Միջազգային լրատվամիջոցները, մասնավորապես BBC-ն, նոր ուսումնական տարվա նախաշեմին գրում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում 12 մլն գիրք է ոչնչացրել։ Որոշ աղբյուրներ ահազանգում են, որ Ուկրաինայի հրատարակչական ոլորտը ամբողջովին սպառնալիքի տակ է։ Հակառակ նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ ռազմական գործողությունները ռուս–ուկրաինական ճակատում շարունակվում են։
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ նոր ուսումնական տարվա նախօրեին Մոսկվան հրթիռակոծել է Կիևի տպագրական գործարաններից մեկը։ Հարձակումը եղել է հենց այն ժամանակ, երբ գործարանը դպրոցական դասագրքեր է տպագրելիս եղել։ BBC-ն հաղորդում է, որ Ուկրաինայում ռուսական հարվածներից արդեն 12 մլն գիրք է ոչնչացվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դա այս տարի Ուկրաինայում տպագրված բոլոր գրքերի մեկ երրորդն է։
«Կոնվի» հրատարակչական ընկերության տնօրեն Հայդայը որոշակի միտում է տեսնում այդ ամենում․
«Ես կարծում եմ, որ սա միտումնավոր է անում Ռուսաստանը։ Վերջին երկու ամսում խոշորագույն հրատարակչություններից մի քանիսը կորցրել են իրենց լոգիստիկ պահեստները, որտեղ պահվում էին շատ մեծ քանակությամբ գրքեր։ Ռուսները նաև ոչնչացնում են տպարաններ՝ փորձելով ջնջել Ուկրաինան՝ որպես ազգ»։
Նոր ուսումնական տարվա առաջին օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Կիևի դպրոցներից մեկը․
«Մենք հույս ունենք, որ երեխաները կկարողանան օգտվել այս ենթակառուցվածքներից։ Իհարկե, հիմա վտանգ կա։ Ցավոք, ռուսները լիովին անցան սահմանը։ Նույնիսկ թշնամիների շրջանում կա այն հասկացողությունը, որ երեխաները երեխաներ են, մինչդեռ ռուսները երեխաներին դարձնում են պատերազմի մասնակիցներ»։
«Ռոյթերս»–ն էլ գրում է, որ վերջին մի քանի շաբաթում Ուկրաինայում 30-ից ավելի հրատարակչական հաստատություններ են հրթիռակոծվել։
Ռազմական գործողություններից վնասվում են նաև թանգարանները, պատկերասրահները, գրադարանները, թատրոնները և այլ մշակութային օբյեկտներ։
Մոտ 20 օր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանին դատապարտել էր միջազգային իրավունքով պաշտպանված մշակութային արժեքների ոչնչացումը։
Դեռ այս տարվա հունիսին Ռուսաստանը ռմբակոծեց Կիևո-Պեչերսկի լավրան՝ Ուկրաինայի մայրաքաղաքի կրոնական–մշակութային ժառանգության ամենամեծ հուշարձանը։
Կիևո-Պեչերսկի լավրայի տուրիզմի բաժնի ղեկավար Կատերինա Վոևոդսկա․
«Հիմնադրումից ի վեր մոսկովյան եկեղեցին հավակնություններ է դրսևորում Կիևի հոգևոր իշխանությանը։ Հետևաբար, այս պատերազմը, որը շարունակվում է մինչև այսօր, չի սկսվել տասներկու տարի առաջ։ Այն սկսվել է շատ ավելի վաղ և շատ ինտենսիվորեն։ Այն սկսվել է երեք հարյուր տարի առաջ, երբ Պետրոս Մեծը փորձեց Լավրան ենթարկել Մոսկվայի պատրիարքարանին։ Ավելին՝ այդ փորձերը սկսվել են դեռևս տասներկուերորդ դարում»։
Ուկրաինայի մշակույթի նախարար Տատյանա Բերեժնայան հայտարարեց, որ Մոսկվան փորձել է ոչնչացնել ուկրաինական մշակութային ժառանգության հազարավոր նմուշներ ու հուշարձաններ։
Ռուսական կողմն էլ դեռ երկու ամիս առաջ էր հաղորդել էր, որ ուկրաինական զինուժը Զապորոժիեի մարզում նույն օրվա ընթացքում երկու անգամ անօդաչու սարքերով հարձակվել էր ռուսական նույն դպրոցի վրա։ Նշվում էր, որ վնասվել էին դպրոցի տանիքը, պատուհանները և դպրոցական ավտոբուսը։ Իսկ մի քանի ամիս առաջ դարձյալ Զապորոժիեի մարզում թիրախավորվել էր ռուսական մեկ այլ դպրոց։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել էր, որ այդ պահին դպրոցում 30 աշակերտ և 18 ուսուցիչ են եղել, աշակերտներից վեցը վիրավորվել էին։ Լուգանսկի մարզում էլ դեռ այս տարվա մայիսին Կիևը հարվածել էր քոլեջի հանրակացարանին։ Այդ հարձակումից 21 մարդ էր սպանվել, 63 ուսանող վիրավորվել էր։
Թեև հակամարտող կողմերը հայտարարում են, որ իրենց թիրախում միայն ռազմական նշանակության օբյեկտներն են, հարձակումներից զերծ չեն մնում նաև քաղաքացիական կառույցները, մասնավորապես բնակելի թաղամասերը, մշակութային և անգամ կրթական հաստատությունները։