելիք էլի կար։ Օրինակ՝ որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, որի ջանքերով էլ կյանքի է կոչվում TRIPP նախագիծը։
Հաշվի առնելով, որ TRIPP-ի հետ կապված հարցերից դեռ խնդրահարույց է մնում ռուսական կառավարման տակ գտնվող 42 կիլոմետրանոց երկաթգծի ճակատագիրը՝ հաջորդ շեշտադրումն արդեն միջազգային առևտրային ուղիների մասին էր։
«Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Այնպես որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»։
Ադրբեջանի նախագահն, ընդ որում, հաստատել է, որ Հայաստանի հետ աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջիկայում ապրանք կվաճառի։
Ընդհանուր առմամբ Հայաստանը հետաքրքրված է Շանհայի համագործակցության կազմակերպությամբ՝ այն դիտարկելով որպես յուրատեսակ այլընտրանք ՄԱԿ-ին, և 2025-ին պաշտոնապես անդամակցության հայտ էր ներկայացրել։ Չինաստանը կողմ էր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անդամակցությանը։ Սակայն երկրներից մեկը, ըստ մամուլի տեղեկությունների՝ Հնդկաստանը վետո դրեց Ադրբեջանի հայտի վրա՝ ելնելով Պակիստանի հետ Բաքվի չափազանց սերտ ռազմական կապերից։ Ըստ երևույթին՝ ի պատասխան՝ Պակիստանը պատասխան վետո կիրառեց Հայաստանի նկատմամբ։
Կառույցում հաջորդ տարվա նախագահությունը Ղրղզստանից փոխանցվելու է Պակիստանին։ Այդ երկրի հետ ևս Հայաստանը փորձում է հարաբերություններ ձևավորել։
Բիշքեկում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ։